Արցախում մայիսի 23-ին Ազգային ժողովի ընտրություններ են

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 21, 2010 19:40

Մայիսի 23-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կանցկացվեն Ազգային ժողովի համամասնական և մեծամասնական ընտրակարգերով հերթական ընտրություններ: ԼՂՀ Ընտրական օրենսգրքի համաձայն, ԱԺի 33 պատգամավորներից 17-ը կընտրվեն համամասնական ընտրակարգով` կուսակցությունների ընտրական ցուցակներով առաջադրված պատգամավորության թեկնածուների թվից, իսկ 16-ը` մեծամասնական ընտրակարգով:

Համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցում է 4 կուսակցություն` ՙԱզատ հայրենիք՚ը, որի 35 թեկնածուից բաղկացած ընտրական ցուցակը գլխավորում է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, Արցախի ժողովրդավարական կուսակցություն ( 32 թեկնածու, ԼՂՀ ԱԺի նախագահ Աշոտ Ղուլյան ), Հայ Յեղափոխական Դաշնակցություն ( 10 թեկնածու, ՙԹուֆենկյան՚ բարեգործական հիմնադրամի տնօրենի տեղակալ Արմեն Սարգսյան ), ԼՂի կոմունիստական կուսակցություն ( 5 թեկնածու, ոչ մի տեղ չաշխատող Հրանտ Մելքումյան):

Մեծամասնական ընտրակարգով 16 ընտրատարածքներում ընդհանուր առմամբ առաջադրված է 40 թեկնածու: Ընդ որում, երկու ընտրատարածքում`թ.7-ում և թ.14-ում, առաջադրված է մեկական թեկնածու` ԱԺի գործող նախագահ Աշոտ Ղուլյանը և ՙՄարտակերտի շրջանային բուժմիավորում՚ ՓԲԸ գործադիր տնօրեն, անկուսակցական Գագիկ Օհանյանը: Առավելագույն թվով` 4, թեկնածու առաջադրված է թ.6 ընտրատարածքում:

Մայիսի 23-ին, ժամը 8-ից մինչև 20-ը, քվեարկությունը կիրականացվի 273 ընտրատեղամասերում, որոնցից 272-ը` ԼՂՀի 16 ընտրատարածքներում,

1-ը`Երեւանում` ՀՀում ԼՂՀ ներկայացուցչության վարչական շենքում:

Ընտրությունների նախնական արդյունքները կամփոփվեն և արձանագրությամբ կվավերացվեն մայիսի 24-ին. մեծամաuնական ընտրակարգով` մինչև ժամը

14-ը, համամասնականով` մինչև ժամը 20-ը:

ԼՂՀ ԱԺի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Արցախ կմեկնեն Հայաստանի Ազգային ժողովի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները: ԱԺի ՙՀՀԿ՚ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովի ղեկավարած դիտորդական առաքելության կազմում ընդգրկված են նույն խմբակցության անդամներ Հակոբ Հակոբյանը, Ռաֆիկ Գրիգորյանը, Կարինե Աճեմյանը, Արտակ Զաքարյանը, ՙԲարգավաճ Հայաստան՚ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը, ՙՀՅԴ՚ից` Արմեն Ռուստամյանը և Գագիկ Գեւորգյանը, ՙՕրինաց Երկիր՚ խմբակցության քարտուղար Արծրունի Աղաջանյանը, ՙԺառանգություն՚ից` Անահիտ Բախշյանը:

ԿԸՀի նախագահ Գարեգին Ազարյանի ղեկավարած դիտորդական առաքելության կազմում են հանձնաժողովի դաշնակցական անդամ Համլետ Աբրահամյանը, ՕԵԿի և ՙԺառանգության՚ ներկայացուցիչներ Սոնա Սարգսյանն ու Զոյա Թադեւոսյանը, նաև` ԿԸՀի աշխատակազմի 5 ներկայացուցիչներ:

Գայանե Մելիքյան

Դիտվել է 1457 անգամ:
Print Friendly

Leave a Reply