Երևանում էր ԵԽԽՎ-ի ազգությամբ թուրք նախագահը

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | May 13, 2010 11:52

Մայիսի 12-13-ին Երևանում էր Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Մևլութ Չավուշօղլուն: Այս այցի նկատմամբ հետաքրքրությունը պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ եվրոպական այս հեղինակավոր կառույցի նախագահը Թուրքիայի «Արդարություն և բարգավաճում» կուսակցության ակտիվ անդամներից է, մի կուսակցության, որը հայտնի է իր ադրբեջանամետ դիրքորոշումներով ու հայտարարություններով, նաև հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացում փորձում է նախապայմաններ առաջ քաշել: Եվ, բնականաբար, ի սկզբանե ակնհայտ էր, որ եվրոպացի այս պաշտոնյան պետք է խուսանավեր 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր արարողակարգային այցելությունից, ինչի պատճառով Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը բոյկոտեց նրա հետ նախատեսված հանդիպումը:

«Մեր խմբակցությունը տեղեկացված է, որ ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուն ցանկություն է հայտնել հանդիպել ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչների հետ: Սակայն տեղեկացանք նաև, որ պրն Չավուշօղլուն հրաժարվել է 1915 թ. Հայոց ցեղասպանության հուշարձան արարողակարգային այցելությունից, ինչը, մեր կարծիքով, հարիր չէ հեղինակավոր միջազգային կազմակերպության ղեկավարին: Նախկինում ԵԽԽՎ ղեկավարության ներկայացուցիչները երբեք իրենց թույլ չեն տվել նման անհարգալից վերաբերմունք` անկախ այն հանգամանքից` նրանց երկրները ճանաչե՞լ են Հայոց ցեղասպանության փաստը, թե՞ ոչ: Փաստորեն, տվյալ դեպքում պրն Չավուշօղլուն չի թաքցնում, որ Հայաստան է այցելում ոչ այնքան որպես ԵԽԽՎ ղեկավար, որքան թուրք քաղաքական գործիչ: Այս պայմաններում մեր խմբակցությունը նպատակահարմար չի գտնում հանդիպել նրա հետ»,- ասված էր խմբակցության` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին ուղղված նամակում:

Երկօրյա այցի ընթացքում ԵԽԽՎ-ի նախագահը հանդիպեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների, ինչպես նաև արտախորհրդարանական ընդդիմության հետ: Հանդիպումներ եղան նաև Վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ-ի` 2008 թ. մարտյան դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունում ընդգրկված առաջարկությունների կատարման ընթացքի մոնիթորինգի  պատասխանատու,  ԱԺ-ի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի, Հայաստանում հավատարմագրված օտարերյա դիվանագետների հետ:

ԵԽԽՎ-ի նախագահն այցի արդյունքներն ամփոփեց մայիսի 13-ի երեկոյան հրավիրված մամուլի ասուլիսում:

Այցի առաջին օրը Մ.Չավուշօղլուին ընդունեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` հույս հայտնելով, որ ԵԽԽՎ նախագահի գլխավորած պատվիրակության այցը կօգնի տեղում ծանոթանալու և ավելի օբյեկտիվ կարծիք կազմելու Հայաստանում և տարածաշրջանում առկա մարտահրավերների մասին: «Այս այցելությունը հնարավորություն կընձեռի նաև քննարկելու մեր օրակարգային հարցերը, և համոզված եմ, որ այն կնպաստի Հայաստանի Հանրապետության և Եվրոխորհրդի միջև համագործակցության խորացմանը, մասնավորապես` Եվրոխորհրդի Խորհրդարանական վեհաժողովի և ՀՀ Ազգային Ժողովի միջև: Մենք ցանկանում ենք և պատրաստ ենք սերտացնել հարաբերությունները և համագործակցությունը»,- ասել է Ս.Սարգսյանը:

Մ.Չավուշօղլուն էլ նշել է, որ իր` որպես ԵԽԽՎ նորընտիր նախագահի գործունեության գերակայություններից է համարում վեհաժողովի և անդամ պետությունների միջև հարաբերությունների խորացումը, անդամ պետությունների հանդեպ կրկնակի չափանիշների կիրառման բացառումը` ապահովելու օբյեկտիվ և հավասարակշիռ վերաբերմունք բոլորի նկատմամբ: Նա ասել է նաև, որ ԵԽԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության հետ սերտ համագործակցություն է ծավալվել: Չավուշօղլուն բարձր է գնահատել Հայաստանի արձանագրած առաջընթացը ժողովրդավարական բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացներում:

ՀԱԿ-ի հետ հանդիպման ընթացքում, որին, ի դեպ, Լ. Տեր-Պետրոսյանը ներկա չի եղել, արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները, իրենց իսկ մատուցմամբ, որևէ նոր պահանջ չեն ներկայացրել ԵԽԽՎ նախագահին: Նրանք քննադատել են ԵԽ-ին և մասնավորապես ԵԽԽՎ-ի մոնիթորինգի հանձնաժողովին, ԵԽ-ի Մարդու իրավունքների հանձնակատարին, Հայաստանի հարցով համազեկուցողներին, ՀՀ-ում ԵԽ գրասենյակին, նաև հայաստանյան ընտրությունները դիտարկելու նպատակով ԵԽ-ի կողմից գործուղվող առաքելություններին: Միաժամանակ կոնգրեսի ներկայացուցիչները Չավուշօղլուին հայտնել են, որ դեմ են ԵԽԽՎ-ում ԼՂ-ի հիմնախնդրի քննարկումներին, և համոզմունք են հայտնել,  որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահությամբ անցկացվող բանակցությունների ձևաչափն ամենաարդյունավետն է, իսկ այլընտրանքային բանակցությունների անցկացումը կառուցողական լինել չի կարող և  կողմերին շեղելու է բանակցային գործընթացից:

ԼՂ-ի հարցում արտախորհրդարանական ընդդիմության հետ համամիտ էին նաև խորհրդարանական ընդդիմությունը և քաղաքական կոալիցիան ներկայացնող ուժերը:

Մասնավորապես, ԵԽԽՎ-ում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ, ԱԺ-ի եվրոինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը Չավուշօղլուի հետ հանդիպման նախօրեին ասել է. «Մենք հասկանում ենք, որ Չավուշօղլուի այցի բուն ենթատեքստը հայկական կողմից որևէ դրական մեսիջ կորզելն է, որպեսզի հնարավորություն, քարտ-բլանշ ունենա` վերակենդանացնելու վեհաժողովի ֆորմատում Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ հանձնաժողովի աշխատանքը: ԲՀԿ-ն դեմ է այդ ենթահանձնաժողովի աշխատանքների վերականգնմանը, նաև ԼՂ-ի խնդիրը ՄԽ-ի ձևաչափից որևէ այլ ձևաչափ տեղափոխելու ցանկացած փորձին: Մենք հասկանում ենք Թուրքիայի «Արդարություն և բարգավաճում» կուսակցության  ակտիվիստ Չավուշօղլուի նկրտումները` վերակենդանացնելու ենթահանձնաժողովի աշխատանքը, քանի որ Թուրքիան չկարողացավ հայ-թուրքական արձանագրությունների կոնտեքստում սողոսկել  ԼՂ-ի հակամարտությունը կարգավորող սուբյեկտների ցանկ, հիմա փորձում է այս կերպ մտնել այդ ցանկ, սակայն մեզ համար դա չի կարող ընդունելի լինել, որովհետև նույն «Արդարություն և բարգավաճում» կուսակցությունն այս տարիների ընթացքում հստակ ներկայացրել է իր դիրքորոշումը ԼՂ-ի հակամարտության վերաբերյալ` պաշտպանելով բացառապես և միայն ադրբեջանական կողմի տեսակետը: Ուստի մենք վստահ ենք, որ այդ կուսակցության ամենաակտիվ ներկայացուցիչը չի կարող օբյեկտիվ դիրքորոշում ունենալ այս հարցում»,-ասել էր Ն.Զոհրաբյանը:

«Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը նույնպես հայտնել է, որ իրենք  մտադիր են բարձրացնել  «ԵԽԽՎ-ի նախագահի մակարդակին ուղղված հարցեր», մասնավորապես` վեհաժողովում ԼՂ-ի հարցով ենթահանձնաժողովի վերակենդանացման, Հայաստանի շրջափակման անթույլատրելիության վերաբերյալ: «Եթե Չավուշօղլուն ինչ-որ կերպ իրեն որպես թուրք դրսևորի, մենք էլ համապատասխան հարթության մեջ կտանենք խոսակցությունը»,-վստահեցրել է պատգամավորը:

Երեկ «Ժառանգությունը» հայտարարություն տարածեց, որում մասնավորապես ասվում է. «Անթույլատրելի ենք համարում, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչած Եվրամիության ուղղակի ընտրվող օրենսդիր մարմնի` Եվրոպական խորհրդարանի 1987, 2000, 2002 և 2005 թվականների որոշումների ոգուն դեմ է գործում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մերօրյա ղեկավարը` առաջնորդվելով ազգայնամոլին բնորոշ քմահաճությամբ: Դա մարտահրավեր է նաև համամարդկային նորմերին, եվրոպական արժեքային ուղենիշներին ու եվրոպական ընտանիքին ինտեգրվել հավակնող Թուրքիայի նկրտումներին:

Նման  վարվելակերպով պարոն Չաուշօղլուն  բացահայտ խոստովանում է, որ ինքն իրեն նույնացնում է ոչ թե եվրոպական ժողովուրդների բազմազգ ընտանիքի` ժողովրդավարական գործընթացներին և մարդու իրավունքներին հետամուտ ազդեցիկ կառույցի ղեկավարի, այլ թուրք մի պաշտոնյայի հետ, ով, այս պահին զբաղեցնելով ԵԽԽՎ ղեկավարի պաշտոնը, ձգտում է ի շահ Թուրքիայի ղեկավարների և կրտսեր եղբայր Ադրբեջանի` ըստ ամենայնի օգտագործել կառույցի լծակները»:

Այսօր, կարծում ենք, դեռ վաղ է խոսել այցի արդյունքների մասին` թե՛ պարոն Չավուշօղլուի և թե՛ նրան ընդունող կողմի համար: Ակնհայտ է, սակայն, որ արձագանքները չեն ուշանա, և առաջիկայում արդեն պարզ կդառնա` ԵԽԽՎ-ի նախագահը կհրաժարվի՞ արդյոք ԼՂ-ի խնդրով վեհաժողովի հատուկ հանձնաժողովի վերակենդանացման և այն ղեկավարելու իր մտադրությունից, թե՞ ոչ: Նաև կհստակեցվի, թե որքանով է ԵԽԽՎ-ի նախագահի պաշտոնում նա հետամուտ լինելու իր իսկ հայտարարած սկզբունքին, այն է` անդամ պետությունների հանդեպ կրկնակի չափանիշների կիրառման բացառմանը:

Գայանե ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է 1157 անգամ:
Print Friendly

Leave a Reply