Ավտովթարներ, օձի խայթոց, հրդեհ և ինքնափլուզում անցած երեք օրերին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 24, 2010 11:18Մայիսի 21-ին, ժամը 15.43-ին Ճանապարհային ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 81-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ժամը 15.45-ին դեպքի վայր է մեկնել Թալինից մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չպարզված հանգամանքներում` «Արփա-Սեւան» ԲԲԸ-ին պատկանող «ՄԱԶ» մակնիշի 487 ՏԼ 67 պետհամարանիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել ձորը, ինչի հետեւանքով վարորդը` Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի բնակիչ, 1964 թ. ծնված Հրայր Հազեյանը տեղում զոհվել է:
Փրկարարների ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել զոհվածի դին եւ հանձնվել շտապօգնության բրիգադին:
Ինքնափլուզում
Նույն օրը, ժամը 18.29-ին Երեւանի ճանապարհային ոստիկանությունից ստացված մեկ այլ տեղեկության համաձայն` Հրազդանի կիրճում` «Մանկական երկաթուղուն» հարակից տարածքում, ավտոճանապարհի փլուզում է տեղի ունեցել:
Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման կետրոնի օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ ինքնափլուզվել եւ կիրճն է ընկել ավտոճանապարհի` մոտ 25 մ երկարությամբ եւ 3 մ լայնությամբ հատվածը: Տուժածներ չկան:
Դեպքի վայրում է գտնվել Երեւանի քաղաքապետ Գ. Բեգլարյանը:
Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից նշված հատվածում երթեւեկությունն արգելափակվել է:
Հայտնաբերվել է դիակ
Նույն օրը, ժամը 18.43-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Րաֆֆու 95/13 հասցեի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին, եւ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ժամը 18.48-ին դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարների ուժերով բացվել է նշված բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 1929 թ. Հովհաննես Քառյանի դիակը:
Դին հանձնվել է իրավապահ մարմիններին:
***
Նույն օրը, ժամը 21.21-ին Արտաշատի ոստիկանության բաժնից տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Ջրաշեն գյուղին հարակից ջրանցքում հայտնաբերվել է դիակ, եւ այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ժամը 21.26-ին դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Փրկարարների ուժերով ջրանցքից դուրս է բերվել եւ իրավապահ մարմիններին հանձնվել անձը չպարզված մոտ 8 տարեկան աղջկա դի:
Ոստիկանության աշխատակիցները պարզել են, որ երեխան ապրիլի 20-ից որոնվող, 2001 թ. ծնված, Երեւանի Բրյուսովի 28/4 հասցեի բնակչուհի Ազալիա Գադելշինան է:
Գտել են անգիտակից վիճակում
Մայիսի 22-ին, ժամը 00.40-ին Սյունիքի մարզի Փայտահանի գյուղապետից ահազանգ է ստացվել, որ մայիսի 21-ին, ժամը 12.00-ի սահմաններում նույն գյուղի բնակիչ, 1990 թ. ծնված Տիգրան Ավանեսյանը տանից դուրս է եկել եւ չի վերադարձել:
Ժամը 01.20-ին մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատի, Կապանի հրշեջ փրկարարական ջոկատի, ինչպես նաեւ Քաջարան քաղաքի ոստիկանության բաժնի աշխատակիցների կողմից սկսվել են որոնողական աշխատանքները:
Ժամը 08.50-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչությունից ստացված տեղեկության համաձայն` Տ. Ավանեսյանին փրկարարները հայտնաբերել են գյուղից 800 մ հեռավորության վրա. վերջինս 15-20 մ բարձրությունից գլորվել է թփուտի մեջ եւ գտնվում է անգիտակից վիճակում:
Դեպքի վայր ժամանած` «1-03» ծառայության աշխատակիցների կողմից տուժածը տեղափոխվել է Գորիսի հիվանդանոց: Ըստ բժշկի` Տ. Ավանեսյանն ստացել է գլխուղեղային վնասվածք եւ բազմաթիվ քերձվածքներ. առողջական վիճակը գնահատվում է ծանր:
Մեքենան շրջվել է ձորակը
Մայիսի 23-ին, ժամը 00.29-ին Երեւանի ճանապարհային ոստիկանությունից ահազանգ է ստացվել, որ Երեւանյան լճին հարակից տարածքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից եւ շրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ժամը 00.32-ին դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Տեղում պարզվել է, որ «Մերսեդես-Ս600» մակնիշի 10 ԼՏ 005 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից, հարվածել մայթեզրի պատնեշին եւ շրջվել ձորակը:
Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը, ավտոմեքենայից դուրս են բերվել եւ Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվել` 1987 թ. ծնված Արթուր Ավագյանը եւ 1986 ծնված Բագրատ Սարգսյանը:
Փրկարարների ուժերով ավտոմեքենան դուրս է բերվել երթեւեկելի հատված:
Ըստ հերթապահ բժշկի` տուժածների վիճակը բավարար է:
Գետից անվնաս դուրս է բերվել
Մայիսի 23-ին, ժամը 13.02-ին տեղեկություն է ստացվել, որ Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասում` Մարմարիկ գետի վրա կառուցված կամրջի տակ, գետում երեխա կա, որը կառչել է կամրջի հենասյուներից, եւ նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած` Հրազդանի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, տեղի բնակիչների հետ համատեղ ժամը 13.23-ին գետից անվնաս դուրս են բերել Հրազդանի միկրոշրջանի 210/43 հասցեի բնակիչ, 13-ամյա Հարություն Հակոբյանին:
Պատանին տեղափոխվել է տուն:
Ծառն ընկել է մեքենայի վրա
Նույն օրը, ժամը 16.54-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ֆանարջյան եւ Զաքարիա Սարկավագի փողոցների խաչմերուկին հարակից տարածքում ավտոմեքենայի վրա ծառ է ընկել, եւ կան տուժածներ:
Ժամը 16.57-ին դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Տեղում պարզվել է, որ, դեռեւս չպարզված հանգամանքներում, բարդու ծառն ընկել է «Ֆոլկսվագեն» մակնիշի 20 ՏՕ 875 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա, ինչի հետեւանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել եւ Միքայելյանի անվան վիրաբուժության կենտրոն տեղափոխվել ուղեւոր, 14-ամյա Վարդուհի Գյուլիզարյանը:
Բժիշկների կողմից տուժածի վիճակը գնահատվել է ծանր:
Փրկարարների կողմից ծառը հեռացվել է ավտոմեքենայից եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի «Կանաչապատում-բարեկարգում» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից` մասնատվել:
Օձը խայթել է
Նույն օրը Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 17.00-ին օձի խայթոցից թունավորումով Աշտարակ քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել Երեւանի Նոր-Նորքի 2-րդ զանգված 85/12 հասցեի բնակչուհի, 1958 թ. ծնված Ս. Կարոյանը:
Դեպքը տեղի է ունեցել Կոշ գյուղի տարածքում:
Բժիշկների կողմից տուժածի վիճակը բնութագրվել է բավարար:
Այրվել է տնակ
Նույն օրը, ժամը 20.43-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Արտաշիսյան փողոցի 72/2 շենքին հարակից այգում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.04-ին, մարվել` ժամը 21.11-ին:
Ամբողջությամբ այրվել է 10 քմ մակերեսով ինքնաշեն տնակ` ներսում կուտակված տնտեսական իրերով:
Ավտոպատահարին` զոհ
Մայիսի 24-ին, ժամը 07.10-ին Շիրակի մարզից տեղեկություն է ստացվել, որ Երեւան-Գյումրի ավտոճանապարհի` Մաստարա գյուղին հարակից հատվածում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան զոհեր, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ժամը 17.11-ին դեպքի վայր է մեկնել Թալինից մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ, դեռեւս չպարզված հանգամանքներում, բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 64 ՏՏ 119 եւ «ԳԱԶ-3110» մակնիշի 55 ՕԼ 100 պետհամարանիշների ավտոմեքենաները, ինչի հետեւանքով երկու մարդ զոհվել է, վեցը` վիրավորվել:
Տուժածները տեղափոխվել են Մարալիկ քաղաքի հիվանդանոց:







Facebook
Tweet This
Email This Post
