ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀԲԸՄ «Կորիզ» ծրագրի մասնակից երիտասարդների
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 24, 2010 16:41
Մայիսի 24-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀԲԸՄ «Կորիզ» ծրագրի մասնակից երիտասարդների` ՀԲԸՄ Եվրոպայի գրասենյակի նախագահ, Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս շրջանի (Փարիզ եւ շրջակայք) տեղական տարածաշրջանային խորհրդի անդամ Ալեքսի Գյովջյանի եւ ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանի գլխավորությամբ: Երիտասարդները ներկայացնում էին ՀԲԸՄ Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Բելգիայի, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Սիրիայի, Թուրքիայի եւ Հայաստանի մասնաճյուղերը: Ողջունելով հյուրերին` ՀՀ Ազգային ժողովի նախագահը նախ շնորհավորեց Ա. Գյովջյանին վերջերս Ֆրանսիայում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Իլ դը Ֆրանս տարածաշրջանի խորհրդի անդամ ընտրվելու առթիվ: Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ Հայկական բարեգործական ընդհանուր միության հայանպաստ առաքելությանը, որն անցյալ դարասկզբից ձեռնամուխ է եղել հայ ժողովրդի հոգեւոր եւ մշակութային զարգացմանը նպաստող ազգանվեր գործունեության: ՀՀ Ազգային ժողովի նախագահը նշեց, որ ՀԲԸՄ նախաձեռնությունները, ձեռնարկներն ու ծրագրերը Սփյուռքում եւ Հայաստանում անուրանալի ներդրում են հայապահպանության ոլորտում: Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց Հայկական բարեգործական ընդհանուր միության Եվրոպայի գրասենյակի «Կորիզ» նախաձեռնությունը: Նա տեղեկացրեց, որ Հայաստանի խորհրդարանն ունի երիտասարդ պատգամավորներ, ովքեր բավական ակտիվ մասնակցում են օրենսդիր գործունեությանը: Մտադրություն կա նախաձեռնել նաեւ երիտասարդական խորհրդարան: Ազգային ժողովում իրականացվում է «Բաց դաս» ծրագիրը, որի շրջանակում տարբեր դպրոցների բարձր դասարանցիներ ծանոթանում են խորհրդարանի աշխատանքներին, ներկա լինում նիստերին: ՀՀ Ազգային ժողովի նախագահը երիտասարդներին ներկայացրեց Ազգային ժողովի կառուցվածքը, գործունեությունը, անդրադարձավ հայ- թուրքական հարաբերությունների եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացներին: Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` Ալեքսի Գյովջյանը նշեց, որ ՀԲԸՄ Եվրոպայի գրասենյակը ձգտում է իր ներդրումը կատարել Եվրամիություն- Հայաստան հարաբերություններում: «Կորիզ» ծրագրի նպատակն է միավորել տարբեր երկրներում բնակվող հայ երիտասարդներին, ստեղծել ապագա հայ առաջնորդների համաշխարհային ամուր ցանց, կրթել եւ խորհուրդներով աջակցել նրանց, ներգրավել Հայաստանում եւ Եվրոպայում իրականացվող տարբեր ծրագրերում: Կարեւորելով նման հանդիպումները` Հովիկ Աբրահամյանն առաջարկեց, որ ծրագրի մասնակից երիտասարդները ներկա լինեն խորհրդարանի նիստերին, այցելեն տարբեր գերատեսչություններ: ՀՀ Ազգային ժողովի նախագահը պատրաստակամություն հայտնեց աջակցել նախաձեռնության հետագա ընթացքին:






Facebook
Tweet This
Email This Post
