Հարուցվել է քրեական գործ` կանխամտածված, կեղծ սնանկության դեպքի առթիվ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 21, 2010 16:02
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` կանխամտածված, կեղծ սնանկության դեպքի առթիվ:
«Մոնտեկոմ» ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարչի ներկայացրած հաղորդման ստուգմամբ պարզվել է, որ նշված ընկերության տնօրենը, 2009թ. հոկտեմբերի 19-ի թիվ 1003391 ակտով արձանագրված 1 843 700 դրամ հարկային պարտավորությունը պետբյուջե չվճարելու նպատակով, կանխամտածված ստեղծել է անվճարունակության հատկանիշներ:
Մասնավորապես` 2008թ. մարտ-մայիս ամիսներին թվով հինգ հաշիվ-ապրանքագրերով «Արմենտել» ՀՁ ՓԲ ընկերությունից ձեռք է բերել 1 668 130 դրամի բջջային կապի կանխավճարային քարտեր եւ դրանց իրացումից, ինչպես նաեւ ծառայություններ մատուցելու դիմաց ստացած 3 562 200 դրամ գումարները չի մուտքագրել ՍՊ ընկերության դրամարկղ կամ բանկային հաշիվ: Դրանց վերաբերյալ Գավառի տարածքային հարկային տեսչություն հաշվետվություններ չի ներկայացրել եւ հարկեր չի վճարել: Այնուհետեւ պատճառաբանելով, որ գործունեության ընթացքում ընկերությունը ձեռք չի բերել եւ չունի որեւէ գույք, պարտքերը չվճարելու նպատակով ՍՊԸ տնօրենը 2009թ. դեկտեմբերի 21-ին դիմել է ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` ընկերությունը սնանկ ճանաչելու խնդրանքով: Դատարանի` 2009թ. դեկտեմբերի 25-ի վճռով դիմումը բավարարվել է, եւ ՍՊ ընկերությունը սնանկ է ճանաչվել:
Դեպքի առթիվ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ եւ 194-րդ հոդվածներով: Քրեական գործն ուղարկվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչություն` նախաքննություն կատարելու համար:






Facebook
Tweet This
Email This Post
