Arartplatform կայք. հանճարի ու սպառող ամբոխի միջև

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | May 25, 2010 9:30

Արվեստի գործերի գովազդ և վաճառք կամ այլ կերպ ասած` փրոմոուշըն (promotion): Հենց այս գործով է զբաղվում հայկական նմանատիպ կայքերի առաջնեկ ArartPlatform -ը:

Ի տարբերություն այլ կայքերի` սրա   գործունեությունը նախատեսված է արտասահմանյան դիտողի` սպառողի համար: Նրան գրավելու համար պետք է աշխատել «արվեստ» ու «արվեստագետ» հասկացությունների հենց նրան ծանոթ և ընդունելի տարբերակով: Փաստորեն մեր միջավայրում ծնված-մեծացած մասնագետներն իրենց ծանոթ աշխարհից Ալիսայի պես պիտի ընկնեն «հրաշքների աշխարհ», որտեղ արվեստն ընկալվում է որպես մասնագիտական գործունեության ոլորտ, ոչ թե զուտ հոգևոր, հետևաբար առևտուրն էլ նվաստացուցիչ չի ընկալվում:

«Մենք գովազդում ենք միայն հանճարեղ հայ արվեստագետներին» հայտարարությունը, որը տեղ է գտել նախագծի պաշտոնական կայքում, հնարավորություն է տալիս մտածելու, որ  արվեստագետի` որպես հանճարի մասին մեր «հնացած» պատկերացումներով, մի կողմից, ArartPlatform-ը  ներկայանում է որպես հանճարապաշտական հայաստանյան մշակույթի ժառանգ, մյուս կողմից` խանգարում գործնական աճին, որը հնարավոր կլինի միայն նման պատկերացումների սարդոստայնից դուրս գալու դեպքում: Կայքի հաջորդ բաժնում  տեղ գտած հայտարարությունը ցույց է տալիս նախագծի հեղինակների պայքարը վերոնշյալ խոչընդոտող հանգամանքների դեմ. «Մենք վաճառում ենք hայաստանյան  արվեստ»:  Այս երկու գաղափարների (հանճար և վաճառք) համատեղումը նույնքան հետաքրքիր ու անսպասելի է, որքան հետաքրքիր կլիներ Եղիշե Թադևոսյանի «Հանճարն ու ամբոխը» գործի հանճարի ձեռքում որևէ ապրանք դնել, օրինակ` գլխացավի դեղ կամ հակադեպրեսանտ, կամ գործի վրա սլոգան ավելացնելով` այն դարձնել ծանոթությունների  թեժ գծի գովազդ`  «Ընկճվա՞ծ ես, միայնա±կ ես քեզ զգում, զանգահարիր 8888888 և կգտնես Նրան»:

Մեր միջավայրում դա կդիտվեր որպես հանճարի նվաստացում, հոգևորի ու նյութականի կոպիտ միախառնում: Բայց մի՞թե  այդ միաձուլումն այնքան կոպիտ է, ինչքան թվում է առաջին հայացքից:  Հոգևոր արժեքներ ստեղծող, հասարակության կողմից մերժված խենթ  արվեստագետի կերպարն արդեն վաղուց բավական մեծ հաջողությամբ օգտագործում են արտասահմանում: Հայտնի օրինակներ շատ կան, օրինակ` նկարիչների մասին պատմող գրեթե բոլոր գրքերը, որոնք ստեղծում են տառապյալ արվեստագետի միֆական կերպար, որից հետագայում օգտվում են ֆիլմարտադրողները և հենց իրենք` արվեստագետները: Արվեստագետներին դա պետք է առաջին հերթին իրենց կոչմանը համապատասխանելու համար. շատերին է գրավում խենթ նկարչի արվեստանոց գնալու, նրա կտավները ձեռք բերելու և ցուցադրելու միտքը:

Նման կարծրատիպերից  շատ լավ էր օգտվում ամերիկացի արվեստագետ Իվ Քլայնը, որ խենթ նկարչի կերպարի մեջ նետվում է պատուհանից (հետագայում պարզվում է, որ դա լուսանկարչական մոնտաժի արդյունք է),  մի այլ դեպքում իր կողմից  «հոգևոր» անվանվող կապույտ գույնի ներկերը հանում է վաճառքի: Այդ անելով` նա ցույց է տալիս, որ այդ երկու գաղափարները կարող են հիանալի զուգորդվել և առևտրային հաջողության գրավական դառնալ, ինչի պատճառը միգուցե մեր մեջ նստած հոգևոր արժեքները գնելու ծախելու սրբապիղծ ձգտումներն են: Կամ միգուցե արվեստի նյութական լինելն են փաստում:

Դիտվել է 1725 անգամ:
Print Friendly

Leave a Reply