Ադրբեջանում որոշել են Քուռ եւ Արաքս գետերը բաժանել իրարից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 22, 2010 0:47

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրամանով Քուռ գետի հեղեղումների պատճառները, հետեւանքները վերացնելու եւ նման հեղեղումների դեմ առնելու վերաբերյալ վարչապետ Արտուր Ռասիզադեի գխավորությամբ կառավարական հանձնաժողով է ստեղծվել, որի կազմում ընդգրկված նախարարների եւ կառույցների ղեկավարների մեծամասնությունը անմիջական պատասխանատվություն են կրում վերջին հեղեղումների համար: Ինչպես հաղորդում է «Ազադլըգ»-ը,  հանձնաժողովի երեկ տեղի ունեցած նիստից հետո «Մելորացիա եւ ջրային տնտեսություն» ԲԲԸ նախագահ Ահմեդ Ահմեդզադեն լրագրողներին հայտնել է, որ քննարկման հիմնական հարցը Քուռ եւ Արաքս գետերի բեռը նվազեցնելու հարցն է եղել:

«Այդ ուղղությամբ ենթադրվում է տարբեր արտահոսքերի միջոցով նվազեցնել լարվածությունը գետերում: Եթե դա հնարավոր չլինի, Քուռ եւ Արաքս գետերը միանալու տեղից պետք է բաժանվեն իրարից: Այսինքն՝ գետերի միախառնումը փակվելու է: Երկու գետերը Կասպից ծով կթափվեն առանձին-առանձին», -ասել է Ա.Ահմեդզադեն: «Ենի մուսավաթ»-ը կառավարության այդ մտահղացումը չափազանց ռիսկային է համարել՝ նշելով, որ այդ դեպքում պետք է Իմիշլի քաղաքի հետ զոհաբերվեն 20-ից ավելի գյուղեր: Թերթի փոխանցմամբ, կառավարությունն արդեն կոնկրետ գործողություններ է սկսել այդ ուղղությամբ: «Իմիշլիի շրջանի Բեհրամթեփե ջրամբարի կայանում տեղի ունեցած նիստում հանձնաժողովը արտակարգ իրավիճակ է հայտարարել շրջանում:

Շրջանում լրացուցիչ ոստիկանական ուժեր եւ Արտակարգ իրավիճակների նախարարության զինվորներ են տեղակայվել: Շրջանի ղեկավարությունը ոստիկանության մասնակցությամբ այցելել են Արաքսի ուղղությունը փոխվելու դեպքում ջրի տակ մնացող մի քանի գյուղեր եւ հայտարարել բնակչությանը, որ պետք է լքեն գյուղերը: Որոշումը խիստ զայրացրել է Խոշչոբանլը, Մուրղուզալը, Միրսալլի գյուղերի բնակչությանը: Խոշչոբանլը գյուղի բնակիչների եւ ոստիկանության միջեւ բախում է տեղի է ունեցել: Մարդիկ հայտարարել են, որ չեն հեռանա գյուղերից: Իմիշլիից ընտրված պատգամավոր Իլթիզամ Ալեքբերլին հաստատել է տեղեկությունը: Հանձնաժողովի նիստին մասնակից մի մասնագետ թերթի թղթակցին ասել է, որ հեղեղումների հետ կապված իրավիճակն Ադրբեջանում շատ լուրջ է:

«Արաքսը Քռից բաժանելով ցանկանում են նվազեցնել գետաբերանում ջրի մակարդակը, որպեսզի կարողանան նվազեցնել փլուզվելու սպառնալիքի առաջ կանգնած Մինգեչաուրի ջրամբարի մակարդակը՝ այնտեղից լրացուցիչ ջուր բաց թողնելով Քուռ գետ: Հակառակ դեպքում, Ադրբեջանի գրեթե կեսը կմնա ջրի տակ: Քռի ուղղությամբ մի քանի շրջկենտրոններ, ռազմավարական օբյեկտներ, կենսական նշանակության ձեռնարկություններ են տեղադրված», -ասել է նա: Գիշերը ժամը 00:10-ին պատգամավոր Իլթիզամ Ալեքբերլին թերթի խմբագրությանը հայտնել է, որ եղել է հիշյալ գյուղերում:

«Կառավարությունը որոշել է Արաքսի ուղղությունը փոխել Մուրղուզալլը գյուղի մոտից: Նման դեպքում, Իմիշլիի 11 գյուղեր ջրի տակ կմնան: Այդ գյուղերում 10 հազարից ավելի մարդ է բնակվում: Բնակչությունը ոտքի է կանգնել: Մի քանի ժամ առաջ գյուղացիները Իմիշլիի ջրամբարում շրջապատել են Ա.Ահմեդզադեին… Դրությունը շատ տագնապալի է», -ասել է պատգամավորը:

Դիտվել է 1169 անգամ:
Print Friendly

Leave a Reply