Առաջին օգնություն արյունահոսությունների ժամանակ

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | May 24, 2010 11:27

Մարդու կյանքի համար ամենից վտանգավորը անոթների վնասվածքներն են և, որպես դրանց հետևանք, արյունահոսությունները: Արյունահոսությունը առաջին հերթին վտանգավոր է նրանով, որ այն կարող է նկատելի արյան կորուստների հանգեցնել:

Խոշոր անոթների արյունահոսությունները (մանավանդ զարկերակային արյունահոսությունները) կարող են մի քանի րոպեների ընթացքում մահվան հանգեցնել:

Շատ վտանգավոր են արյունահոսությունները երեխաների և ծեր մարդկանց համար (70-75 տարեկան մարդիկ նույնիսկ շատ փոքր արյան կորուստը շատ վատ են տանում): Կանայք արյունահոսությունները ավելի հեշտ են տանում, քան տղամարդիկ:

Մարդու օրգանիզմում կա մոտ 5 լիտր արյուն, և մարդը կարող է առանց առողջությունը վտանգելու կորցնել դրա մոտ 10-15%-ը: 2-2.5 լիտր արյուն կորցնելու դեպքում հնարավոր է ուշագնացություն և, օգնություն չցուցաբերելու դեպքում, նույնիսկ մահ:

Արյունահոսությունները կարելի է բաժանել 2 խոշոր խմբերի` ներքին և արտաքին:

Ներքին արյունահոսություններ

Ներքին արյունահոսության ժամանակ արյունը մնում է օրգանիզմի ներսում` որպես կանոն գնալով դեպի որովայնային խոռոչը, գանգային խոռոչը կամ կրծքավանդակը:

Ի տարբերություն արտաքին արյունահոսության, ներքին արյունահոսությունը այդքան ,ակներևե չի, բայց այն կարելի է ախտանշել տուժողի արտաքին տեսքից. ներքին արյունահոսության ժամանակ մարդու ողջ մարմնով սառը քրտինք է հայտնվում, մարդը սփռթնում է, մաշկը ասես սպիտակում է, շնչառությունը դառնում է արագ, մակերեսային, պուլսը նույնպես արագանում է և թույլանում: Տուժողը թուլություն է զգում և գլխապտույտ, նրա աչքերի առաջ ասես մթնում է:

Նման ախտանիշների ի հայտ գալու դեպքում տուժողին հարկավոր է պառկացնել կամ նստեցնել և ենթադրյալ արյունահոսության տեղում սառը դնել (սառույց, ձյուն, սառը շիշ…): Ապա պետք է տուժողին արագ հասցնել մինչև մոտակա բուժհաստատությունը, քանի որ ներքին արյունահոսության ժամանակ բժշկական օգնությունը` հնարավորինս շուտ, անհրաժեշտ է:

Արտաքին արյունահոսություն

Արտաքին արյունահոսությունը լինում է տարբեր տեսակների` կախված այն բանից, թե ինչ անոթ է վնասվել:

Մազանոթների արյունահոսությունները որպես կանոն լինում են տարբեր ոչ ծանր վնասվածքների հետևանքով: Արյունահոսությունը մակերեսային է, արյունը վառ կարմիր գույնի է, թույլ, արյան կորուստը` փոքր:

Եթե չկան արյան մակարդելիությունը վատացնող հիվանդություններ, մազանոթային արյունահոսությունը վտանգավոր չէ, քանի որ այն որպես կանոն ինքնիրեն է կրտվում: Կարելի է ուղղակի վերքին յոդ քսել ու վիրակապել վնասվածքը, որպեսզի ինֆեկցիա չներթափանցի: Եթե ձեռքի տակ յոդ և բինտ չկա, վերքը կարելի է մաքուր անձեռոցիկով կամ թաշկինակով փաթաթել:

Երակային արյունահոսության ժամանակ վնասվածքից ծորում է մուգ գույնի երակային արյուն և կա արյան կորուստի վտանգ: Այսպիսի արյունահոսությունը կանգնեցնելու համար հարկավոր է վնասվածքը պինդ վիրակապել (բինտով կամ ինչ-որ մաքուր կտորով) և սառեցնել (սառույց, ձյուն, սառը շիշ…):

Ամենավտանգավոր արյունահոսությունը զարկերակայինն է: Այն առաջին իսկ հայացքից տարբերվում է բոլոր այլ տեսակի արյունահոսություններից. վառ կարմիր գույնի արյունը արագորեն ժայթքում է` պուլսի ռիթմին համաձայն:

Զարկերակային արյունահոսության ժամանակ առաջին օգնության գլխավոր նպատակն է կանգնեցնել արյունահոսությունը գոնե ժամանակավոր` մինչև բժշկական օգնություն ցուցաբերելը: Ու դա պետք է անել շատ արագ և ճիշտ, քանի որ մարդը կարող է հաշված րոպեների ընթացքում կորցնել վտանգավոր քանակությամբ արյուն և մահանալ:

Առաջին հերթին պետք է մատներով սեղմել զարկերակը ոսկորին` վնասվածքից վերև, որպեսզի կանգնեցնել կամ թուլացնել արյունահոսությունը:

Ապա վնասված վերջույթը, մանավանդ եթե դա ձեռքն է կամ ոտքը, պետք է ձգել լարանով (ՋչցՑ): Լարանի դեր կարող է խաղալ գոտին, վզկապը, փողկապը կամ, եթե ձեռքի տակ ոչ մի հարմար բան չկա, պատռած հագուստի կտորը: Լարանը պետք է ձգել վնասվածքից մոտ 5-7 սմ վերև: (Վզի զարկերակի վնասման դեպքում պետք է վերքը պինդ, բայց զգույշությամբ, որ տուժողին չխեղդել, սեղմել մատներով կամ չքանդված բինտով և շուտ դիմել բժիշկի)

Եթե լարանը ճիշտ է ձգած, արյան մատակարարումը դեպի վնասված զարկերակը դադարում է և պուլսացիան լարանից ներքև արդեն չի զգացվում: Բայց շատ ուժեղ ձգել լարանը նույնպես չի կարելի, քանի որ կարելի է վնասել մկանը, նյարդերը, իսկ դա կարող է վերջույթի կաթվածահարության պատճառ դառնալ:

Կարևոր է հիշել, որ լարանը չի կարելի ձգել մերկ վերջույթի վրա և չի կարելի պահել այն երկու ժամից ավել` ամռանը, և մեկ ժամից ավել` ձմռանը: Այդ պատճառով պետք է գրանցել լարանի ձգման օրն ու ժամը և 1.5-2 ժամը մեկ թուլացնել այն, որպեսզի վերջույթը սնուցում ստանա այլ անոթներից: Լարանը թուլացնելու ժամանակ վնասված զարկերակը պետք է սեղմել մատներով: 10-15 րոպե հետո լարանը կարելի է նորից ձգել, բայց արդեն մի քիչ ավելի վերև կամ ներքև:

Հիշեք, որ լարանը ձգելուց հետո տուժողին պետք է հասցնել մոտակա հիվանդանոցը: Եւ դա ցանկալի է անել հնարավորինս արագ:

Դիտվել է 4648 անգամ:
Print Friendly

Leave a Reply