Հայ-ֆրանսիական բարեկամության ջրանցք` Տավուշի մարզում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 24, 2010 16:13

Տավուշի մարզում մայիսի 22-ին բացվել է Հայ-ֆրանսիական բարեկամության ջրանցքը, որի շնորհիվ մարզի Խաշթառակ, Լուսահովիտ եւ Դիտավան համայնքների ավելի քան 600 հեկտար հող կոռոգվի: «Հայաստան» համահայկական հիմնադրամն իր Ֆրանսիայի տեղական մարմնի հետ համատեղ, շուրջ երկու տարի համագործակցելով Ֆրանսիայի Օ դը Սեն նահանգի հետ, վերջինիս կողմից ստացել է 500 հազար եվրո դրամաշնորհ, որն ուղղվել է ոչ միայն ջրանցքի վերակառուցման եւ ընդլայնման խոշոր ծրագրին, այլեւ Տավուշի մարզի վեց գյուղական համայնքների գյուղատնտեսական զարգացման տարբեր ծրագրերի իրականացմանը:

Միջոցառման պատվավոր հյուրն էր Ֆրանսիայի տնտեսական զարգացման նախարար, Օ դը Սեն նահանգային խորհրդի նախագահ Պատրիկ Դեւեջյանը: Նախքան ջրանցքի բացման արարողությունը Պատրիկ Դեւեջյանը Իջեւանում` Տավուշի մարզպետարանում, հանդիպել է մարզպետ Արմեն Ղուլարյանին: Հանդիպմանը հաջորդած ասուլիսում Պ Դեւեջյանը լրագրողներին ասել է, որ Տավուշի մարզպետի հետ քննարկել են մարզի զարգացման հիմնախնդիրները, որոնցից առաջնահերթ են համարել գյուղատնտեսությունը:

«Գյուղատնտեսական ոլորտում մեծ ներուժ ունի այս մարզը,-ասել է Օ դը Սեն նահանգային խորհրդի նախագահը:-»Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ որոշեցինք ուշադրություն դարձնել հենց այդ ոլորտին, որպեսզի այն եկամտաբեր դառնա ազգաբնակչության համար»: Պ. Դեւեջյանի խոսքով, այս փուլում պետք է կարողանալ խնդիրները հիերարխիկ ստորակարգել` պարզելու համար, թե որտեղից սկսել ֆինանսավորումը: «Ծրագրի ֆինանսավորումը տանելու ենք մինչեւ վերջ»,-ավելացրել է նախարարը:

Եզրափակիչ փուլում են գտնվում «Հայաստան» համահայկական հիմնադրամի տեղական մարմնի բանակցությունները Օ դը Սեն նահանգի իշխանությունների հետ, ինչի արդյունքում ակնկալվում է, որ նահանգը կտրամադրի եւս 500 հազար եվրո դրամաշնորհ: Այս գումարը նախատեսվում է ուղղել Այգեհովիտ-Վազաշեն ջրանցքի վերակառուցմանը եւ ընդլայնմանը, ինչպես նաեւ տնկարանի, ջերմոցների ու այլ գյուղատնտեսական սարքավորման բազաների հիմնման նախագծերին: Ասուլիսի ավարտին Տավուշի մարզպետը եւ Օ դը Սեն նահանգային խորհրդի նախագահը ստորագրել են «Համատեղ նկատառումների հուշագիր»:

Նշենք, որ 15,5 կիլոմետր ջրանցքի բացումը տեղի է ունեցել Դիտավան գյուղին պատկանող դաշտավայրում: Բացման խոսքում Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը նշել է, որ երկար տարիներ շարունակ խաթարված ջրագծի գործարկումը անչափ կարեւոր երեւույթ է գյուղացիների համար: ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը ներկայացրել է այն հանգամանքները, ինչով կարեւորվում է ջրանցքի բացումը: Ըստ փոխվարչապետի` դա առաջին հերթին գյուղացիների համար նոր եկամուտներ ստանալու հնարավորություն է ստեղծում, իսկ առանց ջրի գյուղատնտեսություն զարգացնելն անհնարին է:

«Երկրորդ կարեւոր հանգամանքն այն է, որ նմանատիպ ծրագրի միջոցով դրսեւորվում է շատ հետաքրքիր փորձ` համագործակցություն երկու մարզերի միջեւ` Օ դը Սեն նահանգի եւ Տավուշի մարզի: Ես կարծում եմ` սա ուսանելի եւ ապագայում շարունակելի փորձ է»,-ասել է Ա. Գեւորգյանը: Երրորդ խնդիրը, ըստ ՀՀ տարածքային կառավարման նախարարի, այն է, որ ջրանցք բացումը հնարավորություն է տալիս զբաղվելու սահմանամերձ բնակավայրերով, հեռավոր գյուղերով:

Եվ սա այն դեպքում, երբ կառավարությունը որպես առաջնահերթություն է հռչակել տարածքների համաչափ զարգացումը: «Մեր նպատակն է այնպես անել, որ բոլոր հայերը կարողանան իրենց հարազատ հողի վրա արժանապատվորեն ապրել, իսկ դա նշանակում է այս հողից ազնվորեն քաղել այն, ինչ ի զորու է այս հողը տալ: Այս տարածաշրջանը գյուղատնտեսական մեծ ներուժ ունի, որը կկարողանա հավուր պատշաճի ձեզ օգտակար լինել այն դեպքում, երբ մենք միով բանիվ կարողանանք օգտակար լինել այս ծրագրին:

Հայաստանը կարիք ունի ինքնաբավ լինելու սննդատեսակների, գյուղմթերքների առումով: Շրջափակման պայմաններում դա կարեւոր, անհրաժեշտ գործոն է»,-նշել է Պ. Դեւեջյանը: Նրա խոսքով, աշխատանքը հայերին երբեք չի վախեցրել: Նախարարը հայ ժողովրդին մաղթել է «հաջողություն եւ քաջություն»: Օ դը Սեն նահանգային խորհրդի անդամ Պատրիկ Ալեքսանյանի խոսքով` Պ.Դեւեջյանի հետ միասին Հայաստանից Ֆրանսիա կտանեն լավագույն հուշեր: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը հույս է հայտնել, որ ֆրանսահայ բարեկամները հաջորդ այցի ժամանակ իրենց հետ Ֆրանսիա կտանեն բերք, պտուղ «եւ այս ջրից ստեղծված, արարված արտադրանքը»:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը հիշեցրել է, որ 2009 թվականին Դիտավանում երկու ծրագիր է մեկնարկել` գազիֆիկացման եւ գյուղապետարանի վերանորոգման: Մի քանի ամիս անց կմեկնարկի խմելու ջրի ծրագիր: Նա, ընդգծել է, որ Դիտավանի սոցիալական ոլորտի խնդիրները լուծում են ստանում, եւ բնակիչներին մնում է օգտվել բարիքներից, զարգացնել բիզնեսը, եկամտի աղբյուրները: «Դուք ի վիճակի եք դա անելու: Հույս ունեմ, որ մոտ ապագայում Հայաստանի շուկան հեղեղված կլինի ձեր գյուղից եկող ապրանքներով: Մենք միայն ուրախ կլինենք շուկայում տեսնել մի արտադրանք, որի վրա գրված կլինի` «Արտադրված է Դիտավանում»«,-ասել է Ա. Վարդանյանը:

Դիտավանի ղեկավար Սեյրան Սարգսյանի խոսքով` մինչ ջրագծի գործարկման ծրագրի իրականացումը համայնքի գյուղատնտեսները «առանց ջրի, անձրեւի հույսին` պայքարել են, մշակել այս հողը»: Գյուղապետը հավատացրել է, որ արդեն մտածելու են ոչ թե զուտ մշակելու, այլեւ բիզնես ծրագրեր իրականացնելու մասին:

Դիտվել է 1674 անգամ:
Print Friendly

Leave a Reply