«Էժանագին հայրենասիրության խաղ կամ կեղծ սոցիալիզմ»

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | May 23, 2010 21:00

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատւիրակությունը պաշտոնական այցով Իրանում է (մայիսի 21-26):

Բացի պետական կրթության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպումից՝ նախատեսված է հանդիպում՝ թեհրանահայ համայնքի ազգային կառույցների և հասարակության հետ: Եվ ահա, երեկ, ազգային առաջնորդարանի դահլիճում, պրն. նախարարին և նրա գլխավորած պատվիրակությանն ընդունեցին ազգային իշխանության ներկայացուցիչները: Եվ թերևս այս հանդիպման մանրամասներն առավելագույնս այլ կերպ լուսաբանվեին, եթէ Հայաստանում օտարալեզու դպրոցների վերաբացմանը վերաբերող հարցին ի պատասխան՝ երկար ու մանվածապատ բացատրութիւնների ընդմիջից պրն. նախարարը որպես պետության ներկայացուցիչ այր՝ իրեն թոյլ չտար հարցին ընդդիմացող հենց հայաստանյան լուրջ մտավորականների և քաղաքագետների, ինչպես նաև ավանդական կուսակցություն համարվող Դաշնակցության ներկայացուցիչների, կուսակցություն, որը մի ողջ տասնամեակներ հայրենիքից հեռու իր ուսերին է տարել ազգապահպանման ծանր բեռը, նրանց հարցին ընդդիմանալու դրսևորումներն անվաներ էժանագին հայրենասիրության խաղ կամ կեղծ սոցիալիզմ:

Պրն. նախարար, չմոռանանք շեշտել, որ հենց հարցի պատասխանի սկզբում դուք, երևի Ձեզ նախապես ապահովագրելու համար, շեշտեցիք, որ մամուլը, միտումնավոր կամ հիմա ոչ-միտումնավոր, աղավաղել է Ձեր ներկայացրած առաջարկների փաթեթը: Չէ՞ք կարծում, որ մի փոքր շատ են Ձեր ազգապահպանման հիմքերը խարխլող նախագծին ընդդիմացողները, որն անցնում է և մամուլի աղավաղումների սահմանագիծը, և «էժանագին հայրենասերներ»-ի ձևակերպումները և կեղծ սոցիալիզմ խաղացողների «բանակ»-ը: Իսկ ի՞նչ կասեք այս դեպքում, երբ բուռն ընդդիմախոսը ո՛չ ավել, ո՛չ պակաս Յասմիկ Նավասարդյանն է՝ Հանրապետական կուսակցության հիմնադիր (որի անդամ էք նաև դուք) լուսահոգի Աշոտ Նաւասարդյանի այրին, որը մայիսի 22-ին «Անկախ» լրատվական կայէջքում տպագրված հոդվածում շեշտում է. «Աշոտը չէր հանդուրժի օտարալեզու դպրոցները» և ցավով ավելացնում. «Աշոտ, կը պատկերացնեի՞ր, որ ամբողջ կյանքդ կնվիրես Հայաստանի անկախությանը, 13 տարի բանտերում կանցկացնես՝ հանուն անկախության ու քո մահից 13 տարի անց քո ստեղծած կուսակցությունը օտարալեզու դպրոցներ կբացի ու քո վաստակը ջուրը կը- գցի»: Ահավասիկ, սա Ձեր իսկ կուսակցության կարկառուն հիմնադիրներից մեկի այրու սրտի ցասումն է, որին դժվար թե հնարավոր լինի դասել էժանագին հայրենասիրություն խաղացողների շարքերում:

Այնպես որ՝ սթափվեք, և կխնդրեինք Ձեզ, որպես նաև իրավատերը ազգապահպանման կռվանի, զգուշ լինեք Ձեր արտահայտություններում, քանզի դրանք հիասթափեցնող են, որովհետև այնքանով է հարուստ այն մարդկանց կենսափորձը, որոնց դուք անվանում էք էժանագին հայրենասիրություն խաղացողներ, որ այդ կենսափորձը որևէ տարակուսանքի ենթակա չէ: Իսկ մենք Սփյուռքում արդեն ընտելացել ենք, որ հայապահպանման ու ազգապահպանման հիմնավոր խնդիրներում մեր դիրքորոշումը բարձիթողի մատնվի. վկան՝ հայ-թուրքական արձանագրությյունների գործընթացը, որի սփյուռքեյան ճշմարտացիությանը դուք հանգեցիք ամիսներ հետո… Հուսով ենք, որ Ձեր կողմից որակված էժանագին հայրենասիրություն խաղացողների բանակի գաղափարախոսությունն էլ կը -հաղթի:

Ա. Է.

“Ալիք օրաթերթ”

Դիտվել է 1952 անգամ:
Print Friendly

Leave a Reply