Ադրբեջանի 40 շրջաններում 20 հազար տուն եւ 50 հազար հեկտար ցանքատարածքներ ջրի տակ են մնացել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | May 20, 2010 23:39
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մայիսի 19-ի հրամանով Քուռ եւ Արաքս գետերի վարարումների արդյունքում տեղի ունեցած հեղեղումների հետ կապված կառավարական հանձնաժողով է ստեղծվել, որի կազմում վարչապետ Արթուր Ռասիզադեի գլխավորությամբ ընդգրկվել են 20-ից ավելի նախարարությունների եւ կոմիտեների ղեկավարներ: Ըստ «Ազադլըգ»-ի՝ հանձնարարվել է օգնություն ցուցաբերել տները կորցրած եւ բարոյահոգեբանական ցնցում տարած ընտանիքներին, պատրաստել քանդված, վթարային վիճակի հասած տների, ենթակառուցվածքների եւ այլ սոցիալական նշանակության օբյեկտների ցուցակները, գնահատել բնակչությանը հասած վնասի ֆինանսական ծավալը, պարզել փոխհատուցումների չափերը եւ այն՝ բնակչությանը փոխանցելու ճանապարհները:
Ադրբեջանի նախագահի հրամանում ասվում է, որ հեղեղումների արդյունքում Ադրբեջանի 40 շրջաններում 20 հազար տներ, մոտ 50 հազար հեկտար ցանքատարածքներ եւ արոտատեղիներ ջրի տակ են մնացել: 300-ից ավելի տներ փլուզվել են, մոտ 2 հազար տուն վթարային վիճակի մեջ է հայտնվել, բազմաթիվ ենթակառուցվածքներ եւ այլ սոցիալական օբյեկտներ դուրս են եկել շարքից: Տնտեսագետ Ռովշան Աղաեւը թերթի հետ զրույցում ասել է, որ «աղետի գոտու ամենամեծ աղետը դեռ առջեւում է»: «Բոլորը լավ գիտեն, որ փոխհատուցում կատարելու հարցում Ադրբեջանի կառավարությունը շատ վատ փորձ ունի:
Մարդիկ աղետի գոտի վերադառնալուց հետո տեսնելու են, թե առջեւում ինչ մեծ խնդիրներ են սպասում իրենց: Արդյոք կառավարությունը գիտի, որ պետք է առանձին փոխհատուցի մարդկանց ունեցվածքը, տեղափոխված իրերին պատահած վնասը, հատկացումներ կատարի ջրից ազատված տարածքների առողջացման համար», -հարցադրել է նա: Տնտեսագետի խոսքերով, կարեւոր հարցերից մեկն էլ կորցված եկամուտի փոխհատուցումն է:
«Կառավարությունն անպայման պետք է փոխահատուցի բնակչությանը՝ ջրի տակ մնացած ցանքատարածությունների դիմաց: Խոսքը 100 հազար հեկտարից ավելի տարածքի մասին է: Կառավարությունը պետք է ջնջի նաեւ ցանքսերի համար վարկ վերցրած մարդկանց պարտքերը եւ հասնի նրան, որ դա անեն նաեւ մասնավոր ապահովագրական կազմակերպությունները», -եզրահանգել է Ռ.Աղաեւը:






Facebook
Tweet This
Email This Post
