Ինտերնետը` ամենատարբեր տեղեկությունների անսպառ աղբյուր

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | May 25, 2010 17:36

Գաղտնի նախագիծը, որը պատրաստվում էր ամերիկյան զինված ուժերի համար, դարձավ  համայն աշխարհի սեփականությունը: Այսօր շատ երկրներում հիմնական կոմունալ ծախսերից մեկը համարվում է ինտերնետը: Հայաստանը նոր-նոր է մտնում այդ երկրների շարքը:

WWW-ն (World Wide Web)` համացանցը, այսօր (2008 թ. վերջի տվյալներով) օգտագործում է աշխարհի բնակչության մեկ քառորդը. շուրջ 1.5 միլիարդ ինտերնետ օգտագործող: Ավելորդ չէ նշել, որ աշխարհի ամենամեծ սոցիալական ցանցը` Facebook-ը իր «բնակչության» թվով կարող է զիջել միայն Հնդկաստանին և Չինաստանին: Facebook-ի պաշտոնական ցուցակում նշվում է, որ միայն գրանցված ակտիվ օգտագործողների թիվն ավելի քան 400 միլիոն է, իսկ բոլոր անձնական տվյալներով էջերի քանակը հասնում է 650 միլիոնի:

Google-ում ամեն օր գրանցվում է 91 միլիոն որոնում, իսկ աշխարհի հիմնական որոնման համակարգերը միասին, օրական միջին հաշվով գրանցում են 213 միլիոն  որոնում (որոնման հիմնական ռեսուրսներն են` Google, Yahoo, MSN, Aol, Ask, Yandex, Bing):

Ներկայումս ինտերնետում ամեն օր միլիարդավոր դոլարներ են շրջանառվում, որոնք նույնքան իրական են, որքան մեր ձեռքի թղթադրամները. դրանք հնարավոր է ծախսել ուզածդ նպատակի համար, ասենք` վճարել Բահամյան կղզիներում հանգստյան տան համար կամ, պարզապես, գնել եզակի զարդ, օրինակ` 1,5 միլիոն դոլար արժողությամբ ադամանդ և սուտակե քարերով հին մատանի:

Կարելի՞ է պատկերացնել կյանքն առանց ինտերնետի. իհարկե կարելի է, սակայն եթե դրա բացակայությունը մեզ` հայերիս համար միայն տխուր առօրյա կնշանակեր, ապա արևմտյան քաղաքակրթության համար, առնվազն, պետական մասշտաբներով սպառնալիք կդառնար: Համենայն դեպս, այնպիսի երկրի համար, ուր ինտերնետը  համաշխարհային ցանց լինելուց բացի կարևորագույն  դեր ունի յուրաքանչյուր քաղաքացու կյանքում, պետական գաղտնի ծառայությունների համար «ամբարում» է,   հսկայական  քանակով տեղեկատվություն, որտեղ կարելի է գտնել գրեթե բոլորին, որոնել ամենավտանգավոր ահաբեկիչներին, ծանոթանալ նրանց վերջին ելույթներին ու գտնել մարդասպան դպրոցական աշակերտի թողած վերջին տեսանյութը Youtube-ում,  մինչ ինքնասպանության փորձ կատարելն իր դասընկերներին այն աշխարհ ուղարկելու պատճառաբանությամբ(օրինակ` 18-ամյա ֆինն պատանի Պեկկա-Էրիկ Աուվենենի դեպքը` 2008 թ. նոյեմբերին):

Այժմ ինտերնետը վերահսկելու փորձեր են կատարվում, և այդ գործում հիմնական առաջատարները ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Չինաստանն են: Բայց, եթե ԱՄՆ-ի դեպքում ինտերնետի ապահովությունը նախ և առաջ պետական անվտանգության համար է (որովհետև ինտերնետին են միացված գրեթե բոլոր գաղտնի տեղեկությունների պահոցները), ապա Ռուսաստանի դեպքում դա ոչ միայն ներքին անվտանգության համար է (Ռուսաստանում կառույցների տեղեկություններն այդ աստիճան ներառված չեն ինտերնետում, ինչպես ԱՄՆ-ում), այլև` ավելի շատ հետախուզական նպատակների է ծառայում:

Միանգամայն այլ է ինտերնետի վերահսկման պատճառը Չինաստանում. այնտեղ փակ են այնպիսի կայքեր, ինչպիսին է, օրինակ, Wikipedia Ազատ հանրագիտարանը (նախ` Չինաստանի համապատասխան մարմինների որոշմամբ, փակվել էր չինարեն տարբերակի հասանելիությունը wikipedia-ում, ապա ամբողջ wikipedia-ն), Youtube-ը, Google.cn-ը (cn=China), Facebook-ը և այլն. ցուցակն անցնում է մի քանի տասնյակից:  Այս ամենի նպատակը մեկն է` այնպես անել, որ Չինաստանում հաստատված հասարակական կարգերի գերակայությունը «փուլ չգա» սեփական հիմնադիրների գլխին:

Սակայն, որքան էլ փորձեր արվեն, ինտերնետը մնում է ամենատարբեր տեղեկությունների անսպառ աղբյուր, նույնիսկ Չինաստանի  ու չինացիների համար:

Մի շարք երկրներ, չունենալով այնպիսի վերահսկողական ռեսուրսներ, ինչպիսին, օրինակ, Չինաստանն ունի, պարզապես «անջատում են» ինտերնետ հասանելիությունը, ինչպես Կուբայում, Հյուսիսային Կորեայում, իսկ մի քանիսում (Իրան, Լիբիա, Վիետնամ, Նեպալ, Թունիս և այլն) ինտերնետը միայն «գեղեցկության» համար է, խիստ սահմանափակ. փաստորեն, կորչում է ինտերնետի գործնական հնարավորությունների գրեթե 80 տոկոսը,  և դրա նպատակը սեփական քաղաքացիներին արտաքին աշխարհի չեզոք աղբյուրների հետ ուղղակի կապից զրկելն է:

Այս ամենը հետաքրքրական հարց է առաջացնում, թե ինչ է լինելու ապագայում, մինչև ուր են հասնելու ինտերնետ հասանելիության մալուխները, և որքան է այս ամենը խորանալու: Մինչև հիմա ոչ ոք չի կարող մատնանշել ինչ-որ անկյուն, որտեղ կարող է ինտերնետը սահմաններ ճանաչել: Այն ամենը, ինչ արարել է մարդկային հանճարը որպես նորարարություն, այժմ ներմուծվում է ինտերնետի մեջ, ինչպես դա եղավ ռադիոյի դեպքում. արագությունների մեծացման հետ միաժամանակ, նույնը կատարվեց հեռուստատեսության դեպքում: Իսկ այժմյան վերջին նորարարությունն արդեն ինտերնետ հասանելիությամբ օպերացիոն համակարգերն են, այսինքն` ձեր Windows-ը ոչ թե ձեր համակարգչի կոշտ կրիչի վրա է տեղադրված, այլ, ասենք, Google-ի սերվերներից մեկում, որը ոչ միայն հնարավորություն է տալիս ձեր համակարգիչը ազատելու ավելորդ օգտագործվող նյութերից, այլև պահելու այն ամենը, ինչ ունեք նրա մոտ, իսկ գերարագ ինտերնետ հասանելիությունը կապահովի ձեր նյութերի հասանելիությունը ձեր համակարգչում: Նույն շարքը կարելի է դասել նաև ինտերնետային խաղերի պորտալները. այս ինտերնետ հարթակը, արագությունների աճմանը զուգընթաց, այնպիսի մեծ թափով առաջ գնաց, որ 2009 թ. RuNet-ի մրցանակին արժանացավ հենց  նման online խաղերի առաջատար կայքը` «թպՐՏՌ ՉՏռվօ Ռ Պպվպչ» («Պատերազմի ու փողի հերոսները»):

«Մակընթացություն ժամանակի ոգով» գրքում հեղինակը` Վեյզ Դեվիդը, նշում է այն գերնպատակը, որը հենց Google-ի առաջիկա տասնամյակի հիմնախնդիրն է: Մոտ ապագայում, ենթադրում է հեղինակը` հղում անելով կայքի ու նախագծի հիմնադիրների մի քանի հայտարարություններին, յուրաքանչյուր ոք կկարողանա Google-ի միջոցով ինտերնետում գտնել սեփական գենը:

Գևորգ ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է 2349 անգամ:
Print Friendly

Leave a Reply