Ձեռք է բերվել ձկնորսական նավ՝ հիդրոլոգիական հատուկ նշանակության նավի փոխարեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 24, 2010 12:35

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ «Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենի եւ ՀՀ բնապահպանության նախարարության վարչատնտեսական բաժնի պետի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ:

Վերահսկիչ պալատից ստացված նյութերի ստուգմամբ պարզվել է, որ «Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենը «Սևանա լճում և նրա ավազանում կատարվող հիդրոօդերևութաբանական մոնիտորինգ» ծրագրի շրջանակներում հիդրոլոգիական հատուկ նշանակության նավ ձեռք բերելու համար, հիմք ընդունելով ՌԴ «Բրիգանտինա» ՍՊ ընկերության տնօրենի 2005թ. հուլիսի 22-ի նամակի պատճենն այն մասին, որ «ՌՄ-376» տեսակի նորակառույց նավն արժե 9-10,0 մլն ՌԴ ռուբլի, նշված գինն ընդգրկել է ՀՀ բնապահպանության նախարարության 2006թ. բյուջետային հայտում: Նավի մատակարարման համար ՀՀ պետական բյուջեով 2006 թվականին  նախատեսվել եւ հետագայում «Կամար» ՓԲ ընկերությանը վճարվել է 153,0 մլն դրամ (ներառյալ փոխադրման համար նախատեսված 18,0 մլն. դրամը): Պարզվել է, որ «Կամար» ՓԲԸ-ն ձեռք է բերել ոչ թե 9-10 մլն ռուբլի, այլ՝ 46 մլն 923 հազար 200 դրամին համարժեք  3,2 մլն ՌԴ ռուբլի արժողության «ԲՊՄ-74 Մ-ԺԴ» տեսակի ձկնորսական նավ՝ ՌԴ «Ախտարսկայա Սուդովերֆ» ՓԲ ընկերությունից:

ՀՀ բնապահպանության նախարարության վարչատնտեսական բաժնի պետը, նույն նախարարության աշխատակազմի ղեկավարի հրամանով օժտված լինելով պատվիրատուի ղեկավարի լիազորություններով, չնայած  որ «Կամար» ՓԲԸ-ի ձեռք բերած «ԲՊՄ-74 Մ-ԺԴ» տեսակի ձկնորսական նավը չի համապատասխանել տեխնիկական բնութագրին, այսինքն` ցածր է եղել հայտում ու գնման պայմանագրում նշված տեխնիկական չափորոշիչներից, չի կատարել ծառայողական պարտականությունները եւ ՊՈԱԿ-ի տնօրենի ցուցումով,  առանց առարկայական և փաստաթղթային ուսումնասիրության, հաստատել է վերջինիս ներկայացրած 2007թ. մարտի 16-ի թիվ 06/88-1-Ե եզրակացությունը, թե  153,0 մլն դրամ արժեքով «Կամար» ՓԲ ընկերության մատակարարած նավը համապատասխանում է պայմանագրի տեխնիկական բնութագրի պահանջներին: Արդյունքում՝  թիվ 1 հանձնման-ընդունման արձանագրությամբ նավն ընդունվել է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից, որպիսի գործողությունների հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական գույքային վնաս:

Նկատի ունենալով, որ ստւգման նյութերով «Կամար» ՓԲԸ ընկերության տնօրենի, գլխավոր հաշվապահի եւ «Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենի, բնապահպանության նախարարության վարչատնտեսական բաժնի պետի գործողություններում կան ՀՀ քրեական օրենսգրքով  նախատեսված հանցագործությունների հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի  178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն՝ նախաքննություն կատարելու:

Դիտվել է 947 անգամ:
Print Friendly

Leave a Reply