Լրագրողների հարցերին է պատասխանել Էդվարդ Նալբանդյանը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 21, 2010 15:34

Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Արգենտինայի ԱԳ նախարար Խորխե Տայանան  հանդիպումից հետո համատեղ ասուլիս են  տվել՝ պատասխանելով նաև լրագրողների հարցերին:

Տայայան Հայաստանում է առաջին անգամ և այսօր նրա մասնակցությամբ պաշտոնապես կբացվի նաև Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության դեսպանությունը:

Նալբանդյանն ասուլիսի ժամանակ ասել է.  «Չնայած  աշխարհագրական հեռավորությանը, մեր ժողովուրդներն առանձնահատուկ ջերմությամբ եւ համակրանքով են վերաբերվում միմյանց, ինչը պարտավորեցնում է գործուն քայլեր ձեռնարկել Հայաստանի եւ Արգենտինայի հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու ու ընդլայնելու, միջազգային ասպարեզում համագործակցությունը խորացնելու համար:

Նախարար Տայանայի հետ մեր հանդիպումը բավական արդյունավետ էր: Մենք քննարկեցինք երկկողմ օրակարգի բազմաթիվ հարցեր, նախանշեցինք նաեւ համագործակցության հետագա խորացմանն ուղղված քայլերը:

Հայաստանն ու Արգենտինան հաջողությամբ գործակցում են բազմաթիվ բնագավառներում` որի համար ամուր հիմք է ստեղծում երկու երկրների միջեւ ձեւավորված իրավապայմանագրային դաշտը, որի ընդլայնման անհրաժեշտությանն անդրադարձանք նաեւ այսօր»:

Հարց. -Ըստ թուրքական, ադրբեջանական ԶԼՄ-ների լուրերի, որոնք արտատպեցին նաեւ որոշ հայկական լրատվամիջոցներ, Թուրքիայի ներգրավմամբ քննարկվում է ԼՂՀ վերահսկողության տակ գտնվող 2 շրջաններից ղարաբաղյան զորքերը դուրս բերելու հարցը: Երեկ սկսեցին գրել, որ հայ-թուրքական բանակցային սեղանին նոր փաստաթուղթ է հայտնվել: Արդյոք, հիմք ունե՞ն այդ խոսակցությունները:

Է. Նալբանդյան. – Դա բացարձակ սուտ է, իսկ ստերը չեն պահանջում որեւէ մեկնաբանություն:

Հարց. – Երեկ Եվրախորհրդարանն ընդունել է Հարավային Կովկասի վերաբերյալ հերթական բանաձեւը, որտեղ ղարաբաղյան հիմնախնդրին առնչվող որոշակի ձեւակերպումներ կան: Ինչպե՞ս կմեկնաբանեք դրանք:

Է. Նալբանդյան. – Նախեւառաջ, ես կցանկանայի հայտնել մեր հարգանքը Եվրախորհրդարանի հանդեպ: Բայց զեկույցի մեջ պարունակվող Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ դրույթները համահունչ չեն ոչ Մադրիդյան սկզբունքներին, ոչ լ’Ակվիլայի հայտարարությանը, ոչ Մոսկվայի Հռչակագրին, որոնց մասին հիշատակվում է հենց այդ զեկույցի մեջ:

Ակնհայտ խառնաշփոթ է ձեւակերպումների եւ կարծեմ պատճառներից մեկն այն է, որ զեկույց գրողը երբեւէ չի եղել Ղարաբաղում, տարածաշրջանում այս զեկույցը գրելիս եւ չի խորհրդակցել անգամ Եվրամիության անդամ եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ հանդիսացող Ֆրանսիայի ներկայացուցչի հետ, եւ դրա պատճառով է, որ այս որոշ դրույթները հակասում են նաեւ Եվրամիության դիրքորոշմանը, որը բազմիցս արտահայտվել է: Եվրամիության դիրքորոշումը արտահայտվեց 2009թ. դեկտեմբերին Աթենքում բավականին ընդարձակ հայտարարությամբ եւ այդ դիրքորոշումը լիովին համահունչ է Հայաստանի տեսակետներին:

Հարց. – Պարոն Նալբանդյան,  Միջազգային հանրությունը բազմիցս քննադատել է Թուրքիայի իշխանություններին, որոնք շաղկապում էին ղարաբաղյան հիմնախնդիրը հայ-թուրքական կարգավորման գործընթացի հետ: Թերեւս Ռուսաստանի նախագահն առաջինն էր, այդ երկրների ղեկավարներից մեկը, ով Թուրքիա կատարած այցի ընթացքում ասուլիսի ժամանակ նշեց, որ Ռուսաստանն իր ազդեցությունը կօգտագործի ղարաբաղյան հիմնախնդիրն առաջ մղելու համար: Դուք ինչպե՞ս եք մեկնաբանում այդ փաստը, որ Ռուսաստանը, լինելով ռազմավարական գործընկերը Հայաստանի, ղարաբաղյան հիմնախնդրի հարցում Թուրքիայի հետ ասուլիսում նման արտահայտություն է անում:

Է. Նալբանդյան. – Նախեւառաջ, ես չեմ տեսնում ձեր հարցի տրամաբանությունը, որովհետեւ, բնականաբար, Ռուսաստանը, լինելով եռանախագահող երեք երկրներից մեկը, իր նպաստն է բերում կարգավորմանը եւ բավական կարեւոր եւ կառուցողական դեր ունի Ղարաբաղի հիմնախնդրի լուծման գործընթացի մեջ: Թե դա արտահայտվել է որ պահին եւ որտեղ, դա որեւէ բան չի փոխում այդ կառուցողական դիրքորոշման իմաստով: Բնականաբար, որ եռանախագահների կողմից գործադրվող ջանքերի հետ միասին նաեւ գիտեք, որ բավական մեծ անձնական ներդրում ունի այդ ջանքերի մեջ նաեւ Ռուսաստանի նախագահը` պարոն Մեդվեդեւը, որի նախաձեռնությամբ մի շարք հանդիպումներ են կայացել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ, եւ բնական է, որ Ռուսաստանի նախագահն արտահայտում է իր ցանկությունը շարունակել այդ ջանքերը օգնելու կողմերին խնդրի կարգավորման համար:

Հարց.- Կճշտեի՞ք, կոնկրետ Թուրքիայի իշխող կուսակցության փոխնախագահը նշեց, որ Հայաստան-Թուրքիա բանակցային սեղանին նոր փաստաթուղթ է դրված: Կա՞, արդյոք, նման փաստաթուղթ, թե ոչ:

Է. Նալբանդյան. – Նախորդ հարցի մեջ այդ հարցն արդեն հնչեց, եւս մեկ անգամ ճշտեմ, եւս մեկ անգամ ասեմ, որ դա բացարձակ սուտ է եւ ստերը մեկնաբանելու կարիք չունեն:

Դիտվել է 1116 անգամ:
Print Friendly

Leave a Reply