Լեռնային Ղարաբաղում անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 23, 2010 21:34

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղական ժամանակով 20:00-ին ավարտվել է հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների ընտրության քվեարկությունը, փակվել են բոլոր` 273 ընտրատեղամասերը` 16 տարածաշրջաններում: Տեղամաս է գործել նաեւ Երեւանում ԼՂՀ ներկայացուցչությունում, որպեսզի քվեարկելու հնարավորություն ունենան Հայաստանի բուհերում սովորող եւ ՀՀ-ում ժամանակավորապես գտնվող ԼՂՀ` ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիները:

Երեւանում բացված ընտրատեղամասում գրանցված են եղել ավելի քան 440 ընտրողներ: Քվեարկել են 348-ը, որոնց թվում եղել են անձինք, ովքեր տեղում են հաստատել ընտրելու իրավունքը եւ կատարել իրենց քաղաքացիական պարտքը:

Քվեարկության ավարտից հետո սկսվել է ձայների հաշվարկը: ԼՂՀ ժամանակով 17:00-ին մասնակցությունը կազմել է 59 տոկոս: Ընտրացուցակներում ներառված էին ընտրելու իրավունք ունեցող 95 հազար 303 քաղաքացիներ:

ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին մեծամասնական ընտրակարգով 16 տեղերի համար պայքարում էին 40 պատգամավորության թեկնածուներ, իսկ համամասնական ընտրակարգով 17 տեղերի համար` կուսակցությունների կողմից առաջադրված 82 թեկնածուներ: Ընտրություններին հայտ են ներկայացրել չորս կուսակցություններ` ՙԱզատ Հայրենիք՚, որը գլխավորում է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, Արցախի ժողովրդավարական, որի նախագահն է գործող Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը եւ Արցախի կոմունիստական կուսակցությունը: ԼՂՀ խորհրդարանական ընտրությունները դիտարկում են շուրջ 120 միջազգային դիտորդներ 15 երկրներից` Հայաստանից, Սլովակիայից, Ռուսաստանից, Չեխիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Հարավային Օսիայից, Ֆրանսիայից, Արգենտինայից, Իրանից, Գերմանիայից, Աբխազիայից, Հոլանդիայից, Դանիայից եւ Մերձդնեստրից: Բացի այդ, ընտրությունների ընթացքին հետեւում են 22 տեղական դիտորդներ: Ընտրությունները լուսաբանում են տեղական եւ արտասահմանյան ԶԼՄ-ների շուրջ 60 ներկայացուցիչներ: Ընտրություններին հետեւող տեղական եւ միջազգային դիտորդները ընդգծել են, որ քվեարկությունն ընթացել է իդեալական:

ԼՂ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Նասիբյանի տեղեկացմամբ, Լեռնային Ղարաբաղում մայիսի 23-ին անցկացված խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 66 հազար 919 մարդ, կամ ցուցակներում ընդգրկված ընտրողների 70.1 տոկոսը։

Դիտվել է 2008 անգամ:
Print Friendly

Leave a Reply