Քսան տարի անց

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | May 24, 2010 12:01

Քսան տարի առաջ` մայիսի 20-ին, համաժողովրդական զարթոնքի ալիքի վրա, տեղի ունեցան Գերագույն խորհրդի ընտրություններ: Հայաստանի անկախացման նախօրեին երկու փուլով, 260 (այդ թվում  Արցախի 12) ընտրատարածքներից մեծամասնական ընտրակարգով կազմավորված խորհրդարանը սկսեց գործել հուլիսի 20-ից` առաջին երեք տարիներին նիստեր գումարելով կառավարության նիստերի մեծ դահլիճում, հետագայում` Հայաստանի կոմկուսի Կենտկոմի շենքում:

Հետաքրքիր զուգադիպությամբ` ներկայիս գումարման ԱԺ-ն իր նիստերի դահլիճի վերակառուցման պատճառով, Հայաստանի խորհրդարանի պատմության մեջ 17 տարվա ընդմիջումից հետո, մայիսի 17-ից 20-ը գարնանային նստաշրջանի նախավերջին հերթական նիստերը գումարեց կառավարության նիստերի մեծ դահլիճում:

Անկախ պետության կայացման գործընթացում անուրանալի է առաջին խորհրդարանի դերն ու նշանակությունը: Այն  ակնհայտորեն առանձնանում է հաջորդներից  իր ռոմանտիզմով, Հայրենիքին և ժողովրդին ծառայելու մեծ ցանկությամբ, նաև իր հանդեպ համազգային ուշադրությամբ ու վստահությամբ: Դժվարին օրեր էին վիճակված ընտրյալներին. խորհրդարանական գործունեությանը զուգահեռ նրանցից շատերը մասնակցեցին նաև ազգային-ազատագրական պայքարին, չխուսափեցին դժվարություններից:  Ցավոք, եղան նաև զոհեր: ԳԽ-ի անդամներից շատ-շատերը հետագայում մեծ դեր ունեցան և այժմ էլ ունեն երկրի քաղաքական ու հասարարական կյանքում:

ԳԽ-ն, որի անդամների կեսը կոմունիստական կուսակցությունից էին, առաջին իսկ նստաշրջանում` օգոստոսի 23-ին, ընդունեց Հայաստանի անկախության մասին հռչակագիրը, որով անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը դրվեց: Գերագույն խորհուրդը օգոստոսի 24-ին,  հռչակագրի հիման վրա, որոշեց Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանել Հայաստանի Հանրապետություն, իսկ ՀԽՍՀ տասներկուերորդ գումարման Գերագույն խորհուրդը համարել ՀՀ առաջին գումարման Գերագույն խորհուրդ:

1991 թ. մարտի 1-ին ԳԽ-ն ընդունեց «1991թ. սեպտեմբերի 21-ին ՀՀ տարածքում ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին», իսկ հունիսի 25-ին` ՀՀ նախագահի ընտրությունները 1991թ. հոկտեմբերի 16-ին նշանակելու մասին որոշումները: 1991 թ. սեպտեմբերի 23-ին ՀՀ Գերագույն խորհուրդը, հիմք ընդունելով  ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին հանրաքվեի արդյունքները, Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն:

Առաջին խորհրդարանն իր աշխատանքներն ավարտեց 1995 թ. մայիսի 15-ին` հինգ տարում  ընդունելով 1169 որոշում ու 185 օրենք և վավերացնելով 148 միջազգային պայմանագիր: Ընդունված օրենքների շարքում էր նաև «Լեզվի մասին» օրենքը, որով, մասնավորապես, սահմանված է. «Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, որը սպասարկում է հանրապետության կյանքի բոլոր ոլորտները: Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզուն գրական հայերենն է»: Ամրագրված է նաև, որ ՀՀ տարածքում գտնվող կրթական և ուսումնական համակարգերում դասավանդման և դաստիարակության լեզուն գրական հայերենն է:

Այն ժամանակ շատ դժվար կլիներ պատկերացնել, որ շուրջ  20 տարի հետո Գարեգին Նժդեհի հետնորդներ և գաղափարակիրներ համարվողները կնախաձեռնեն «Լեզվի մասին» օրենքի փոփոխություններ` փորձելով հիմնավորել Հայաստանում օտարալեզու դպրոցների անհրաժեշտությունը: Եվ առավել ուշագրավ է, որ իրենց ազգայնականներ համարողների այս քայլի դեմ, ի թիվս այլոց, ընդվզում են խորհրդային տարիներին ռուսական կրթություն ստացածներից շատերը:

Ավելի քան համոզված ենք, որ այս հարցին, ցավոք, առաջիկայում առիթներ կունենանք անդրադառնալու,   քանի որ կառավարության այս օրենսդրական նախաձեռնությունը թեև Ազգային ժողովի նստաշրջանի օրակարգում է, գլխադասային հանձնաժողովում առայժմ չի քննարկվել և քառօրյա նիստերի օրակարգ չի մտել:

«Այն տարիներին, հատկապես ձմռանը, երբ ցուրտ էր դահլիճում և համարյա չկային պայմաններ, մարդկանց մեջ կար ջերմություն, խանդավառություն, բայց այժմ միջանցքում և դահլիճում զգացի, որ որոշ պատգամավորներ պայմանների վատ լինելու հետ կապված բողոքներ ունեն: Կարծում եմ, գուցե դա ժամանակների տարբերությունն է, բայց նաև այն էնտուզիազմը, որ այն ժամանակ կար, այն ցանկությունը, հաղթանակները, հռչակագրերը, ամեն ինչը, որ  արվում էր այն ժամանակ, այլ էր»,- ասաց ԳԽ-ի նախկին պատգամավոր, ներկայումս` ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչ Գառնիկ Իսաղուլյանը: Նա նաև ցավով նշեց, որ ԳԽ-ի պատգամավորները, հատկապես այն լավագույնները, ովքեր այդ օրերին  մեծ ներդրում ունեին, այսօր չկան քաղաքականության մեջ, իսկ «շատ-շատերն այսօր օրվա հացի կարոտ են»: Նա հույս հայտնեց, որ շուտով, երբ կնշվի առաջին խորհրդարանի  20-ամյակը, նույն այս դահլիճում նախկին պատգամավորներին տեսնելու հնարավորություն կընձեռվի, և «այդ օրը հուշերն ավելի էական կհնչեն»: «Ցավոք, մեզ հետ չեն լինի այս ընթացքում կյանքից հեռացած շուրջ 40 պատգամավոր»,-ասաց նա:

Գայանե ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է 1974 անգամ:
Print Friendly

Leave a Reply