Անարխիկ համաշխարհային քաղաքական համակարգը և Հայաստանը – 2
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | Վահան Դիլանյան | May 22, 2010 1:31Նյութի 1-ին մասը կարդացեք այստեղ
Հայաստանի և ընդհանրապես պետությունների արտաքին քաղաքականության իրականացումը հիմնականում ենթադրում է հետևյալ փուլերը.
Առաջին` համաշխարհային ու ներքաղաքական (հայաստանյան) քաղաքական միջավայրի գնահատում:
Երկրորդ` նպատակների հաստատագրում. Հայաստանը բազմաթիվ քաղաքական նպատակներ ունի և պետք է սահմանի, թե որ նպատակը երբ կարող է բխել միջազգային ու հայաստանյան քաղաքական միջավայրից. այս համապատասխանության (կամ կոնֆլիկտային իրավիճակից խուսափելու) համար սահմանվում են նպատակների գերակայություններ:
Երրորդ` արտաքին քաղաքական կուրսի տարբերակների որոշակիացում. պետությունը սահմանում է քաղաքական կուրսերի և ներքաղաքական ու միջազգային միջավայրերով համադրված նպատակների եռաչափ համատեղելիությունը: Այս փուլի համար կարևորվում է պետության ունեցած ներուժի ու քաղաքական տարբեր կուրսերի ուղիղ համեմատականի գնահատումը:
Չորրորդ` ընտրված քաղաքական կուրսի իրականացման վերաբերյալ պաշտոնական որոշման ընդունում կամ հրամանի արձակում:
Այս սկզբունքները, սակայն, հնարավոր է, որ չհամապատասխանեն անարխիկ համաշխարհային քաղաքական համակարգի սկզբունքներին: Այլ կերպ ասած` հնարավոր է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության իրականացման համար պարտադիր պայման չլինի ներքին քաղաքական դրությունը` որպես գործոն: Ավելին, հնարավոր է, որ ներքին լեգիտիմության խնդիրը չանդրադառնա պետության արտաքին քաղաքականության վրա, իսկ արտաքին հավակնոտ կուրսի ընտրությունն ուղիղ համեմատական չլինի սեփական ներուժին:
Հայաստանի իշխանությունների լեգիտիմությունը հարցականի տակ դնող հայ քաղաքական ու հասարակական շրջանակների գլխավոր թեզը հետևյալն է. «Արտաքին քաղաքականության բոլոր սխալները գալիս են ներսից, եթե իշխանությունը լեգիտիմ լինի, մեր արտաքին քաղաքականությունը կհաղթի, ուրեմն պետք է հեղաշրջում անել…»:
Եվ նույն քննադատները վստահորեն պնդում են ու նույնիսկ «ֆետիշացնում» Թուրքիայի արտաքին քաղաքականության զորությունը` այդպիսով, փաստորեն, հարցականի տակ դնելով իրենց իսկ թեզը, այն է` «ներքին լեգիտիմությունն է արտաքին քաղաքականության գրավականը»: Բայց փաստ է, որ Թուրքիան ժողովրդավարական երկիր չէ կամ շատ հեռու է այդպիսին լինելուց: Ավելի մասնավորացնենք. նա ավելի ժողովրդավարական չէ, քան Հայաստանը: Ուրեմն լեգիտիմության լինել-չլինելը կապ չունի արտաքին քաղաքական հաջողությունների հետ: Նույն բանաձևով Իրանը ժողովրդավարական կամ լեգիտիմության տեսանկյունից հզոր երկիր չէ, բայց գերտերությունները հաշվի են նստում նրա միջուկային ու պրագմատիկ քաղաքականության հետ:
Անարխիկ համաշխարհային քաղաքական համակարգը վերացնում է նաև ամեն տեսակ ներքաղաքական գործոնները` քաղաքական շարժերը, բյուրոկրատական ընթացակարգերը և այլն: Այս առնչությամբ, սակայն, պետք է տարբերել պետական ապարատի թուլություն և իշխանության թուլություն հասկացությունները: Պետական ապարատի թուլությունը, բնականաբար, ազդում է արտաքին քաղաքականության վրա, իսկ իշխանության թուլությունը` ոչ:
Պետության ռացիոնալ մոդելի դեպքում գլխավոր դերակատարը պետությունն է, և պետական ապարատը ուժեղ է:
Արտաքին քաղաքականության համար, նույնիսկ ռացիոնալ մոդելի դեպքում, խոցելի է մնում նշված չորրորդ փուլի իրականացումը` ընտրված քաղաքական կուրսի իրականացման վերաբերյալ պաշտոնական որոշման ընդունումը կամ հրամանի արձակումը: Սա, անկախ ամեն ինչից, ենթադրում է սուբյեկտիվ գործոն. որոշում ընդունելու իրավունքը վերապահվում է մարդուն, որը զգացմունքներ ունի:
Աշխարհը դեռ չի հասել պետական կառավարման համակարգում էլեկտրոնային կառավարման ինստիտուտի այն աստիճանի կատարելագործման, որ հրամանները կամ որոշումներն ընդունվեն մեխանիկորեն` բացառելով մարդկային կամ զգայական գործոնը (որն, այնուամենայնիվ, իր առավելություններով հանդերձ, կունենար նաև բացասական հետևանքներ կամ թերություններ):
Այսպիսով, դեռ չկա մի այնպիսի համակարգ, որը կկարողանար չեզոքացնել զգայական գործոնը: Ուստի, պետությունները փորձում են պետական ծառայության համակարգում կադրային որոշակի քաղաքականության իրականացման միջոցով նվազագույնի հասցնել որոշումների ընդունման բացասական հետևանքները:
Հետևաբար, կարելի է ենթադրել, որ այն երկրները, որոնց իշխանության գլուխ կանգնում է զգացմունքայնությամբ աչքի ընկնող ղեկավար, երկիրը զգալիորեն կորցնում է իր հզորությունը, օրինակ` Վրաստանը ռուս-վրացական պատերազմի դեպքում:
Պատերազմների հետևանքով պետության հզորության նվազումը, սակայն, միայն ղեկավարի զգացմունքայնությամբ չի պայմանավորված. պատերազմի հավանականությունն ավելի մեծ է այն դեպքում, երբ պետության սահմանները չեն համապատասխանում ազգային սահմաններին: Կուտակվող ազգայնական էներգիան ուշ թե շուտ պայթում է: Սրանից ելնելով` կարելի է ենթադրել, որ աշխարհի կամ առաձին տարածաշրջանների անվտանգությամբ մտահոգված պետությունները պիտի որ շահագրգռված լինեն մոնոէթնիկ պետությունների առկայությամբ:
Որպեսզի հնարավոր պատերազմները չխախտեն վերը նշված արտաքին քաղաքականության մշակման մոդելը, Հայաստանը պետք է խուսափի որոշումների ընդունման տակտիկական (մարտավարական) մոդելից և անարխիկ համակարգում «մտածի» ստրատեգիկորեն (ռազմավարորեն).
– նպատակների հաստատագրում և աստիճանակարգում,
– տարբերակների ուսումնասիրում,
– հանգամանքների գնահատում,
– եկամտի մաքսիմալացում`
երկարաժամկետ ռազմավարությամբ:
Այս ռազմավարությունը պետք է սահմանի անարխիկ համաշխարհային քաղաքական համակարգը` որպես պատերազմի համար անհրաժեշտ պայման կամ պատերազմի սկսման թողտվության պատճառ կամ հնարավորություն: Այլ կերպ ասած, գործում է «պատերազմը ծագում է, որովհետև այն կանխող որևէ իրական բան չկա» բանաձևը:
Ի վերջո, պատերազմը անհրաժեշտ մեղք է համաշխարհային քաղաքականության մեջ և մնում է այդ համակարգի շարժման հիմնական դրդապատճառը:
Պատերազմը և պատերազմի սպառնալիքն է, որ կանխորոշում է առանձին պետությունների գոյատևման կամ ոչնչացման հնարավորությունը: Պատերազմը նաև որոշում է գերտերությունների համակարգը` նրանց ավելի հզորացման կամ թուլացման մասով:
Անարխիկ համաշխարհային քաղաքական համակարգում պատերազմը նաև ուժերի հավասարակշռման ու միջազգային կարգի պահպանման միջոց է: Ուժերի հավասարակշռության պահպանման բարոյաբանական սկզբունքը չի գործում, և պատերազմներն են իրացնում միջազգային իրավունքը կամ որոշում միջազգային իրավունքի սկզբունքները:
Անշուշտ, միջազգային իրավունքի սկզբունքներն էապես կարևոր են աշխարհակարգի համար, բայց միջազգային իրավունքն ինքնին բավարար չէ` հաստատելու միջազգային կարգը: Տնտեսագիտական լեզվով ասած` միջազգային իրավունքի արդյունավետությունը ceteris paribus է, այն պահանջում է անհրաժեշտ գործոններ ու պայմաններ, որոնք շատ հաճախ վերահսկողությունից դուրս են: Միջազգային իրավունքը գոյություն ունի այն դեպքում, երբ հզոր պետությունը` որպես ռացիոնալ դերակատար, որոշում է այն:






Facebook
Tweet This
Email This Post
