Հանդիպել են Հայաստանի և Արգենտինայի ԱԳ նախարարները

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 21, 2010 15:21

Այսօր  արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է  աշխատանքային այցով Հայաստան ժամանած Արգենտինայի արտաքին հարաբերությունների, առեւտրի եւ պաշտամունքի նախարար Խորխե Տայանային (Jorge Taiana):

Նախարար Նալբանդյանը գոհունակությամբ արձանագրել է, որ հայ-արգենտինական հարաբերությունները նոր փուլ են թեւակոխում, դա է վկայում նախարար Խորխե Տայանայի մասնակցությամբ Հայաստանում Արգենտինայի դեսպանատան բացումը: Նախարար Նալբանդյանը շնորհավորել է  իր արգենտինացի գործընկերոջը Արգենտինայի անկախության 200-ամյակի, ինչպես նաեւ Երեւանում դեսպանության բացման կապակցությամբ` նշելով, որ Հայաստանը եւս իր առաջին դեսպանությունը Հարավային Ամերիկայում բացել է Արգենտինայում:

«Չնայած աշխարհագրական հեռավորությանը, մեր ժողովուրդներն առանձնահատուկ ջերմությամբ եւ համակրանքով են վերաբերվում միմյանց, ինչը պարտավորեցնում է գործուն քայլեր ձեռնարկել Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ հարաբերություններն առավել ամրապնդելու ու ընդլայնելու համար, խորացնելու համագործակցությունը միջազգային ասպարեզում» – ասել է  Նալբանդյանը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է  գնահատել արգենտինահայ համայնքի դերակարատությունը երկկողմ հարաբերությունների ձեւավորման գործում: Էդվարդ Նալբանդյանը համոզմունք  է հայտնել, որ Խորխե Տայանայի առաջին այցը Հայաստան եւս նոր լիցք կհաղորդի երկու բարեկամ երկրների արտաքին գերատեսչությունների գործակցության խորացմանն ու հարաբերությունների առավել ընդարձակմանը:

Նախարար Տայանան իր հերթին նշել է, որ Արգենտինան մեծապես կարեւորում է բարեկամ Հայաստանի հետ բազմաբովանդական համագործակցության զարգացումը, ինչի վկայությունն է Հարավային Կովկասի տարածաշրջանում Արգենտինայի առաջին դեսպանության հիմնումը Երեւանում:

Էդվարդ  Նալբանդյանն ու Խորխե Տայանան քննարկել են  երկկողմ օրակարգում ընդգրկված հարցեր` նշելով, որ ձեւավորված իրավապայմանագրային դաշտն ամուր հիմք է բազմաթիվ ոլորտներում համագործակցություն ծավալելու համար:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության խթանման, մշակութային համագործակցության ակտիվացման ուղիների, տնտեսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ:

Նախարարներն արձանագրել են, որ միջազգային կազմակերպություններում Հայաստանի եւ Արգենտինայի համագործակցությունը եւս բավական արդյունավետ է եւ հիմնված փոխադարձ աջակցության վրա:

Խորխե Տայանան Արգենտինայի արտաքին  քաղաքականության մասին դասախոսությամբ հանդես է եկել   ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայում:

Արգենտինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այցելել է  նաեւ Ծիծեռնակաբերդ, ուր ծաղկեպսակ է դրել Մեծ Եղեռնի զոհերի հուշարձանին:

Դիտվել է 1090 անգամ:
Print Friendly

Leave a Reply