ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 21, 2010 15:45

Մայիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունին: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` ՀՀ Ազգային ժողովի նախագահը համոզմունք հայտնեց, որ այն կնպաստի շատ բարձր մակարդակի վրա գտնվող հայ-չինական հարաբերությունների զարգացմանը:
Չինաստանի դեսպանը ՀՀ ԱԺ նախագահին փոխանցեց ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Ու Բանգոյի ողջույնները: Նրա խոսքերով` Հայաստանի ու Չինաստանի խորհրդարանների միջեւ շատ լավ հարաբերություններ են հաստատված, իսկ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի` Չինաստան կատարած այցը լուրջ խթան հանդիսացավ դրանց, ինչպես նաեւ այլ ոլորտներում կապերի ակտիվացման համար:
Հովիկ Աբրահամյանը նշեց, որ, չնայած երկրների միջեւ առկա մեծ հեռավորությանը, ամեն ինչ պիտի անել` զարգացնելու հարաբերությունները բոլոր ոլորտներում, ինչի համար մեծ ներուժ կա: ՀՀ ԱԺ նախագահն առաջարկեց անցկացնել գործարար համաժողովներ` երկու երկրների գործարարների միջեւ շփումներն ակտիվացնելու նպատակով: Նա իր պատրաստակամությունը հայտնեց որպես խորհրդարանի նախագահ աջակցել փոխհարաբերությունների զարգացմանը եւ ընդլայնմանը:

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Դիտվել է 2167 անգամ:
Print Friendly

Leave a Reply