Եվրոպայի ռեկորդակիրը՝ նոր դերում
Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | Գագիկ Բեգլարյան | May 21, 2010 9:20
ԽՍՀՄ բազմակի, Եվրոպայի կրկնակի, աշխարհի առաջնության մրցանակակիր Ռոբերտ Էմմիյանը 1988-ի երկրաշարժից հետո արտասահմանում է: Անվանի հեռացատկորդը, որի սահմանած Եվրոպայի ռեկորդը (8 մ 86 սմ) արդեն 23 տարի մնում է չգերազանցված, որտեղ էլ որ բնակվել է, Հայաստանի հետ սերտ կապ է պահպանել: Բայց, այսուհետ նա ավելի հաճախակի է այցելելու իր նախնիների երկիրը: Բանն այն է, որ օրերս Ռոբերտը ստանձնել է Հայաստանի ատլետիկայի ֆեդերացիայի նախագահի պարտականությունը: 45-ամյա Էմմիյանը սիրով պատասխանեց մեր հարցերին:
– Ինչպե՞ս հայտնվեցիք նոր դերում:
– Այդ մասին վաղուց խոսակցություններ կային: Դեռ անցյալ տարվանից մտածում էի, որ ավելի ընդլայնեմ գործունեությունս Հայաստանում: Կատարում այդ երկրի ազգային օլիմպիական կոմիտեի խորհրդականի պարտականություններն ավարտելով, 2009-ին կրկին Ֆրանսիա վերադարձա: Փաստորեն, ավելի շատ ժամանակ և հնարավորություններ ունեմ օգնելու Հայաստանի ատլետներին: Ինչպես հայտնի է, Հայաստանի ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Խաչատրյանն առողջականի խնդիրներ ունի, և քանի որ նրա լիարժեք ապաքինումը փոքր-ինչ ձգձգվում է, կազմակերպության ներկայացուցիչների հետ խորհրդակցեցինք, թե ինչ է հնարավոր անել: Խաչատրյանը մեծ ավանդ ունի Հայաստանի ատլետիկայի ֆեդերացիայի կայացման գործում, մի շարք ծրագրեր էլ միասնական ուժերով ենք իրականացրել: Եվ քանի որ ես և նա լավ բարեկամներ ենք, մեծ մասն այն կարծիքին էր, որ լավագույն տարբերակն այն կլինի, որ այդ պաշտոնում ես փոխարինեմ Խաչատրյանին: Եվ ահա, վերջերս պաշտոնապես ինձ դիմեցին Հայաստանի ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Խաչատրյանը, կազմակերպության նախագահության անդամները, որպեսզի ստանձնեմ Հայաստանի ատլետիկայի ֆեդերացիայի նախագահի պարտականությունը: Մերժելու իրավունք չունեի: Օրերս մայրաքաղաքի Թեքեյան մշակութային կենտրոնում կայացած Հայաստանի ատլետիկայի ֆեդերացիայի համաժողովում նախագահի թեկնածուն միայն ես էի և ընտրվեցի միաձայն:
– Ինչպե՞ս եք կազմակերպելու աշխատանքը: Դուք Ֆրանսիայում եք բնակվում, դա դժվարություններ չի՞ առաջացնի:
– Ես Հայաստանի քաղաքացի եմ, մայրս Երևանում է բնակվում: Այնպես որ, ուրախությամբ ավելի հաճախակի կլինեմ Հայաստանում: Բայց անհրաժեշտ է օգնականներ ընտրել, լավ թիմ, աշխատունակ կոլեկտիվ ստեղծել: Իհարկե, Հայաստանում անցկացրած այս կարճ ժամանակահատվածում ևս մեկ անգամ համոզվեցի, որ Հայաստանի ատլետիկայի ֆեդերացիայի նախորդ կազմի ներկայացուցիչները կարողացել են մի շարք հիմնախնդիրներ լուծել:
– Ֆրանսիայում ձեր գործունեությունն առնչվո՞ւմ է ատլետիկայի հետ:
– Ֆրանսիայի ատլետիկայի ֆեդերացիայի նախագահի խորհրդական եմ, աշխատում եմ հեռացատկորդների հետ: Ի դեպ, ատլետիկայի աշխարհի ձմեռային առաջնությունում Սելիմ Վիերին և Կոմիս Կապիտյեն 8, 24 մ և 8, 21 մ արդյունքով արժանացել են ոսկե և արծաթե մեդալների: Փարիզում աշխատում եմ նաև ատլետիկայի ակումբում, որում այդ մարզաձևով զբաղվում են տարբեր տարիքի մարդիկ` սկսնակներից, իրենց առողջությունը կոփել ցանկացողներից սկսած մինչև չեմպիոն դառնալու մտադրություն ունեցողները:
– Հայաստանում այդպիսի կենտրոն հնարավո՞ր է ստեղծել: Մեր երկրում ե՞րբ իրատեսական կհամարվեն ատլետիկայի չեմպիոններ ունենալու հավակնությունները:
– Մարզաբազաների բացակայությունը շատ է խանգարում: Նպատակս այն է, որ Հայաստանի բոլոր մարզերում, Արցախում ատլետների մարզումների համար պայմաններ ստեղծվեն: Առանց նորմալ մարզաբազաների առկայության` հնարավոր չէ արդյունքի հասնել: Ընդ որում, Երևանը շարունակում է եզակի բացառություն կազմել: Սա միակ եվրոպական մայրաքաղաքն է, որն ատլետիկայի ժամանակակից մարզադաշտ չունի: Այսինքն, եթե ցանկանանք միջազգային չափանիշներին համապատասխանող մրցումներ անցկացնել մեր երկրի մայրաքաղաքում, չենք կարողանա, քանի որ այդպիսի մարզաբազա չկա: Ինչ վերաբերում է Արտաշատի մարզադաշտին, ապա այն վաղուց չի վերանորոգվել, և սինթետիկ ծածկը շարքից դուրս է եկել: Արդեն հանդիպել եմ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի, Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ղեկավարներին, նրանք խոստացել են ամենայն աջակցություն ցույց տալ ծառացած հարցերը լուծելու գործում: Չպետք է անտեսել, որ Հայաստանը նախկինում ատլետիկայի ավանդույթներ ունեցել է: Բացի Էմմիյանից մարզասերներին ուրախանալու առիթներ են տվել օլիմպիական խաղերի չեմպիոն, սկավառականետորդուհի Ֆաինա Մելնիկը, հեռացատկորդ Հովհաննես Ստեփանյանը, եռացատկորդ Արմեն Մարտիրոսյանը և ուրիշներ:
– Դուք ոչինչ չասացիք Ծաղկաձորի ատլետիկայի մարզաբազայի մասին: Խորհրդային տարիներին այն լավագույններից էր, խոշորամասշտաբ մրցումներ էին անցկացվում, և Դուք էլ այնտեղ Եվրոպայի ռեկորդ սահմանելու առիթ եք ունեցել:
– Ժամանակի ընթացքում Ծաղկաձորի ատլետիկայի մարզաբազան նույնպես, մեղմ ասած, կորցրել է իր թարմությունը: Այդպիսի հարցեր շատ կան նաև այլ վայրերում: Պետք է հանդիպեմ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների, գործարարների, հովանավորների հետ: Միայն համատեղ, նաև արտասահմանում բնակվող մեր հայրենակիցների ուժերով է հնարավոր կարգավորել կնճռոտ խնդիրները: Անհրաժեշտ է Հայաստանի ատլետիկայի կենտրոններն ապահովել մարզագույքով:
– Հայաստանում ատլետիկայի լավ մասնագետներ կա՞ն:
– Անհրաժեշտ է մտածել նաև այդ ուղղությամբ, մարզիչների համար սեմինարներ, իսկ մարզիկների համար ուսումնամարզական հավաքներ կազմակերպել Հայաստանում, նաև արտասահմանում:
– Բայց այդ ամենի համար մեծ գումարներ կպահանջվեն:
– Կարելի է նաև տարբեր լծակներ օգտագործել: Մասնավորապես, Ֆրանսիայի ատլետիկայի ֆեդերացիայի ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել օգնելու սեմինարների և ուսումնամարզական հավաքների անցկացման հարցում: Բացի այդ, Եվրոպա վերադարձից հետո, հանդիպելու եմ ատլետիկայի Եվրոպայի և միջազգային ֆեդերացիայի նախագահների հետ: Այս մարզաձևի միջազգային և Եվրոպայի ֆեդերացիաների շտաբ-բնակարանները գտնվում են, համապատասխանաբար, Մոնակոյում և Լոզանում: Հույս ունեմ, որ այդ համագործակցությունը նույնպես մեծ արդյունք կտա:
– Այդ ուղղությամբ ծրագրեր կա՞ն:
– Ինչ խոսք, հաջողության հասնելու համար նպատակաուղղված աշխատանք պետք է տարվի: Գլխավորն այն է, որ մարզադպրոցների մարզիչները հստակ իմանան իրենց անելիքը: Հայաստանում շնորհալի պատանի ատլետներ կան, մնում է, որ նրանք հմտանան, իմանան այս մարզաձևի գաղտնիքները և բարձր արդյունքներ ցույց տան: Իսկ ամենագլխավորն այն է, որ ատլետիկան Հայաստանում լայնորեն տարածվի:
– Սակայն, ատլետիկայում տասնյակ մրցաձևեր կան: Մասնագետների մի մասն այն կարծիքին է, որ Հայաստանում ստեղծված ավանդույթները հաշվի առնելով` նպատակահարմար է զբաղվել միայն հեռացատկորդների պատրաստման հարցով: Դա նաև տնտեսապես է շահավետ համարվում: Ի՞նչ կարծիքի եք:
– Հայաստանում պետք է փորձել զարգացնել ատլետիկայի բոլոր մրցաձևերը: Օլիմպիական խաղերում ատլետները մեդալների 48 հավաքածու են խաղարկում: Այդ է պատճառը, արդյունքի հնարավոր է հասնել միայն այն դեպքում, երբ չի անտեսվում ատլետիկայի որևէ մրցաձևը:
– Ձեր աշխատանքում ի՞նչն եք համարում ամենակարևորը:
– Մասնագետների միջև համերաշխության ապահովումը: Եթե դա չլինի, որևէ բանի մասին մտածելն ավելորդ է: Ցավոք, այդպիսի խնդիր ունենք, սակայն հույս ունեմ, որ ամեն ինչ կկարգավորվի:






Facebook
Tweet This
Email This Post
