Անհետ կորածների միջազգային օրն է. Ազատամարտիկների մասին օրենքի նախագիծը ներկայացվեց ԱԺ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 29, 2009 14:51

dscn16651Արցախյան ազատամարտի մասնակիցների, հաշմանադամների, զոհված ու անհետ կորած ազատամարտիկների ընտանիքներին արտոնություններ(կոմունալ ծախսերի կրճատում, առողջապահական հարցերում ընդառաջում, կենսաթոշակ, երթևեկության արտոնություն և այլն) սահմանելու մասին օրենքի նախագիծն այսօր ներկայացվեց ԱԺ:

2002 թ.-ին կազմված 16 հոդվածից բաղկացած օրենքի հեղինակը «Սասունցի Դավիթ» ջոկատի հիմնադիր, վարչապետի խորհրդական Համլետ Հովսեփյանն է: Նա նշում է, որ գործադիրը նախորդ տարիներին հիմնականում աննպատակահարմարության պատճառաբանմամբ մերժել է այն:

«Օրենքի ընդունումը հրատապ է ու օրվա խնդիր,-այսօր` «Անհետ կորածների» միջազգային օրը (ԼՂ հակամարտության գոտում անհետ կորած են համարվում 4.342 մարդ), ասաց Արմավիրի կայազորի ռազմական ոստիկանության պետ Գրիշա Սարգսյանը,-Ադրբեջանը մեծացնում է ռազմական բյուջեն: Նրանք բազմիցս հայտարարում են, որ Ադրբեջանի տարածաքային ամբողջականությունը վերականգնելու են ռազմական ճանապարհով, և մենք ամեն օր պետք է պատրաստ լինենք պատերազմի` այդ թվում ազատամարտիկների իրավունքների պաշտպանվածությամբ»:

Ըստ Սարգսյանի` օրենքի ընդունման համար ընդգրկվելու են բոլոր քաղաքական և ոչ քաղաքական մարմինների ռեսուրսները: «Նախագիծը ոչ մի քաղաքական ենթատեքստ չի պարունակում, այն սոցիալական խնդիր է լուծում: Եվ այստեղ դիմություն, ընդիմություն չկա»,-ասաց նա:

Նախագծի տակ ստորագրել են 30 հկ-ներ, ջոկատների հիմնադիրներ, ներկայացուցիչներ: Ըստ Հովսեփյանի` օրենքը նախատեսված է 10.000-15.000 մարդու համար: «Վարչապետը դեմ չի օրենքի ընդունմանը, սակայն այսօր երկրում ճգնաժամ է»,-ասաց Հովսեփյանը, ում խոսքն ամբողջացրեց Գրիշա Սարգսյանը. «Մենք հասկանում ենք, որ բյուջեն ճեղքվածք ունի, բայց ամբողջ աշխարհն է ճգնաժամի մեջ: Մենք ուզում ենք, որ օրենքն ընդունվի. եթե հիմա ֆինանսական միջոցները սուղ են, թող 1 տարի հետո կիրառվի»:

Դիտվել է 1713 անգամ:
Print Friendly

Leave a Reply