Փրկենք ընձառյուծը Հայաստանում». միջոցառում` Երեւանի կենդանաբանական այգում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 22, 2010 18:16
Երեւանի պետական կենդանաբանական այգում այսօր տեղի ունեցավ «Փրկենք ընձառյուծը Հայաստանում» միջոցառում` նվիրված Կենսաբազմազանության միջազգային օրվան: Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ-ում Նորվեգիայի հյուպատոսարանի, Երեւանի քաղաքապետարանի, հասարակական կազմակերպությունների համատեղ ջանքներով: Հայաստանում ընձառյուծն ապրում է հարավում` Մեղրիից մինչեւ Խոսրովի արգելոց ընկած տարածքում:
ՀՀ բնապահպանության նախարար Ա.Հարությունյանի խոսքով` կովկասյան ընձառյուծն այսօր հատկապես պետական-հասարակական հոգածության ներքո պիտի լինի, եւ դրան է ուղղված այսօրվա միջոցառումը: «Ամենքս մեր ուժերի սահմաններում ամեն բան պիտի անենք, որ հնարավորություն տանք ընձառյուծին ազատ տեղաշարժվելու»: Նախարարը կարեւորեց բնության նկատմամբ հոգածությունը երեխայի մեջ վաղ մանկությունից սերմանելը:
«Այսօր կենդանաբանական այգում տարբեր դպրոցներից հավաքված այս երեխաներն արդեն միշտ կհիշեն, որ Հայաստանի կենսաբազմազանության մեջ կարեւոր դեր ունի ընձառյուծն ու բոլորիս գործն է նրա պահպանությունը»,- նշեց նա: Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը, խոսելով բնության մեջ փոխշաղկապվածության մասին, նշեց. «Ընձառյուծն ուժեղ կենդանի է եւ կարողանում է իրեն որսով ապահովել:
Մեկ ընձառյուծ որսալով` խախտվում է բնության մեջ հավասարակշռությունը, շատանում են գայլերը, բորենիները, իսկ այդ կենդանիներն, ինչպես գիտեք, վնասում են գյուղացիական տնտեսություններին, կարող են ոչ միայն սարից գառ տանել, այլեւ` հասնել գյուղ»: ՀՀ-ում Նորվեգիայի պատվավոր հյուպատոս Թիմիոթի Սթրեյթը նշեց, որ Հայաստանի բնությունն առանձին չէ իր հարեւաններից, փոփոխությունները Հայաստանում ազդում են թե Վրաստանի, թե Իրանի, թե Ռուսաստանի բնության վրա: «Այնպես որ, եթե այսօր մենք հոգ ենք տանում Հայաստանի կենդանիների նկատմամբ, ապա դա աշխատանք է նաեւ Նորվեգիայի կենդանիների համար»,-նշեց նա:






Facebook
Tweet This
Email This Post
