Երբ բացակայում է հետևողականությունը

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | May 24, 2010 11:29

Վերջին տարիներին Հայաստանում նամականիշների տպագրության հարցում տարաբնույթ խնդիրներ են առաջանում: Նույնիսկ եղել են ժամանակներ, երբ դրանք փոստային բաժանմունքներում չեն գտնվել: Դժվար է ասել, թե ինչն է պատճառը, սակայն ներկայումս էլ տարբեր խնդիրներ են ծագում, որոնք միայն զարմանալու տեղիք են տալիս: Ահավասիկ դրանցից մեկը: Ի թիվս այլ նամականիշների, 2010-ին  նախատեսված է մարզական թեմաներով մի շարք նամականիշներ տպագրել: Ամառային և ձմեռային օլիմպիական խաղերից առաջ կամ դրանց անցկացման օրերին նամականիշներ տպագրելու ավանդույթ կա: Մասնավորապես,  սպասվում էր, որ նամականիշ կլինի` նվիրված Կանադայի Վանկուվեր քաղաքում կազմակերպված ձմեռային օլիմպիական խաղերին: Այդ ստուգատեսը վաղուց ավարտվել է, բայց դեռ ոչ մի նամականիշ չկա: Փաստորեն, այլևս իմաստ էլ չունի, որ այն տպագրվի, առավելևս, որ Հայաստանի ներկայացուցիչներն այդ ստուգատեսում անփառունակ մրցելույթներ ունեցան:

Ֆիզկուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ուսումնական մասի վարիչ, պրոֆեսոր, ատլետիկայի միջազգային կարգի մրցավար Յուրի Կուպալյանը Հայաստանի կապի և տրանսպորտի նախարարությանը կից նամականիշների թողարկման հանձնաժողովի անդամ է: Նա  շատ մտահոգված է այս իրավիճակով, քանի որ մարզական թեմաներով նամականիշների հարուստ հավաքածու ունի: Ընդ որում, 76-ամյա մասնագետի` մարզական թեմաներով  նամականիշների հավաքածուները քանիցս մեդալների են արժանացել օլիմպիական խաղերին զուգահեռ կազմակերպվող ցուցահանդես-մրցույթներում:  1980-ից  Կուպալյանը պարբերաբար մասնակցել է օլիմպիական խաղերի մայրաքաղաքներում անցկացվող այդ ստուգատեսներին և օլիմպիական մեդալների է արժանացել: Մասնավորապես, վերջին` 2008-ին Չինաստանի մայրաքաղաք Պեկինում անցկացված օլիմպիական խաղերի օրերին կազմակերպված մրցույթում Կուպալյանի ներկայացրած նամականիշների երկու հավաքածուներին շնորհվել էին  ոսկե և արծաթե մեդալներ:

«Նախատեսվում էր, որ ձմեռային օլիմպիական խաղերին նվիրված երեք նամականիշով գեղաթերթիկ պետք է թողարկվի: Բայց անհասկանալի պատճառներով այս անգամ ամեն ինչ ձգձգվել է, և փաստի առաջ ենք կանգնել, այդ գեղաթերթիկը առայժմ գոյություն չունի: Այսպիսի ռուսական ասացվածք կա` «լավ է, որ գդալը ճաշի ժամանակ սեղանին դրված լինի,  հետո այն պետք չի գա»,-փորձեց կատարվածը կատակի վերածել Կուպալյանը: Սակայն, ամեն ինչ շատ լուրջ է և, պարզապես, անպատասխանատու վերաբերմունքի արդյունք: Ընդ որում, միայն մարզական  թեմաներով նամականիշների տպագրության հարցում չէ, որ այսպիսի պատկեր է:

Կուպալյանը ցավով նշեց, որ ԱՊՀ բոլոր երկրներում նամականիշներ են տպագրվել` նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 65-ամյակին, բայց  Հայաստանում այդ թեմայով նամականիշի նախագիծ անգամ չկա: Դժվար է ասել, թե մեր երկրում ինչը կարող է գործին օգնել: Կարելի է մտածել, որ սա էլ ներքին կարգով լուծելի խնդիր է: Օրինակ` շախմատային կոմպոզիտոր Հենրիկ Գասպարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված նամականիշն արտապլանային կարգով արդեն թողարկվել է: Թերևս հարցի լուծմանն օգնել է այն, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նաև Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահն է: Ի դեպ, այս տարի մարզական թեմաներով մի շարք նամականիշների տպագրություն է սպասվում: Մնում է, որ դրանց էլ տեր կանգնեն, որպեսզի ժամակին լույս աշխարհ գան:

2009-ի դեկտեմբերին տպագրվել էր «Հայաստանի օլիմպիական խաղերի չեմպիոնները» շարքի առաջին  գեղաթերթիկը, որի վրա երեք նամականիշներ են` մարմնամարզիկ Հրանտ Շահինյանի, ժամանակակից հնգամարտիկ Իգոր Նովիկովի,  մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանի դիմանկարներով: Այժմ արդեն այդ շարքի գեղաթերթիկ է տպագրվելու օլիմպիական խաղերի չեմպիոններ բռնցքամարտիկ Վլադիմիր Ենգիբարյանի, ատլետ Ֆաինա Մելնիկի, ծանրորդ Յուրի Վարդանյանի դիմանկարներով: Ամռանը Հարավաֆրիկյան Հանրապետությունում և Սինգապուրում կայանալիք ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկությանը և  պատանեկան առաջին օլիմպիական խաղերին նվիրված նամականիշներ են պատրաստվելու: Միասնական նամականիշ է տպագրվելու` նվիրված «Մարմնամարզ» հանդեսի հրատարակման և Թուրքիայում անցկացված Հայ օլիմպիական խաղերի 100-ամյակին: Կուպալյանը  հայտնեց, որ զգալի գործ է արվել, խանգարող հանգամանքներ էլ չկան, մնում է միայն հետևողականություն դրսևորել, որպեսզի այդ նամականիշները ժամանակին տպագրվեն:

Դիտվել է 1290 անգամ:
Print Friendly

Leave a Reply