Հեռուստատեսության հիմնադիրը չի սիրել հեռուստացույց նայել

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | May 24, 2010 11:31

Նոր սերնդից քչերին է բախտ վիճակվել հաղորդակցվել ճանաչված  արվեստագետ, ՀՀ վաստակավոր նկարիչ  և հեռուստատեսության հիմնադիր-նկարիչ Արշալույս Չիֆլիկյանի հետ: Սակայն նրա զավակները,  իրենց  հոր գրական ժառանգության «ԸՆՏՐԱՆԻ»-ն  հրատարակելով, նման հիանալի հնարավորություն են ստեղծել: Գիրքն ամփոփում է Արշալույս Չիֆլիկյանի մեծածավալ գրական ժառանգության մի մասը: Իսկ գրքի ձևավորման  նյութերն ընտրվել են հեղինակի նկարչական ժառանգությունից: «Անկախի» թղթակիցը երեկ` շնորհանդեսի նախօրեին, այցելեց Սեդա և Եղիանուշ քույրերին, որոնք հաճույքով թերթեցին իրենց  մանկության հուշերի ալբոմը:

«Մեր դաստիարակության և գեղագիտական ճաշակի վրա հայրս լուրջ ազդեցություն է  ունեցել: Նա շատ էր սիրում մեզ հետ զբոսնել և խոսել արվեստից, պատմել համաշխարհային ճանաչում ունեցող արվեստագետների ու անվանի մարդկանց  ստեղծագործությունների մասին: Շրջապատի համար նկատելի է, որ մեր մեջ եղած ճաշակը ժառանգաբար է փոխանցվել: Նույնիսկ համադասարանցիներս այսօր խոստովանում են, որ դպրոցական տարիներին հայրիկիս գործերն իրենց ճաշակի ձևավորման հարցում  մեծ ազդեցություն են ունեցել: Դաշնամուրի դասերի էի հաճախում, և երբ նա էր պարապմունքի  տանում,  մինչև դասի ավարտվելը սպասասրահում նկարում էր»,-կարոտով հիշում է Սեդան:

Արշալույս Չիֆլիկյանի սերը երեխաների նկատմամբ անսահման է եղել: Նա վաղ տարիքից երեխաների մեջ դաստիարակել է սեր դեպի գրականությունն ու ընթերցանությունը, արվեստն ու մշակույթը: «Մանկության տարիներին, եթե պատկերազարդ նոր մանկական գիրք էր հրատարակվում, հայրիկը պարտադիր մեզ համար ձեռք էր բերում»,- հիշողությունների գիրկն ընկնելով`  ասում է Եղիանուշը: «Երբեք չէր ջղայնանում: Հիշում եմ` մի անգամ հեռուստատեսային մի հաղորդման տաղավարի ձևավորման համար նկարում էր, ես այդ պահին անցա, ու ջրով բաժակը շուռ եկավ: Չարչարանքով արված գործն ամբողջությամբ փչացրեցի: Միայն այդ ժամանակ ջղայնացավ»,-ծիծաղով հիշում է Սեդան:

Չիֆլիկյան դուստրերը հիշում են, թե  իրենց հայրն ինչպես էր հետևում  առողջ  ապրելակերպի  կանոններին: Նա մինչև կյանքի վերջն ամեն օր առավոտյան ժամը 6-ին  իրենց  բակի հարակից այգում գտնվող լողավազանում լողացել և  մարզել է մարմինը`  անգամ ցուրտ եղանակին: Բավական է նշել, որ մինչև 88 տարեկանը երբեք ակնոց չի կրել:  Չիֆլիկյանն ապրել է իր ստեղծած աշխարհում` հարուստ գույներով ու մեղեդիներով:  Քույրերը հիշում են,  թե իրենց հայրն ինչ նվիրումով է աշխատել: Հոր այդ վարքագիծը նրանց  համար դարձել է օրինակելի:

Նա բնությունից  ստացածը փոխանցել է շրջապատին: «Մուսան որ պահին  գար,   նկարում կամ գրում էր, այդ պահին նա  հեռանում էր իրականությունից  և հայտնվում իր աշխարհում` վայելելով յուրաքանչյուր վայրկյանը: Տարիներ շարունակ  համեստորեն չէր խոսում իր  ստեղծագործությունների մասին և երբեք չի ձգտել գրողների կամ նկարիչների միության անդամ դառնալ, մինչդեռ լիովին վաստակել էր այդ իրավունքը: Հայրս կոչումների ու փառքի մասին երբեք չէր մտածում,  չէր ձգտում իրեն ներկայացնել, նրան ընդամենը պետք էր հագեցնել իր հոգու ծարավը: Նրա գործերը երկար տարիներ մնացել են դարակում: Անընդհատ պրպտում էր, ստեղծագործական միտքը շարունակ ինչ-որ բան էր փնտրում: Հավատարմորեն նվիրված էր իր գործին և երբեք չի փորձել իր արած գործի համար փոխհատուցում ստանալ: Երբեք իր գործերը չի վաճառել, բաց միշտ նվիրել է շրջապատին: Ստեղծագործելու համար էր ծնվել և մինչև կյանքի վերջն այդպես էլ ապրեց,- հպարտորեն հիշում են Չիֆլիկյան քույրերը:- Նրա ներկայությամբ  երբեք ավելորդ լարվածություն չի եղել, քանի որ ժամանակը շատ լավ էր հասկանում ու զգում: Նրանից  միշտ բարություն  և լույս էր ճառագում»:

Թեպետ  Արշալույս Չիֆլիկյանը հայկական հեռուստատեսության հիմնադիրներից է, հեռուստացույց նայել չի սիրել: Փոխարենը նախընտրել է  կարդալ, գրել, նկարել: «Երբ սև ու սպիտակ էկրանին եկավ փոխարինելու գունավորը, նա չէր համակերպվում այդ փոփոխության հետ, կարծում էր, որ գունավոր էկրանը աղավաղում է իրական պատկերները: Գունավոր էկրանին  չէր նայում, որպեսզի իր համար գունային ու պատկերային ընկալումները չձևախեղվեն, քանի որ բնությունը նրան շռայլել էր գեղեցիկը տեսնելու  բացառիկ ունակությամբ»,-ասում է Սեդան:

Արշալույս Չիֆլիկյանը հայրական  խորհուրդ է տվել, որ  ծնողից ավելի սիրեն հայրենիքը:  «Մանկության տարիներին մահճակալիս գլխավերևում փակցված էր Սիամանթոյի խելագարության պատկերը: Նա ոչ միայն սիրում էր հայ, այլև արտասահմանյան գրականությունը: 85 տարեկանում շատ էր ցանկանում կարդալ Ջորջ Բայրոնի գործերը,  հիշում եմ, որ երկու հատորը դժվարությամբ կարողացանք ձեռք բերել»,-պատմում է Եղիանուշը:

Չիֆլիկյան քույրերը, իբրև թանկ  մասունք, խնամքով պահում են իրենց հոր ցանկությունների բացիկները,  դրանց մեջ հայրական իմաստուն խորհուրդներ են, որոնք  դարձել են ոսկե կանոն: Օրինակ` «Աշխատանքն է գեղեցկացնում մարդուն: Ոչ մի հարստություն մարդուն մարդ չի կարող դարձնել, ինչպես նրա աշխատանքը»:

«Մի անգամ մեր  պտղատու այգում, երբ իմ ձեռքով  ելակ էի քաղում, նայեց ինձ ու ժպիտով ասաց. «Ես այնքան հանգիստ եմ, որ դու հողի հետ ես աշխատում, ուրեմն դու առողջ կլինես»»,- ժպիտով հիշում է Եղիանուշը: Իսկ բնության հետ կապը Արշալույս Չիֆլիկյանը դեռ մանկուց է սերմանել իր երեխաների մեջ: «Հանգստյան օրերին` շաբաթ, կիրակի, առավոտյան նա պատրաստում էր մեր նախաճաշը և մեզ տանում  Հրազդանի կիրճ, այնտեղ զբոսնում էինք, զրուցում, նախաճաշում»,-հիշում է Սեդան:

««Սայաթ Նովա» ֆիլմի նկարիչը հայրս էր, երբ էկրան բարձրացավ, հիշում եմ, թե  ինչպես էին մարդիկ Չիֆլիկյան ազգանունով հետաքրքրվում: Երբ կարդում էին իմ ազգանունը, անմիջպես հաջորդում էր անթաքույց զարմանքը. «Սա «Սայաթ Նովա» ֆիլմի Չիֆլիկյա՞նն է»»,-ժպիտով հիշում է Սեդան: Չիֆլիկյան քույրերը հպարտանում են ոչ միայն իրենց ազգանունով, հոր բարի համբավով, այլև նրա ընկերներով. Ռաֆայել Արամյան, Ազատ Շահինյան,  Վարդան Աճեմյան, Կարպ Խաչվանքյան և այլք:

Թեպետ Արշալույս Չիֆլիկյանից իր ժառանգներին  փոխանցվել է  գեղանկարչական ջիղը, սակայն ոչ ոք չի  շարունակել հոր ուղին:  Չիֆլիկյանների ընտանիքում  դեռ նրա անունը շարունակողը չի ծնվել. «Եղբայրս պետք   է իր երեխաներին կնքի հորս անունով, բայց նրա երեխաները աղջիկ են: Գուցե ծոռներից որևէ մե՞կը նրա անուն ազգանունը շարունակի»,- ասում է Սեդան:

Չիֆլիկյան քույրերը հայրիկի շունչն ու ներկայությունն ամեն վայրկյան զգում ու ապրում են: Նրա գործերը զարդարում են իր ժառանգների տան պատերը և   տան մթնոլորտը լցնում արվեստի շնչով: «Մեր թոռնիկները նույնպես դաստիարակվում են Արշալույս Չիֆլիկյանի ստեղծագործություններով»,-ասում է Սեդան: «Այս գրքի հրատարակությունը մեր հոր  հիշատակը վառ պահելու համար  կազմակերպեցինք: Չէինք կարող չգնահատել նրա սերն իր գործի նկատմամբ, նա նվիրված էր ոչ միայն գրականությանը, այլև նկարչությանը: Մտածեցինք` երևի նրա հիշատակը վառ պահելու լավագույն միջոցը նրա գործերը հրատարակելն է: Հարկ համարեցինք, որ սերունդները նույնպես դաստիարկվեն նրա օրինակով, գիտակցեն, թե կյանքում ինչն է արժեքավոր ու մնայուն»,- խոստովանում է Եղիանուշը:

Դիտվել է 1649 անգամ:
Print Friendly

Leave a Reply