Վերանայվում են որոշ պաշտոնատար անձանց անձեռնմխելիությունից զրկելու ընթացակարգերը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 20, 2010 21:04

Մայիսի 20-ին Ազգային ժողովն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում, ՙԴատախազության մասին՚ եւ ՙՀատուկ քննչական ծառայության մասին՚ օրենքներում փոփոխությունների օրենսդրական փաթեթը: Կառավարության հիմնավորմամբ, նախագծերի ընդունումը բխում է Կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խմբի` GRECO-ի, կողմից ՀՀին արված առաջարկություններից, նաև պայմանավորված է հիշյալ օրենքների և ՀՀ Սահմանադրության միջև, որով հստակ սահմանված է անձեռնմխելիության իրավունք ունեցող անձանց շրջանակը, անհամապատասխանության վերացմամբ:

Ըստ ընդունված փոփոխությունների, սահմանափակվում է Հանրապետության Նախագահի, ԱԺի համամասնական և մեծամասնական ընտրակարգերով առաջադրված, համայնքների ղեկավարների և ավագանու անդամների թեկնածուների, Կենտրոնական, Ընտրատարածքային և Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների անձեռնմխելիության իրավունքը:

Վերանայվում են որոշ պաշտոնատար անձանց, մասնավորապես, դատախազների, հատուկ քննչական ծառայության քննիչների անձեռնմխելիությունից զրկելու ընթացակարգերը:

Մասնավորապես, այսուհետ դատախազի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցել ոչ միայն գլխավոր դատախազը, ինչպես այժմ է, այլև` նրա տեղակալները: Մեկ այլ փոփոխությամբ ուժը կորցրած է ճանաչվում օրենքի գործող դրույթը, ըստ որի Հատուկ քննչական ծառայության ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում հարուցում և քրեական գործի ենթակայությունը որոշում է ՀՀ գլխավոր դատախազը:

Գայանե Մելիքյան

Դիտվել է 1114 անգամ:
Print Friendly

Leave a Reply