Արցախում կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ մայիսի 22-ը «լռության օր» է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 22, 2010 17:51
Մայիսի 23-ին Արցախում կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ ԼՂՀ Ընտրական օրենսգրքի համաձայն` մայիսի 22-ը «լռության օր» է, եւ արգելված է նախընտրական քարոզչությունը:
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի տրամադրած վերջնական տվյալների համաձայն` ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին մեծամասնական ընտրակարգով 16 տեղերի համար պայքարելու են 40 պատգամավորության թեկնածուներ, իսկ համամասնական ընտրակարգով 17 տեղերի համար` կուսակցությունների կողմից առաջադրված 82 թեկնածուներ: Ընտրություններին հայտ են ներկայացրել չորս կուսակցություններ` «Ազատ Հայրենիք», որը գլխավորում է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, Արցախի ժողովրդավարական, որի նախագահն է գործող Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը եւ Արցախի կոմունիստական կուսակցությունը: Ինչպես տեղական հեռուստատեսությամբ քարոզարշավի վերջին օրը հայտարարել են վերոհիշյալ կուսակցությունների ղեկավարները, նախընտրական շրջանն անցել է առողջ մթնոլորտում, առանց խոչընդոտների, ինչին նպաստել են իշխանության կողմից ստեղծված բարենպաստ պայմանները:
ԼՂՀ ԿԸՀ քարտուղար Ռայա Նազարյանի տեղեկացմամբ` խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԼՂՀ ԿԸՀ-ում գրանցվել են 93 դիտորդներ, որից 71-ը` այլ երկրներից, մասնավորապես` Հայաստանից, Ֆրանսիայից, Դանիայից, Գերմանիայից, Չեխիայից, Իրանից: Ընտրությունները լուսաբանելու համար, Ռ. Նազարյանի տեղեկացմամբ, ԼՂՀ ԿԸՀ-ում հավատարմագրվել են 57 լրագրողներ, որոնցից 26-ը` արտասահմանյան ԶԼՄ-ներից: ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղարը նշեց նաեւ, որ դիտորդների եւ լրագրողների մասով տվյալները վերջնական չեն, քանի որ մինչեւ օրվա ավարտը ԿԸՀ-ն շարունակելու է հայտերի ընդունումը:






Facebook
Tweet This
Email This Post
