Հոլանդացի այլախոհը

Հարցազրույց, Շաբաթվա լուր | | May 25, 2010 17:24

25-ամյա հոլանդացի  Բրեմը Հայաստան է եկել ամիսներ առաջ:  Այդ ընթացքում շատ հայերի հետ  է շփվել ու կարծիք կազմել:  Բրեմը մշակութային շոկ ապրեց, երբ իմացավ Հայաստանում գեյերի նկատմամբ վերաբերմունքի ու ընտանիքում  կանանց կարգավիճակի մասին:  Նա գեյ չէ, Նիդեռլանդներում սպասող ընկերուհի ունի:  Սակայն բազմաթիվ գեյ ընկերներ ու ձևավորված դրական վերաբերմունք ունի նրանց նկատմամբ:

Նա զարմացավ` իմանալով, որ Հայ առաքելական եկեղեցում պսակադրող հոգևոր հայրը տղամարդուն հարցնում է` տե՞ր ես, իսկ կնոջը` հնազա՞նդ ես:  Ըստ Բրեմի` գենդերային անհավասարությունը հենց այդտեղից է սկսվում:  Եվրոպայում ամուսնացող զույգերից ընդամենը հարցնում են նրանց համաձայնության մասին:  Եվրոպացի երիտասարդը խոսեց գենդերային անհավասարության, խոսքի ու ընտրության ազատության, փոքրամասնությունների  ու հասարակության պայքարի մասին:

-Գենդերային հավասարությունը դեռևս խնդի՞ր է հոլանդացիների համար:

-Այդ ամենը սկսվում է դեռ Աստվածաշնչից:  Հայաստանում կարծում են, որ առաջինը  տղամարդն  է եղել:  Նիդեռլանդներում կարծում են, որ նա եղել է անորոշ սեռի մարդ:  Կինը պետք է տնային աշխատանքով զբաղվի, երեխաներին դաստիարակի, իսկ տղամարդը` ֆինանսական խնդիրները լուծի. դա շատ հաճախ հանդիպող ու ավանդական երևույթ  է Հայաստանում:  Նիդեռլանդներում լրիվ հակառակն է:

-Այսինքն` ձեզ մոտ կանայք ֆինանսական հարցերով են զբաղվում, իսկ տղամարդիկ` տնայի՞ն:

-Ամեն ինչ հիմնված է ընտրության ազատության վրա:  Տղամարդ կա, որ և փող է աշխատում, և կարող է ափսեներ լվանալ:  Այդ բաժանումը հավասար է լինում:  Իհարկե, բացառություններ էլ են լինում, բայց մեծամասնությունը մտածում է գենդերային հավասարության մասին:  Քիչ ժամանակ եմ Հայաստանում, իհարկե, այստեղ էլ կան բացառություններ, բայց ավանդականն ավելի շատ  է:

-Նիդեռլանդներում հստակ բաժանում կա՞ ընտանեկան հոգսերի հարցում, թե՞ դա շատ անհատական  է:

Դրա վրա չեն էլ կենտրոնանում:  Մեզ մոտ ավելի պրակտիկ են մտածում:  Մտածելակերպի խնդիր կա:  Օրինակ, երբ ես տանը լվացք եմ անում, իմ մայրն ուրախ է դրա համար:  Նա ինձ ոչ թե բացատրում է, թե ինքն ինչպես է լվացք անում ու ինձ ցույց տալիս ձևը, այլ ուղղակի ուրախ է, որ Բրեմը լվացք է անում:  Հայաստանում մի կնոջ մոտ լվացք էի անում, ինձ անպայման ցույց էր տալիս, թե դա ինչպես պետք է ճիշտ արվի:

-Կարո՞ղ ես նկարագրել հոլանդական ընտանիքի մոդելը:

Ընտանիքի օրինակ կա, որտեղ տղամարդը չորս օր աշխատում է, մեկ օր երեխաներին հետևում, իսկ կինը` 3 օր աշխատում է, երկու  օրը` երեխաներին հետևում:  Բայց  պարզ է, որ  կինն ավելի շատ է երեխաներին հետևում, քան տղամարդը:  Ընտանիքներ կան, որտեղ խոհանոցային աշխատանքները տղամարդիկ են անում, որովհետև շատ հոլանդացի աղջիկներ  ընդհանրապես չեն կարողանում պատրաստել կամ համով չեն պատրաստում:  Ես էլ եմ սիրում պատրաստել, երբ ամուսնանամ`  ես էլ կպատրաստեմ: Հոլանդական ընտանիքներում հաճախ հանդիպող երևույթ է, երբ ամուսինները բաժանվում են` կողակցի մոտ նկատելով սեռական կողմնորոշման փոփոխություն:   Տարբեր ընտանիքներ կան` ավանդական, ֆեմինիստական, քաոսային….

-Դու ինչպիսի՞ ընտանիքում ես ապրում:

Իմ ընտանիքը շատ ավանդական է, հայկականից  շատ չի տարբերվում:  Հայկական  ընտանիքներում  ավելի շատ են հաշվի առնում ընտանիքի  անդամների ու ծնողների կարծիքը:  Մեզ մոտ էլ ծնողները կարող են շատ լավ խորհուրդներ տալ, բայց մենք  ենք որոշում` կատարել այն, թե ոչ:  Շատ դեպքերում չեն ընդունում:  Հիմնականում կարևոր չեն համարում ծնողների կարծիքը:  Բայց նույնիսկ այն դեպքում, եթե ես, չլսելով ծնողներիս, սխալ քայլ կատարեմ, ծնողներս կշարունակեն ինձ աջակցել:  Բայց ես միշտ հաշվի եմ առնում նրանց կարծիքը:

-Դու կարո՞ղ ես ազդել քո ընտանիքի որևէ անդամի ընտրության վրա:

Ես երեք քույր ունեմ:  Նրանց  ընտրության վրա կարող եմ ազդել միայն նրանց հետ խոսելով:  Օրինակ` եթե քույրս ուզում է գնալ Իսպանիա հանգստանալու, ու ես դեմ եմ, ես կասեմ նրան իմացածս բոլոր վատ դեպքերը:  Եթե  իմ քույրը չընդունի իմ խորհուրդները, ես չեմ նեղանա, չեմ վիրավորվի:  Ինձ համար դա նորմալ է:   Նույնիսկ  եթե նա վերադառնա այդ վատ զգացողություններով, ես  վատ  չեմ տրամադրվի նրա հանդեպ ու չեմ էլ ասի` բա որ ասում էի:

-Հիմա խոսենք մեր` տղաներիս սիրած  թեմայից` աղջիկներից:  Կարո՞ղ ես նշել հայ և հոլանդացի աղջիկների հիմնական տարբերությունները:

Մեծ տարբերություն կա հայ և հոլանդացի աղջիկների միջև:  Այնպիսի տպավորություն է, որ հայ  աղջիկները միայն ամուսնանալու մասին են մտածում:  Կարծում են, եթե ամուսնանան`  դրանով կյանքում ամեն ինչ արած կլինեն:  Հոլանդուհիներն էլ են մտածում ամուսնության մասին, բայց բացի դրանից, այլ նպատակներ ու հետաքրքրություններ էլ ունեն. աշխատանք` թեկուզ կես դրույքով, հոբբիներ, կամավորական աշխատանք և այլն:  Հայ աղջիկներն ավելի փակ են: Հոլանդուհին  կարող է հանգիստ խոսել իր զգացմունքներից, տարբեր թեմաներից, իսկ հայ աղջիկը նման բան չի անի: Մեզ մոտ հաճախ կհանդիպես աղջկա, որը լրիվ տղամարդու նման է մտածում և տղամարդու գործեր է անում:  Հայաստանում այդպիսիք բացառություն են:  Մեզ մոտ երևի չես գտնի այնպիսի տղա, որը կանացի հատկություն չունենա:  Դա նկատվում է հենց թեկուզ ճաշ եփելու կամ շարժումների մեջ:  Նկատի ունեմ` նրանք ավելի նուրբ են:  Հայերի մեջ  տղամարդը ընդգծված տղամարդու տեսք ունի, իսկ կինը` կնոջ: Փողոցում քայլող աղջիկներ եմ տեսնում, մտածում եմ` լավն են, քաղցր, սիրուն, բայց չեմ կարծում, որ նրանց հետ խոսելու թեմա կունենամ, որովհետև տեղացի աղջիկները հիմնականում խոսում են եղունգներից, կոշիկներից, մտածում` մազերը որտեղ  սարքեն:  Բայց դա վերաբերում է տեղացի այն աղջիկներին, որոնք չեն շփվել այլ մշակույթների հետ, արտասահման չեն գնացել:

-Երիտասարդներն ինչպե՞ս են վերաբերվում կրոնական հարցերին:  Հիմնական մասն ունի՞ հավատք, թե՞ աթեիստներն են գերակշռում:

Աթեիստներն առավել շատ են քաղաքներում:  Նիդեռլանդներում  մի մասը բողոքականներ են, մյուս մասը` կաթոլիկներ: Իմ ընտանիքը կաթոլիկ է: Ես` նույնպես, բայց այն ինձ իմ ընտանիքը չի փոխանցել: Նրանք չեն ասել` դու  այս կրոնին ես պատկանում, ու վերջ: Ես եմ ընտրել: Կրոնը ոչ թե ընտրություն է, այլ պրոցես, որով անցնում ես: Հոլանդացիները հիմնականում կրոնական դպրոցներ չեն հաճախում: Ես քրիստոնեական դպրոց եմ հաճախել: Ես այնտեղ եմ սովորել, որովհետև հայրիկս այնտեղ էր աշխատում, իսկ դպրոցը մոտ էր: Մեր ընտանիքն ավելի շատ հոգևոր ուղղվածություն ունի:

-Կրոնական հարցերը ձեզ մոտ շա՞տ խիստ են դրված:

Չէ,  նորմալ է, նույնիսկ, երբ կրոնի շուրջ կատակներ ես անում:  Չնայած հումորը մեզ մոտ սահման չունի:  Այն հիմնականում շատ հեգնական է, կարող է և շատ կոպիտ լինել:  Բայց դրանից ոչ ոք չի նեղանում:  Պետք է կարողանալ կյանքին հումորով նայել, այլապես` կյանքը շատ բարդ կլինի:

-Իսկ աղանդներ կա՞ն ձեզ մոտ:

Աղանդներ կան, որոնք մեդիտացիայով են զբաղվում, կան, որ թմրանյութով  ու բռնությամբ են զբաղվում:  Եթե դու չափահաս ես, պետք  է փորձես հեռու մնալ դրանցից ` գիտակցելով վնասը: Հասարակությունը դա շատ ցավոտ չի տանում: Եթե ինչ-որ բան է կատարվում, ինչն  իրենց անմիջականորեն վնաս չի պատճառում, նրանք ցույցի դուրս չեն գա, չեն բողոքի:  Այդպիսի բան կլինի միայն այն դեպքում, երբ իրենց կյանքին անմիջականորեն վտանգ սպառնա: Մնացած դեպքերում` նրանք թքած ունեն:

-Հայաստանում, երբ ասում ես` հոլանդացի տղա, միանգամից գեյ ես պատկերացնում: Ի՞նչն է պատճառը, միգուցե Նիդեռլանդներում այդ երևույթը շա՞տ ազատականացված է,  թույլատրելի, միգուցե համատարա՞ծ է:

Հայաստանում բացառություն են այն մարդիկ, ովքեր ընդունում են համասեռամոլությունը, իսկ մեզ մոտ բացառություն է այն մասը, որը  չի ընդունում դա: Նիդեռլանդական հասարակությունը հետերոսեքսուալներին ու հոմոսեքսուալներին հիմնականում  հավասար է նայում: Երկուսն էլ նույն հավասար իրավունքներն ունեն: Չնայած դրան` մինչև հիմա  էլ գեյ զույգերի վերաբերյալ անեկդոտները քիչ չեն:

-Կպատմե՞ս մեկը:

Բուն ձայն հանելիս սովորաբար  «ուհուու~» է կանչում, իսկ եթե նա գեյ լիներ, կասեր  «յուհուուու~»:  Վերջինս համարվում  է գեյերի  բարևելու ձևը:

-Հոլանդացի երիտասարդությունը քանի՞ տարեկանից է զբաղվում սեքսով:

Հիմնականում  15-16 տարեկանից:  Բայց դրանք հիմնականում աթեիստներն են:  Երիտասարդներ կան, ովքեր ցանկանում  են կույս մնալ մինչև ամուսնությունը, նույնիսկ` տղաները:  Այդ զանգվածը հիմնականում քրիստոնյա, հավատացյալ մարդիկ են: Բայց մեծամասնությունն այդպես չէ: Աղջիկների մասով խնդիրը ոչ թե այն է` կույս է, թե ոչ, այլ քանի հոգու հետ է քնել:

-Կոնկրետ թիվ կա՞:

Աղջկա դեպքում, եթե 6 հոգուց ավելի է սեռական հարաբերություններ ունեցել, տղերքը նորմալ չեն վերաբերի: Տղաների հարցում  այդպիսի թիվ չկա:

-Ինձ` որպես լրագրողի, հետաքրքիր է իմանալ նաև խոսքի ազատության մասին:

Հոլանդացիների կեսը հավատում է, որ խոսքի ազատություն ունի, մյուս մասն էլ ամեն ինչ քաղաքականացնում է և փորձում այն սահմանափակել: Կարծում եմ` Հոլանդիայում խոսքի ազատությունն անհրաժեշտից շատ է: Կան բազմաթիվ լրատվամիջոցներ, որոնք երբեմն թիրախ են դարձնում մեկին և անհարկի  քննադատում: Բայց, հանրությունն այնպիսին է, որ ուշադրություն չի դարձնում, ով ինչ ուզում է թող խոսի իրենց մասին…

-Ըստ քեզ` դու ունե՞ս  խոսքի ազատություն:

Ես համարում եմ, որ ունեմ խոսքի ազատություն ու կարող եմ ասել ամեն ինչ:

Խոսքի ազատության քարոզչությամբ աչքի են ընկնում արվեստագետները: Վերջիններիս շրջանում  ծայրահեղական կարծիք ունենալը շատ դրական է: Այդպիսի արվեստագետներ շատ կան, հասարակությունն էլ չի սահմանափակում դա:

-Ընդհանրապես հայ հասարակությունից  ի՞նչ տպավորություններ ունես :

Ձեզ մոտ կա հասարակական կարծիք, կա հասարակություն, բայց չկա անհատականություն:

-Լավ, վերջում կասե՞ս` Հայաստանում ինչն է քեզ ամենից շատ դուր գալիս:

Ինձ շատ դուր եկան հայկական սովորույթները: Օրինակ` կենաց խմելը: Ինձ շատ է դուր գալիս, երբ մեկը կենաց է ասում, մյուսները լսում են: Դա շատ սիրուն է: Նիդեռլանդներում այդպիսի բան չկա: Ամեն ինչ շատ խառը, նույնիսկ կոպիտ ձևով է լինում: Հայերը նույնիսկ բաժակները նուրբ են խփում, առանձնահատուկ ձևով:

Հ.Գ.

Զրուցակիցս չցանկացավ զետեղել իր լուսանկարը: Դա նրա ազատ ընտրությունն է:

Դիտվել է 2448 անգամ:
Print Friendly

Leave a Reply