Մայիսի 15-ն այսուհետ կնշվի որպես ընտանիքի օր

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 20, 2010 16:32

Այսօր տեղի է ունեցել Կառավարության նիստ  վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ:

«Փորձեցինք ամփոփել տնտեսության զարգացման արդյունքները և մեր հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետությունը, եւ դա ստիպում է մեզ վերանայել մակրոտնտեսական կանխատեսումները 2010 թ. համար։ Արդեն իսկ ակնհայտ է, որ հակաճգնաժամային մեր միջոցառումները տվել են դրական արդյունք, եւ տնտեսական աճն արդյունաբերությունում բավական մեծ թափ է ստանում,- ասել է  վարչապետը նիստից առաջ,- հիմա  ավելի շատ պետք է  կենտրոնանանք 2011 թ. տնտեսական աճի վրա` ինչպիսի միջոցառումներ պետք է իրականացնենք, որպեսզի 2011-2012 թթ. այս աճի բարձր տեմպերը կարողանանք պահպանել»։

Սարգսյանը կառավարության անդամներին տեղեկացրել է, որ  «Միասին» հասարակական շարժման առաջարկով  մաքուր Հայաստան ունենալու համար ստեղծվել է  աշխատանքային խումբ` բնապահպանության նախարարի գլխավորությամբ։ Նպատակն էր ստեղծել ազգային ծրագիր, որի մշակմանը կմասնակցեն բոլոր հասարակական կազմակերպությունները։ «Ծրագիրը պատրաստ է և արժանացել է նաեւ հասարակական կազմակերպությունների հավանությանը, եւ մենք սկսում ենք այդ ծրագրի իրականացումը հրապարակային ձեւով` «Մաքուր հայրենիք»,՜ ասում է Սարգսյանը։

Առաջին ակցիան կիրականացվի  մայիսի 29-ին Երեւանում հասարակական կազմակերպությունների հետ։

Գործադիրն այսօրվա նիստում  Լիդա Նանյանին ազատել է Շիրակի մարզպետի պաշտոնից։ Մեկ այլ որոշմամբ Շիրակի մարզպետ է նշանակվել Աշոտ Գիզիրյանը։

ՀՀ կառավարությունը որոշել է 80 մլն դրամ տրամադրել ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանը` Տաթեւի վանական համալիրի ճոպանուղու կառուցումը խոչընդոտող էլեկտրահաղորդման վեց հենասյուները տեղափոխելու նպատակով։ Նշելով հարցի հրատապությունը, վարչապետը հիշեցրել է, որ աշխարհի ամենաերկար այդ ճոպանուղին բացվելու է ընթացիկ տարվա հոկտեմբերի 16-ին։

«ՀՀ 2010 թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքի տավարաբուծության զարգացման ծրագրի իրականացումն ապահովելու համար գործադիրը որոշել է Ճապոնիայի կառավարության պաշտոնական օգնության շրջանակում իրականացվող «Պարենային արտադրության աճ» 2 KR ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները համալրել 120.0 մլն դրամով` ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից նախորդ տարիներին ներկրված եւ տարաժամկետ վճարման պայմանով հատկացված տոհմային երինջների իրացումից կենտրոնական գանձապետարանի հատուկ հաշվում կուտակված միջոցներից։

Կառավարությունը փոփոխություն է կատարել իր նախկին որոշումներից մեկում, ինչի շնորհիվ «Գյումրու Նանսենի անվան երեխաների խնամքի եւ պաշտպանության N2 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ը կկազմակերպի ոչ միայն միակողմանի եւ երկկողմանի ծնողազուրկ, այլեւ անապահով ընտանիքների երեխաների խնամքն ու դաստիարակությունը։

Հեռուստառադիոընկերությունների կողմից հեռարձակվող ծրագրերի ուղղակի դիտարկումներ անցկացնելու նպատակով կառավարությունը Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին է հատկացրել 6 մլն  դրամ։

Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծին, որով առաջարկվում է սահմանել Ընտանիքի օր եւ այն, որպես տոն, նշել ամեն տարվա մայիսի 15-ին։

Դիտվել է 1720 անգամ:
Print Friendly

Leave a Reply