Աշոտ Ղուլյան. ՙՔվեարկել եմ ավելի կատարյալ խորհրդարանի օգտին՚

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 23, 2010 16:41

Ընտրական տեղամաս այցելելուց եւ քաղաքացիական պարտքը կատարելուց հետո Արցախի Ժողովրդավարական կուսակցության ղեկավար, ԼՂՀ գործող Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նշեց, որ քվեարկել է ավելի կատարյալ խորհրդարանի օգտին: ՙՔվեարկել եմ ավելի կատարյալ խորհրդարանի օգտին, որն իր որակական հատկանիշներով պետք է տարբերվի նախորդ խորհրդարանից` չնայած ես կարծում եմ, որ մեր բոլոր խորհրդարանները գտնվել են իրենց բարձրության վրա՚,-ասաց նա: Այն հարցին, թե ինչպես է վերաբերվում Արցախում ընթանող խորհրդարանական ընտրությունների առնչությամբ Ադրբեջանի իշխանությունների հայտարարություններին, Ա. Ղուլյանը նշեց, որ ԼՂՀ-ն արդեն 20-ամյա անկախ պետականություն կերտելու կենսագրություն ունի, եւ այդ փաստի հետ պետք է հաշվի նստի ոչ միայն Ադրբեջանը: ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին մեծամասնական ընտրակարգով 16 տեղերի համար պայքարելու են 40 պատգամավորության թեկնածուներ, իսկ համամասնական ընտրակարգով 17 տեղերի համար` կուսակցությունների կողմից առաջադրված 82 թեկնածուներ: Ընտրություններին հայտ են ներկայացրել չորս կուսակցություններ` ՙԱզատ Հայրենիք՚, որը գլխավորում է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, Արցախի ժողովրդավարական, որի նախագահն է գործող Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը եւ Արցախի կոմունիստական կուսակցությունը:

Դիտվել է 1770 անգամ:
Print Friendly

Leave a Reply