ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՙՙՀեռուստատեսության եւ ռադիոյի մասին՚ օրենքում կառավարության առաջարկած փոփոխություններն ու լրացումները

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 20, 2010 21:00

Ազգային ժողովը մայիսի 20-ին առաջին ընթերցմամբ ընդունեց ՙՀեռուստատեսության եւ ռադիոյի մասին՚ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին կառավարության հեղինակած օրինագիծը: Ըստ այդմ, գործող օրենքն ամբողջությամբ շարադրվում է նոր խմբագրությամբ` ՀՀ տարածքում ռադիոհեռուստատեսային հեռարձակման թվային համակարգի անցման հայեցակարգին համապատասխան:

Օրինագծով նախատեսվում է, որ 2010 թ.-ի հուլիսի 20-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը կհայտարարի 18 հեռուստահեռարձակողների լիցենզավորման մրցույթ: Հաղթող ճանաչված հեռուստահեռարձակողներին արտոնագիրը կտրամադրվի 10 տարի ժամկետով` սկսած 2011 թ.-ի հունվարի 20-ից: 2010 թ.-ի հուլիսի 20-ից մինչեւ 2013 թ.-ի հուլիսի 20-ը համարվելու է անալոգային հեռարձակումից թվային հեռարձակման անցման ժամանակաշրջան: Նշենք, որ ներկայումս կա գործող 22 հեռուստաընկերություն:

Այն ռադիոընկերությունները, որոնց լիցենզիայի գործողության ժամկետը լրանում է մինչեւ 2011 թ.-ի հունվարի 20-ը, կարող են լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման հայտ ներկայացնել Ազգային հանձնաժողով: Լիցենզիայի գործողության ժամկետը կերկարաձգվի հայցվող ժամկետով, բայց ոչ ավելի, քան մինչեւ 2013 թ.-ի հուլիսի 20-ը: Այդ օրվանից ՀՀ ամբողջ տարածքում կդադարեցվի անալոգային հեռուստառադիոհեռարձակումը եւ կիրականացվի միայն թվային հեռարձակում:

Նախագծին դեմ քվեարկեց խորհրդարանական ընդդիմությունը` ՙԺառանգություն՚ եւ ՙՀՅԴ՚ խմբակցությունների ներկա անդամները: Նախօրեին` վիճահարույց այս նախագծի քննարկման ավարտին, ԱԺ նախագահը, ով եւս ուներ դիտողություններ, մասնավորապես, նշել էր, որ ներկայացված օրինագիծը չի լուծում թվայնացմանն անցնելու հետ կապված էական խնդիրներ: Նա առաջարկել էր առաջին ընթերցմամբ նախագիծն ընդունելուց հետո այն լրամշակելու նպատակով անցկացնել խորհրդարանական լսումներ` շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ:

Գայանե Մելիքյան

Դիտվել է 1266 անգամ:
Print Friendly

Leave a Reply