Ռուսաստանը` Հայաստանի կրթական գործընկեր

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | May 20, 2010 16:02

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Վյաչեսլավ Կովալենկոյի հետ:

Նախարարը նշել է, որ կրթության բնագավառում հայ-ռուսական համագործակցությունը դրված է ամուր հիմքերի վրա, և Ռուսաստանը Հայաստանի կրթական խոշոր գործընկերներից է: Աշոտյանն ընդգծել է, որ անցյալ տարի ՌԴ կրթության նախարարի հետ կայացած հանդիպումն անցել է արդյունավետ և այսօր արդեն տվել իր պտուղները, մասնավորապես, նախարարն անդրադարձել է Սանկտ-Պետերբուրգի համալսարանում «Օսմանագիտություն» մասնագիտությամբ հայ երիտասարդներին կրթաթոշակ տրամադրելու փաստին` նշելով, որ տվյալ բուհը հանդիսանում է արևելագիտության ուսուցման միջազգային կենտրոններից մեկը:

Անդրադառնալով Հայ-ռուսական/Սլավոնական/ համալսարանին` նախարարը նշել է. «Եթե ձևավորման փուլում համալսարանը դիտարկվում էր որպես հայ-ռուսական կրթական համագործակցության խորհրդանիշը, ապա այսօր այն հանդիսանում է Հայաստանում գործող առաջատար, բարձր վարկանիշ ունեցող բուհերից մեկը, որն ապահովում է կրթության բարձր որակ և մրցակցություն»: Նախարարը երախտագիտություն է հայտնել նաև ՀՀ կրթական ոլորտում ռուսական կողմի կատարած ներդրումների կապակցությամբ:

Մյուս հարցը, որի մասին խոսել է Աշոտյանը, վերաբերում էր միջպետական համաձայնագրով նախատեսված ՌԴ կողմից տրամադրվող կրթաթոշակների խնդրին: Նախարարը նշել է, որ այս տարի ևս դրանց մի մասը թափուր է մնացել և ընդգծել ստեղծված իրավիճակի երկու հիմնական պատճառ. խոսքը, մասնավորապես, վերաբերում է մասնագիտությունների ընտրության և բուհերի աշխարհագրական դիրքի հետ կապված խնդիրներին: Այս համատեքստում նախարարն առաջարկել է մասնագիտությունների ցանկը հաստատելուց առաջ դրանք քննարկել նաև հայկական կողմի հետ` դրանք Հայաստանի կրթական շուկայի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով: Քննարկվել է նաև թափուր մնացած տեղերն այլ ուղղությամբ օգտագործելու խնդիրը:

Դեսպանը նշել է, որ ՌԴ կառավարությունը նախատեսում է ավելացնել Ռուս-հայակական /Սլավոնական/ համալսարանին տրամադրվող բյուջետային հատկացումները, մասնավորապես, նյութատեխնիկական բազայի համալրման, լաբորատոր սարքավորումների մատակարարման տեսանկյունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև հայ-ռուսական համատեղ հանձնաժողով ձևավորելու խնդիրը` ՀՀ տարածքում ռուսական բուհերի մասնաճյուղերի գործունեությունը գնահատելու նպատակով:

Դիտվել է 1580 անգամ:
Print Friendly

Leave a Reply