Եվրատեսիլ 2010»-ում մայիսի 27-ին երկրորդ համարի ներքո հանդես կգա Ե. Ռիվասը
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | May 24, 2010 16:31
Օսլոյում վերջին փորձերն են անցկացնում «Եվրատեսիլ 2010» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակչի մասնակիցները: Մայիսի 25-ին «Telenor Arena»-ում կանցկացվի առաջին կիսաեզրափակիչը, որին մասնակցում են 17 երկրների ներկայացուցիչներ: Առաջինը հանդես կգա Մոլդովան, որին կհաջորդի Ռուսաստանը, Էստոնիան, Սլովակիան, Ֆինլանդիան, Լատվիան, Սերբիան, Բոսնիա եւ Հերցեգովինան, Լեհաստանը, Բելգիան, Մալթան, Ալբանիան, Հունաստանը, Պորտուգալիան, Մակեդոնիան, Բելառուսը, Իսլանդիան:
Հայաստանը ներկայացնող Եվա Ռիվասն այսօր եւ վաղը փորձերի չի մասնակցում, սակայն նրան հագեցած ժամանակացույցով օրեր են սպասվում: Նախատեսվում է հանդիպում տեղի հայ համայնքի հետ : Պատվիրակության կազմում է աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանը: Մայիսի 26-ին կսկսվեն երկրորդ կիսաեզրափակչի մասնակիցների գլխավոր փորձերը, որոնց կմասնակցի նաեւ Ե. Ռիվասը: Նա հանդես կգա նաեւ Օսլոյում հատուկ մասնակիցների համար նախատեսված բացօթյա հրապարակում:
Նախատեսվում են նաեւ հանդիպումներ լրագրողների հետ: Մայիսի 27-ին երկրորդ համարի ներքո հանդես կգա Ե. Ռիվասը: Այդ օրը մինչ կիսաեզրափակիչը կայանալը նախատեսված է նաեւ եւս մեկ գլխավոր փորձ: Նշենք, որ մայիսի 23-ի երեկոյան Օսլոյում տեղի է ունեցել «Եվրատեսիլ-2010» երգի միջազգային մրցույթի բացման արարողությունը: Ողջույնի խոսքով հանդես են եկել Օսլոյի քաղաքապետ Ֆաբիան Ստենգը եւ «Եվրատեսիլ»-ի տնօրեն Սվանթե Ստոքսելիուսը: Նախորդ տարի Նորվեգիան ներկայացրած եւ մրցույթում հաղթած Ալեքսանդր Ռիբակը կատարել է իր երգերից մի քանիսը, այդ թվում՝ նրան հաղթանակ բերած «Հեքիաթը»: Հիշեցնենք, որ եզրափակիչը կայանալու է մայիսի 29-ին:






Facebook
Tweet This
Email This Post
