Էդվարդ Նալբանդյանի գնահատականը ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 24, 2010 14:11
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, պատասպանելով հարցին, թե ինչպես է գնահատում ԼՂՀ-ում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները, ասել է, որ  համաժողովրդական ազատ, արդար ընտրությունների արդյունքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ձևավորվել են կայուն քաղաքական ինստիտուտներ, օրինական իշխանություններ` պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններ:
«Բոլոր նախորդ ընտրությունների նման մայիսի 23-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացված խորհրդարանական ընտրություններն արժանացել են տարբեր երկրներից ժամանած անկախ դիտորդների դրական գնահատականներին` իրենց կազմակերպվածությամբ, իրական մրցակցությամբ, գործող օրենսդրությանը եւ միջազգային չափանիշներին համապատասխանությամբ: Ընտրությունները վկայում են Արցախում ժողովրդավարության, օրենքի գերակայության ամրապնդման հանդեպ իշխանությունների և ժողովրդի հանձնառության մասին:
ԼՂՀ ժողովրդի սեփական ճակատագիրը որոշելու անքակտելի իրավունքի ճանաչումը կենտրոնական տեղ է զբաղեցնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված հիմնախնդրի կարգավորման առաջարկություններում, որոնց հիման վրա ընթանում են բանակցությունները:
Միջազգային հանրությունն առավել քան պետք է շահագրգռված լինի ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում գործ ունենալու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների հետ, առավելեւս, որ դա նախատեսված է ԵԱՀԿ Մինսկի համաժողովի անցկացման մասին մանդատով:
Սույն ընտրություններով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներն հերթական անգամ ապացուցեցին ազատ և անկախ ապրելու իրենց կամարտահայտման վճռականությունը»-ասել է Նալբանդյանը:

Դիտվել է 989 անգամ:
Print Friendly

Leave a Reply