Բուհ կընդունվեն բոլոր վճարունակ դիմորդները

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | May 21, 2010 9:24

Անահիտ Աղոյանի 16-ամյա դուստրը` Արփին,  այս տարի ավարտում է դպրոցը: Նա ամբողջ տարին կրկնուսույցների մոտ քրտնաջան պարապել է, որպեսզի կարողանա անվճար ընդունվել իր նախընտրած` ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը: «90 տոկոսով վստահ էինք, որ անվճար կընդունվի, բայց հիմա ինչքան էլ բարձր միավորներ հավաքի, միևնույն է, պիտի վճարենք»,- ասում է Անահիտը և հավելում, որ հիմա շատ դժվար կացության մեջ են, առանց այն էլ բավական մեծ գումար են ծախսել կրկնուսույցների վրա: Անահիտի կարծիքով` պետությունը կրթական ոլորտում սխալ քաղաքականություն է վարում` գիտելիք ունեցող և ֆինանսական միջոցներ չունեցող մարդկանց զրկելով կրթվելու հնարավորությունից:

16-ամյա Նվարդ Բաբասյանը, որ ուզում է տարրական դպրոցի մանկավարժի կրթություն ստանալ, նույնպես քննությունների նախօրեին կառավարության որոշումից անակնկալի է եկել: «Գրեթե վստահ էի, որ անվճար կընդունվեմ, հիմա հույսս կտրել եմ: Չգիտեմ, թե ինչ է լինելու»,- ասում է Նվարդը` հավելելով, որ անվճար տեղերի կրճատումը բացասական արձագանք է առաջացրել նաև իր շրջապատում:

Կառավարության որոշմամբ,  այս տարի բակալավրիատում ուսուցանելու համար հատկացվել է 2464 անվճար և 18500 վճարովի առանց տարկետման իրավունքի տեղ: 2009-ին պետպատվերով բակալավրիատին հատկացված է եղել 4162 տեղ և վճարովի տարկետման իրավունքով` 5881:

Անցած տարի բուհերի 19165 դիմորդներից ընդունվել են 15527-ը: Այս տարի, նախնական տվյալներով, բուհերի դիմորդների թիվը 17505 է, մինչդեռ կառավարությունը սահմանել է 18500 վճարովի ուսուցման տեղ:

ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության բաժնի պետ  Ռոբերտ  Սուքիասյանն ասում է, որ թիվը սահմանվել է` հաշվի առնելով նախորդ տարիների շրջանավարտների թիվը, և եթե թափուր տեղեր լինեն, հաջորդ տարի կվերանայեն հատկացվող տեղերի քանակը:

Անդրադառնալով այն իրողությանը, որ կառավարությունը պետական բուհերին ուսանողական ավելի շատ տեղեր է հատկացրել, քան դիմորդներ կան այս պահի դրությամբ, ԳԹԿ մամուլի պատասխանատու Գայանե Մանուկյանն ասում է, որ դեռևս առջևում է ընդունելության երկրորդ փուլը. բուհեր դեռ չեն դիմել բանակից զորացրվածները, անցած տարի չընդունված շրջանավարտների մի մասը  և այլն:

Ռոբերտ  Սուքիասյանն անվճար տեղերի կիսով չափ կրճատումը պայմանավորում է մի քանի հանգամանքներով: «Երբ վերլուծեցինք պետության գերակա ուղղությունները, որոնք պարտավոր ենք հաշվի առնել պետպատվերով տեղեր սահմանելիս, նախապատվությունը տվեցինք պետության համար տվյալ պահին գերակա ուղղություններին` բնագիտական, հայագիտական, գյուղատնտեսական, մշակութային:  Ժամանակակից մասնագիտությունները, որոնք պետության համար մեծ պահանջարկ և կարևորություն չունեն, պետպատվերի համակարգում չենք նախատեսել:  Եթե անձը` քաղաքացին, ուզում է այդ մասնագիտությունը ստանալ, կարող է իր կրթությունը վճարովի կազմակերպել»,- ասում է Սուքիասյանը: Նրա խոսքով` ԿԳՆ-ն   նման փոփոխություն է կատարել նաև բուհական պետական և մասնավոր հատվածների միջև մրցակցային հավասար պայմաններ ապահովելու համար: «Պետական բուհերի` վճարովի տարկետման իրավունքով տեղ ունենալը և մասնավորների` դրանցից զուրկ լինելը  անհավասարություն էր ստեղծում և խոչընդոտում բուհերի մրցակցությանը»,- ասում է Սուքիասյանը:

Պետպատվերով  տեղերի կրճատումն, ըստ Սուքիասյանի,  նաև պայմանավորված է դեմոգրաֆիկ փոփոխություններով: Շրջանավարտների թիվը զգալիորեն կրճատվել է, և պետությունը նպատակահարմար չի համարել նախորդ տարիների չափով պետպատվերով տեղ հատկացնել բուհերին: «Բացի այդ, պետությունն այս պահին այդքան կադրեր պատվիրելու և պատրաստելու կարիք չունի»:

Թեև Սուքիասյանը հավաստիացնում է, որ կառավարությունը պետպատվերով տեղեր սահմանելիս նախապատվությունը տվել է բնագիտական և հայագիտական ոլորտներին, այդ մասնագիտությունների գծով էլ անվճար տեղերը կիսով չափ կրճատվել են: Օրինակ` ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի բաժնին այս տարի հատկացվել է պետպատվերով 30 տեղ` անցած տարվա 55-ի փոխարեն, ֆիզիկայի ֆակուլտետին` 22 տեղ` անցած տարվա 40-ի փոխարեն, պատմության ֆակուլտետին` 12 անվճար տեղ`  25-ի փոխարեն, իսկ մանկավարժական համալսարանի նույն ֆակուլտետին` 5 տեղ` 14-ի փոխարեն, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետին հատկացվել է 20 տեղ` նախկին 40-ի փոխարեն և 3 տեղ 14-ի փոխարեն` մանկավարժական համալսարանի նույն ֆակուլտետին:  Կրճատվել են նաև բժշկական համալսարանին հատկացված պետպատվերով տեղերը. բուժական գործի համար այս տարի հատկացվել է 61 պետպատվերով տեղ` անցած տարվա 128-ի փոխարեն: Պետական ճարտարագիտական համալսարանում տեղեկատվական տեխնոլոգիաներ մասնագիտացմանը հատկացվել է 15 պետպատվերով տեղ  (անցած տարի` 24), տեղեկատվական անվտանգությանը` 9 (անցած տարի` 16), էլեկտրաէներգետիկային` 9 (անցած տարի` 18) և այլն:

Իսկ  ԵՊՀ միջազգային հարաբերությունների (անցած տարի հատկացվել է 12 պետպատվերով տեղ) և իրավագիտության (անցած տարի հատկացվել է 20 պետպատվերով տեղ) ֆակուլտետներին այս տարի պետպատվերով  տեղեր չեն հատկացվել:

Այն հարցին, թե պետպատվերով տեղերի կրճատումը չի՞ հանգեցնի նրան, որ շատերը սոցիալական պատճառներով կզրկվեն բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից, Սուքիասյանը պատասխանում է, որ  կրթության մատչելիության խնդիր չի առաջանա, քանի որ մրցութային հիմունքներով  բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունը պահպանված է, վերջին հաշվով, բակալավրիատում անվճար այդքան տեղ մնացել է, մոտավորապես 4000 վճարովի տեղ էլ ավելացվել է: «Ռոտացիայի սկզբունքը նույնպես կգործի, այնպես որ` ուսման բարձր առաջադիմության դեպքում կարող ես անցնել ուսուցման  անվճար համակարգ»:

ԳԹԿ մամուլի պատասխանատու Գայանե Մանուկյանը տեղեկացնում է, որ չնայած ԳԹԿ-ն իրավասու չէ այս  հարցում, սակայն քաղաքացիները բազմաթիվ զանգերով իրենց բողոքն են արտահայտում, որ իրենց երեխաները զրկվում են բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից, քանի որ ուսման համար վճարելու միջոց չունեն:

Կառավարության որոշման մեջ ուսման վարձավճարների մասին նշվում է.  «Պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների վճարովի ուսուցման համակարգում ուսման վարձի չափը որոշում է տվյալ ուսումնական հաստատությունը»: Անդրադառնալով հարցին, թե արդյոք պետպատվերով տեղերի կրճատումը և վճարովի տեղերի ավելացումը կհանգեցնի՞ ուսման վարձավճարների կրճատման, Սուքիասյանն ասում է, որ  վարձավճարների փոփոխությունը պայմանավորված կլինի շուկայով, կլինեն մասնագիտություններ, որոնց վարձավճարները կնվազեն, որոշ մասնագիտությունների դեպքում էլ կբարձրանան. «Այստեղ ամեն ինչ որոշում է մրցակցությունը և շուկան»:

Դիտվել է 2093 անգամ:
Print Friendly

Leave a Reply