ԱԺՄ-ն դեմ է օտարալեզու դպրոցների վերաբացմանը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 21, 2010 17:00

Ազգային ժողովրդավարական միություն կուսակցության հայտարարությունը

Վերջերս ՀՀ կառավարութունը Ազգային ժողով  է ներկայացրել «ՀՀ լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու  մասին նախագիծը, ինչը տարակարծություններ է առաջացրել մեր հասարակության  մեջ: Այդ փոփոխությունները թույլ  են տալիս օտարալեզու հանրակրթական դպրոցների մուտքը հայկական կրթական տարածք:

Ամեն  մի սերունդ իր ազգային մտածողությունը, մշակույթը եւ պատմությունը կարող  է լիարժեք ընկալել եւ կրել` կրթություն ստանալով միմիայն ազգային դպրոցում: Ներկա պայմաններւմ, երբ գլոբալիզացիան  իր բոլոր դրական բաղադրիչների հետ միասին մեծ վտանգներ է պարունակում (հատկապես փոքրաքանակ ազգերի համար) ազգային ինքնության պահպանման տեսակետից էլ ավելի կարեւոր է դառնում ազգային հանրակրթական դպրոցի դերը, եւ բոլոր պետությունները ձգտում են պաշտպանել իրենց ազգային արժեքները հենց հանրակրթական դպրոցի միջոցով` պահպանելով մենաշնորհային դիրքերը այս ոլորտում:

Մեծագույն մոլորություն է լեզուն դիտարկել սոսկ որպես շարքային «դպրոցական առարկա»  կամ պարզապես միայն մարդկային  շփման միջոց: Լեզուն, լեզվամտածողությունը  հոգեւոր, գենետիկ արմատներ ունեն: Օտարալեզու դպրոցն իր հետ բերելու է օտար կրթական համակարգ, օտար մտածողություն, օտար հոգեբանություն, օտար աշխարհընկալում:

Չկարողանալով  մշակել ճիշտ քաղաքականություն կրթական  համակարգում` ոլորտի պատասխանատուները ցանկանում են մեր ժողովրդի ապագային առնչվող այս կարեւորագույն բնագավառը հանձնել օտարներին: Այս փաստը խոսում է այդ պատասխանատուների մոտ պետականության զգացողության իսպառ բացակայության մասին:

1.ԱԺՄ-ն  գտնում է, որ  «ՀՀ լեզվի մասին»  գործող օրենքը  չի խոչընդոտում  օտար լեզուների  խորացված ուսուցմանը` ընդհուպ մինչեւ  բարձր դասարաններում պարտադիր ծրագրից դուրս որոշ ֆակուլտատիվ առարկաների դասավանդմանը օտար լեզուներով:

2.ԱԺՄ-ն  դեմ է «ՀՀ լեզվի  մասին» օրենքում  փոփոխություններ  կատարելու ՀՀ կառավարության  ներկայացրած նախագծին  եւ կոչ է անում  բոլոր շահագրգիռ  կազմակերպություններին եւ անհատ քաղաքացիներին միավորել իրենց ուժերը` պայքարելու  այդ օրինագծի դեմ:

Դիտվել է 1578 անգամ:
Print Friendly

Leave a Reply