Էդվարդ Նալբանդյանն առաջարկել է մշակել Եվրաատլանտյան անվտանգության առավել արդյունավետ համակարգ
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | June 29, 2009 14:07
Հունաստանի Կորֆու կղզում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ մասնակցել է ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը` նվիրված Եվրոպայում անվտանգության ամրապնդման հարցերին: Հունաստանի ԱԳ նախարարի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպմանը մասնակցել են ԵԱՀԿ անդամ երկրների 45 արտգործնախարարներ, ՀԱՊԿ, ԱՊՀ, ԵՄ, ՆԱՏՕ եւ ԵԱՀԿ բարձրաստիճան ներկայացուցիչներ:
ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության տեղեկացմամբ` հանդիպման ժամանակ Նալբանդյանն իր ելույթով ներկայացրել է Հայաստանի տեսակետերը` Եվրոպայում անվտանգության ապահովման վերաբերյալ:
Նալբանդյանը նշել է, որ եկել է ժամանակը` մշակելու առավել արդյունավետ Եվրաատլանտյան անվտանգության համակարգ` «միգուցե Եվրոպական անվտանգության պայմանագրի ձևով, որտեղ հստակ կամրագրվի, որ համընդհանուր անվտանգությունն անբաժանելի է, որ պետությունները չեն կառուցում իրենց անվտանգությունը ուրիշների հաշվին, որ չի կարելի ճանաչել մեկի իրավունքը` մերժելով մյուսի նույն իրավունքը»:
Նալբանդյանը մասնակցել է նաև ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը, ինչպես նաև ունեցել մի շարք երկկողմ հանդիպումներ` իր պաշտոնակիցների հետ:
Մինչ Հունաստան մեկնելը Նալբանդյանը հունիսի 26-ին Փարիզում հանդիպում էր ունեցել ադրբեջանցի իր պաշտոնակցի` Էլմար Մամեդյարովի հետ: Երկկողմ բանակցությունները տևել էին 6 ժամից ավելի: Այնուհետ նրանց միացել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:
Նախարարներ Նալբանդյանն ու Մամեդյարովն անդրադարձել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների նոր հանդիպման կազմակերպման հնարավորությանը: Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի` հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման արդյունքում տրված հանձնարարականի համաձայն` նախարարները շարունակել են բանակցությունները` քննարկելով արցախյան հիմնախնդրի կարգավորմանն առնչվող հարցեր` Մադրիդյան փաստաթղթում առաջարկվող սկզբունքների շուրջ կողմերի դիրքորոշումներով:
Բանակցությունների արդյունքում որոշվել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հուլիսի առաջին կեսին կայցելեն տարածաշրջան:






Facebook
Tweet This
Email This Post
