2013 թվականից ՀՀ ամբողջ տարածքում կիրականացվի միայն թվային հեռարձակում

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | May 25, 2010 10:00

ԱԺ-ի  վերջին քառօրյայում ակտիվ քննարկման արժանացավ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության հեղինակած օրինագիծը: Ըստ այդմ, 2000 թ. հոկտեմբերի 9-ից գործող օրենքն ամբողջությամբ շարադրվում է նոր խմբագրությամբ, ընդ որում` փոփոխությունները բխում են ՀՀ տարածքում ռադիոհեռուստատեսային հեռարձակման թվային համակարգի անցման հայեցակարգից:

Օրինագծով նախատեսվում է, որ 2010 թ. հուլիսի 20-ին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը կհայտարարի 18 հեռուստահեռարձակողների լիցենզավորման մրցույթ և լիցենզավորում կիրականացնի: Նշենք, որ ներկայումս գործում է 22 հեռուստաընկերություն: Հաղթող ճանաչված հեռուստահեռարձակողներին արտոնագիրը կտրամադրվի 10 տարի ժամկետով` սկսած 2011 թ. հունվարի 20-ից: 2010 թ. հուլիսի 20-ից մինչև  2013 թ. հուլիսի 20-ը համարվելու է անալոգային հեռարձակումից թվային հեռարձակման անցման ժամանակաշրջան:

Այն ռադիոընկերությունները, որոնց լիցենզիայի գործողության ժամկետը լրանում է մինչև  2011 թ. հունվարի 20-ը, կարող են լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման հայտ ներկայացնել Ազգային հանձնաժողով: Լիցենզիայի գործողության ժամկետը կերկարաձգվի հայցվող ժամկետով, բայց ոչ ավելի, քան մինչև  2013 թ. հուլիսի 20-ը: Այդ օրվանից ՀՀ ամբողջ տարածքում կդադարեցվի անալոգային հեռուստառադիոհեռարձակումը, և կիրականացվի միայն թվային հեռարձակում:

Նախագծով սահմանվում է, որ թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռարձակումն իրականացնելու  են հանրապետական և մայրաքաղաքային սփռման թեմատիկ ուղղվածությամբ 9-ական հեռուստաընկերություններ: Առաջին դեպքում հեռարձակումն իրականացնելու են Հանրային հեռուստառադիոընկերության 2 հեռուստածրագրերը (հեռուստաալիքներ), որոնցից 1-ը` ընդհանուր ուղղվածության, 1-ը` հոգևոր-մշակութային, 5 մասնավոր հեռուստաընկերություններ` ընդհանուր ուղղվածության, 1 մասնավոր հեռուստաընկերություն` ընդհանուր ուղղվածության և տվյալ տարածքի (ՀՀ տվյալ մարզի կամ Երևան քաղաքի) բնակչության հետաքրքրությունները բավարարող, 1 վերահեռարձակող հեռուստաընկերություն:

Մայրաքաղաքում լինելու են 4 վերահեռարձակող  հեռուստաընկերություն  և 5 մասնավոր հեռուստաընկերություն, որոնցից 1-ը` ժամանցային, 1-ը` երիտասարդական, 1-ը` երաժշտական, 1-ը` մանկապատանեկան, գիտակրթական, դաստիարակչական, ճանաչողական, 1-ը` միջազգային և տեղական լրատվական-վերլուծական ուղղվածության:

Այս նախագիծը հակասական կարծիքների տեղիք է տվել ոչ միայն պատգամավորների, այլև  լրագրողական տարբեր կազմակերպությունների, հեռարձակողների շրջանում: Կառավարությունն այն համարել է անհետաձգելի, ուստի ԱԺ-ն այն քննարկեց առանց գլխադասային հանձնաժողովի քննարկման և եզրակացության: Ավելին` կառավարությունն առաջարկեց խորհրդարանին այն քննարկել և ընդունել  երկու ընթերցումով ու հրատապ կարգով: Սա հիմք տվեց «ՀՅԴ» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանին արձանագրելու, որ կառավարությունը դիմել է խորամանկության, քանի որ ներկայացված նախագիծն  ըստ էության «մայր» օրենք է, ոչ թե փոփոխություններ, և պետք է քննարկվի երեք ընթերցման ընթացակարգով: Նա և ելույթ ունեցած մյուս պատգամավորները հանդես եկան բազմաթիվ առաջարկություններով ու դիտողություններով:

«Բարգավաճ Հայաստան»  խմբակցության անդամ, ԱԺ-ի Եվրոինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն էլ նկատեց, որ գործող օրենքն արժանացել է ԵԽԽՎ-ի փորձագետների դրական եզրակացությանը, սակայն ներկայացվող օրինագծում բացակայում են գործող օրենքի բազմակարծությունն ապահովող մի շարք դրույթներ։

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի գնահատմամբ, օրինագիծը «չափազանց կանխատեսելի տալիս է, թե որն է լինելու Հայաստանի լրատվամիջոցների տխուր ապագան», ուստի պատգամավորը պահանջեց «հետ վերցնել նախագիծը և նետել աղբարկղը»։ Ըստ նույն խմբակցության անդամ

Արմեն Մարտիրոսյանի` իրենից «գեղեցիկ խոսքերի շարան» ներկայացնող նախագիծն ընդամենը նպատակ ունի մինչև 2013 թ. նախագահական ընտրությունները վերահսկելի դարձնել հեռուստատեսությունները։

Օրինագծի կապակցությամբ դիտողություններ ուներ նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա, մասնավորապես, նշեց, որ հեռուստառադիոհեռարձակման բնագավառում թվայնացման գործընթացի ներդրման քաղաքականության արդյունքում ենթադրվում էր ունենալ իրավական ակտերի փաթեթ և օրենսդրական այնպիսի փոփոխություններ, որոնցով հստակորեն կսահմանվեին անալոգայինից թվային հեռարձակում անցման հարաբերությունները։ Մինչդեռ ներկայացված օրինագիծը չի լուծել թվայնացմանն անցնելու հետ կապված էական խնդիրները։ Նա ընդգծեց նաև, որ նախագծում չի սահմանափակվում վերահեռարձակման և օտարերկրյա հեռուստառադիոընկերությունների ստեղծման հնարավորությունը, ինչը նախատեսված է գործող օրենքով։ ԱԺ նախագահն առաջարկեց առաջին ընթերցմամբ նախագիծն ընդունելուց հետո անցկացնել խորհրդարանական լսումներ` շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ:

Գայանե Մելիքյան

Դիտվել է 1157 անգամ:
Print Friendly

Leave a Reply