ՀՀ նախագահի մասնակցությամբ բացվեց Երեւանի Ազատության հրապարակի ստորգետնյա եռահարկ ավտոկայանատեղին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 24, 2010 13:35

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ այսօր բացվեց Երեւանի Ազատության հրապարակի ստորգետնյա եռահարկ նորակառույց ավտոկայանատեղի: Դրա նպատակն է ազատել քաղաքի փոքր կենտրոնը տրանսպորտային միջոցների կայանումից: Իտալական «Ռենկո» ՍՊԸ-ի կողմից իրականացված աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից շուտ. ավտոկայանատեղին պետք է շահագործման հանձնվեր հոկտեմբերին:

Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի ուղեկցությամբ ՀՀ նախագահը շրջեց ավտոկանգառում, ծանոթացավ դրա պայմաններին եւ կատարված աշխատանքներին: ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը նշեց, որ Երեւանում այսպիսի չափանիշներով կայանատեղիներ կառուցել ցանկացողները կարող են դիմել քաղաքապետարան եւ համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում իրականացնել նման նախագիծ: «Ավտոկանգառի շահագործմամբ Ազատության հրապարակին հարակից փողոցներում այլեւս ավտոմեքենա կայանված չի լինի, եւ երթեւեկությունը կլինի շատ հարմարավետ: Կարծում եմ` շատ լավ գործ է կատարվել»,- լրագրողների հետ կարճատեւ զրույցում նշեց ՀՀ նախագահը: Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի խոսքով, ավտոկանգառը համապատասխանում է ամենաբարձր չափանիշներին, որի համար ներդրվել է 4 մլրդ դրամ:

Գ. Բեգլարյանը հիշեցրեց, որ կայանատեղիի կառուցման նպատակով Ազատության հրապարակի ժամանակավոր փակումը բոլորը կապում էին այլ` քաղաքական խնդիրների հետ: «Յուրաքանչյուր լավ կառույցի համար միշտ լինում են նաեւ քաղաքական շահարկումներ. եթե մենք լսեինք քաղաքական կոչերին, ապա այս կայանատեղին այստեղ չէինք ունենա: Բոլորս հասկացանք, որ նման հայտարարությունները ոչինչ չարժեն, քանի որ Երեւանն այսօր ունի նման գեղեցիկ եւ ժողովրդի համար անհրաժեշտ կառույց: Հավաստիացնում եմ, որ այն սեյսմակայունության որեւէ խնդիր չունի»,- ասաց Գ. Բեգլարյանը:

Ըստ նրա` նմանատիպ կայանատեղիներ պետք է կառուցվեն նաեւ Ազնավուրի եւ Սախարովի հրապարակներում: Ավտոկանգառում կայանման գները դեռեւս հաստատված չեն, սակայն մեկ ժամվա դեպքում այն կտատանվի 100-500 դրամի սահմաններում: Նշենք, որ 500 ավտոմեքենայի համար նախատեսված եռահարկ կայանտեղիի յուրաքանչյուր հարկի բարձրությունը 3,06 մետր է, մուտք գործող մեքենայի 2,15 մետր բարձրության սահմանափակումով: Շինարարության մեջ օգտագործվել են ժամանակակից տեխնոլոգիաներ, նյութեր եւ սարքավորումներ: Մասնավորապես, «Ռենկո Ամրէստեյտ» ՍՊԸ-ն օգտագործել է երկաթբետոնե փրփրված միջուկով պանելներ:

Այդ միջուկները զգալի չափով իջեցնում են շինության քաշը եւ երաշխավորում առավել սեյսմակայունություն ու ամրություն: Ավտոկանգառի մուտքը եւ ելքը Թումանյան փողոցից է: Ամեն հարկն ունի երկու հատված, որոնք իրարից անջատվում են տարհանման դռներով, դարպասներով եւ պատնեշներ ունեցող մեկուսացված թեքամուտքերով: Յուրաքանչյուր հարկում նախատեսվել են երկու տարակենտրոնացված տարհանման ելքեր, որոնցից մեկը տանում է դեպի աստիճանավանդակ, մյուսը` մեկուսացված թեքամուտք:

Մոնտաժվել է հակահրդեհային ավտոմատացված համակարգ, ինչպես նաեւ հակահրդեհային ծորաններ, ներկառուցվել է 160 խորանադ մետր տարողությամբ ջրավազան, տեղադրվել են կրակմարիչներ, նաեւ 100 ԿՎՏ հզորությամբ դիզելային ագրեգատ էլեկտրաէներգիայի անխափան մատակարարաման նպատակով: Ազատության հրապարակն ամբողությամբ վերականգնվել է եւ բարեկարգվել, տեղադրվել են լրացուցիչ նստարաններ, կառուցվել է արտաքին լուսավորության նոր ցանց: Կրկին հրապարակում իրենց տեղն են գտել Հովհաննես Թումանյանի եւ Ալեքսանդր Սպենդիարյանի արձանները` վերակառուցված պատվանդաններով:

Դիտվել է 1621 անգամ:
Print Friendly

Leave a Reply