Հայաստանի կատարողական արվեստը միջազգային փառատոներում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | May 19, 2010 22:13

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և հովանավորությամբ Հայաստանի կատարողական արվեստը ներկայացնող լավագույն 5 կոլեկտիվներ հանդես են եկել միջազգային փառատոներում` արձանագրելով հայ մշակույթի նորօրյա նվաճումները:

<<Հովեր>> պետական կամերային երգչախումբը Մոսկվայի Զատկի /Սուրբ Հարության/ փառատոնում

Ս. թ. մայիսի 3-7-ը <<Հովեր>> պետական կամերային երգչախումբը (գեղ. ղեկավար և խմբավար` Սոնա Հովհաննիսյան), Մոսկվայի Զատկի փառատոնի շրջանակներում ներկայացրել է Հայաստանի խմբերգային արվեստը: Երգչախումբը հանդես է եկել Սուզդալի Սուրբ Վերափոխիչ եկեղեցական համալիրում, երկաթուղայինների մշակույթի պալատում, Մոսկվայի Ամենափրկիչ եկեղեցում և Չայկովսկու անվան համերգասրահում: Չորս համերգների ծրագրերում հնչել են կոմիտասյան հոգևոր և աշխարհիկ խմբերգեր, հատվածներ Ռ. Շչեդրինի <<Կնքված հրեշտակ>> ռուսական պատարագից, Էդվարդ Միրզոյանի վերջերս գրված <<Ասք երկնքին և նրա զարդերին>> խմբերգը` ըստ Ն. Շնորհալու տեքստերի, ինչպես նաև արևմտաեվրոպական հեղինակների դասական և ժամանակակից այլ գործեր: Երաժիշտ-մասնագետների և փառատոնի կազմակերպիչների հավաստմամբ` փառատոնի 9 տարիների ընթացքում հնչած երգչախմբերի շարքում <<Հովերը>> բացառիկ տեղ է գրավել իր բարձր պրոֆեսիոնալիզմով, երաժշտական ճաշակով և ինքնատիպ տեմբրով:
Երգչախումբն իր 18-ամյա գործունեության ընթացքում հանդես է եկել Ավստրիայի, Իտալիայի, Գերմանիայի, Անգլիայի, Ֆրանսիայի, Լեհաստանի բեմահարթակներում և առաջին անգամ ռուս ունկնդրի առջև` արժանանալով նրա համակրանքին և ջերմ ընդունելությանը:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` Մոսկվայի Զատկի /Սուրբ Հարության/ փառատոնում

Ժամանակակից արվեստի մեծանուն դիրիժոր Վալերի Գերգիևի հրավերով Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղ. ղեկավար և դիրիժոր` Սերգեյ Սմբատյան) մասնակցել է Մոսկվայի Զատկի փառատոնին: Մաեստրոն երիտասարդական նվագախմբին է վստահել փառատոնի խմբերգային ծրագրի փակման հանդիսությունը: Նվագախումբը Մոսկվայի երաժշտասեր հասարակայնության դատին է ներկայացրել Պ. Չայկովսկու <<Վարիացիաներ ռոկոկո թեմաներով>> գործը` թավջութակի և նվագախմբի համար, որի մենակատարն էր տաղանդաշատ երիտասարդ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը: Նվագախմբի երկրորդ կատարումը` Է. Միրզոյանի Լարայինների և գոսերի համար սիմֆոնիան էր, որը հիրավի գերել է հանդիսատեսին:
Ընդամենը մեկ տարի առաջ Վալերի Գերգիևը Երևանում իր հյուրախաղերի ժամանակ ներկա է գտնվել երիտասարդական նվագախմբի` հայ ժամանակակից դասական կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի վերոնշյալ սիմֆոնիայի բաց փորձին և հիացել երաժիշտների կատարողական վարպետությամբ, ստեղծագործության նոր, ինքնատիպ մատուցմամբ ու որակով: Մեկ տարի անց Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես է եկել Մոսկվայի ամենամեծ փառատոներից մեկում` Զատկի փառատոնում:
Երիտասարդական նվագախումբը սեղծվել է 2005 թ. դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ջանքերով` իր հասակակից, տաղանդաշատ երաժիշտ- համախոհների հետ միասին: Տակավին նորաստեղծ նվագախումբը Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ հասցրել է ելույթներ ունենալ աշխարհի խոշորագույն համերգասրահներում` Opera Garnier (Փարիզ), Konzerthaus (Բեռլին), Չայկովսկու անվան կոնսերվատորիայի համերգասրահ (Մոսկվա), Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան Ֆիլհարմոնիայի մեծ համերգասրահ և այլն: 2008 թ. ՀՀ Կառավարության որոշմամբ Երիտասարդական նվագախմբին շնորհվել է պետական կոլեկտիվի կարգավիճակ:
Սբ Գեղարդ վանքի երգեցիկ խումբը Լեհաստանի <<Հայնովկայի եկեղեցական երաժշտության օրեր>> միջազգային մրցույթ-փառատոնում

Ս.թ. մայիսի 9-15-ը Սբ Գեղարդ վանքի երգեցիկ խումբը (գեղ. ղեկավար` Մհեր Նավոյան, խմբավար` Անահիտ Պապայան) Հայնովկայի փառատոնի տնօրեն, հայր Միխայիլ Նիեգիերևիչի հրավերով մասնակցել է Լեհաստանի <<Հայնովկայի եկեղեցական երաժշտության օրեր>> ուղղափառ երգեցողությանը նվիրված միջազգային մրցույթ-փառատոնին, որն անց է կացվել Վարշավայի և համայն Լեհաստանի մետրոպոլիտ Սավայի հովանու ներքո` շուրջ տասնմեկ երկրների երեսուն երգչախմբերի մասնակցությամբ:
Պրոֆեսիոնալ երգչախմբերի անվանակարգում Սբ Գեղարդ վանքի երգեցիկ խումբը ներկայացրել է մոտ 25 րոպե տևողությամբ ծրագիր, որի գերակշիռ մասը կազմել են հայ միջնադարյան հոգևոր մոնոդիաների` Կոմիտասի և Երվանդ Երկանյանի գրչին պատկանող խմբերգային մշակումները: Ծրագրի ավարտին հնչել է նաև Ա. Կաստալսկու <<Свете тихий>> (Լույս զվարթ) ստեղծագործությունը: Արդյունքում Հայաստանը գրավել է առաջին պատվավոր տեղը:
Մրցութային ելույթից զատ, Ս. Գեղարդ վանքի երգեցիկ խումբը Սերբիայի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ համատեղ մեծ հաջողությամբ հանդես է եկել Վարշավայի նշանավոր բազիլիկներից մեկում և Միխայլովո քաղաքի Ս. Նիկողայոսի (Միկոլայ) ուղղափառ եկեղեցում:
Սբ Գեղարդ վանքի երգեցիկ իգական խումբը կազմավորվել է 2001 թ.: Բացի յուրաքանչյուր կիրակի և եկեղեցական տոն օրերի` Գեղարդավանքում Սբ Պատարագի երգեցողություններից, խումբը ծավալել է ակտիվ համերգային գործունեություն` նպատակ ունենալով տարածել հայ հոգևոր և ժողովրդական խմբերգերը Հայաստանում և արտերկրում: Այս տարիների ընթացքում երգչախումբը բազմաթիվ համերգներով հանդես է եկել Գերմանիայում, Ավստրիայում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Չեխիայում, Բելառուսում և Լեհաստանում:

Երևանի պետական կամերային երգչախումբը Իտալիայի <<Կույս Լաուրենտինայի>> փառատոնում

Ս.թ. ապրիլի 7-11-ը Երևանի պետական կամերային երգչախումբը մասնակցել է Իտալիայի Լորետո քաղաքում անցկացվող <<Կույս Լաուրենտինա>> հոգևոր երաժշտության միջազգային 50-րդ հոբելյանական փառատոնին, որին մասնակցության հրավեր են ստացել նախընտրական փուլում լավագույնը ճանաչված 12 երկրների երգչախմբեր:
Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղ. ղեկավար և խմբավար` Հարություն Թոփիկյան) փառատոնի ընթացքում ներկայացրել է Կոմիտասի հոգևոր երգչախմբային ստեղծագործությունների ողջ շարքը, ինչը արժանացել է փառատոնի կազմակերպիչների և հանդիսատեսի բարձր գնահատանքին, իսկ երգչախումբը ճանաչվել է մասնակիցներից լավագույնը: Այդ օրերին համերգային ծրագրում հնչել են նաև Մ. Եկմալյանի և սփյուռքահայ կոմպոզիտոր Դ. Հալաջյանի, ժամանակակից երիտասարդ կոմպոզիտոր Վահրամ Սարգսյանի խմբերգային ստեղծագործությունների առաջին կատարումները: Երգչախումբը Կոմիտասի <<Ազգային օրհներգով>> պատիվ է ունեցել <<օծվելու>> Կույս Լաուրենտինայի մենախցում, որը փառատոնի ավանդույթներից մեկն է: Երեք օր շարունակ երգչախմբի ձայնագրությունները հնչել են նաև Լորետոյի բացօթյա մարդաշատ վայրերում:
Երևանի կամերային երգչախումբը ստեղծվել է 1996 թ.` խմբավար Հարություն Թոփիկյանի նախաձեռնությամբ և Գարեգին Առաջին վեհափառի հովանավորությամբ, նպատակ ունենալով ձայնագրել Կոմիտասի աշխարհիկ խմբերգային ողջ ժառանգությունը (147 խմբերգ), ինչը երգչախումբը հաջողությամբ է իրականացրել: Երևանի պետական կամերային երգչախումբը իր գործունեության ընթացքում բազում համերգներով հանդես է եկել Իտալիայում, Գերմանիայում, Լիբանանում, Սիրիայում, Նորվեգիայում, Ֆրանսիայում, ՌԴ-ում` Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում և այլուր:

<<Հայաստանի փոքրիկ երգիչները>>` <<Մոլորակի երեխաներն ընկերներ են>> խորագրով մոսկովյան միջազգային փառատոնում

Մոսկվայում մայիսի 6-10-ը <<Հայաստանի փոքրիկ երգիչները>> (գեղ. ղեկավար և խմբավար` Տիգրան Հեքեքյան) մասնակցել են <<Մոլորակի երեխաներն ընկերներ են>> խորագրով երգչախմբերի միջազգային երկրորդ փառատոնին: Այն այս տարի անց է կացվել <<Ես Մեծ Հաղթանակի ժառանգորդն եմ>> կարգախոսի ներքո և նվիրվել է Մեծ Հաղթանակի 65-ամյակին: Փառատոնի շրջանակներում երգչախումբը ելույթներ է ունեցել Մոսկվայում, Վլադիմիրում, Սուզդալում: Հյուրընկալվել է Պոպովի անվան երգչախմբային արվեստի ակադեմիայում, որտեղ և հանդես է եկել յուրօրինակ ու բարդագույն կատարումներով: 20 րոպե տևողությամբ ելույթի ընթացքում հայկական երգչախումբը հաջողությամբ ներկայացրել է թե’ հայ ժողովրդական, ժամանակակից երաժշտության նմուշներ և’ թե համաշխարհային դասականների և ռուս հեղինակների ճշգրիտ մեկնաբանություններ: Պատերազմի թեմայով ընտրված` Բաբաջանյանի <<Տղերքը, որոնք չկան>> ստեղծագործությունը` ռուսերեն խոսքերով, ամենուր արժանացել է ջերմ ընդունելության: Փառատոնի մասնակից այլ երգչախմբերի ղեկավարները, հեղինակավոր երաժիշտներն ու մասնագետները միաբերան նշել են, որ Հայաստանի երգչախումբը մրցակցությունից դուրս է և փառատոնի զարդը:
ՌԴ երգչախմբային արվեստի ակադեմիայի տնօրինությունը փառատոնի ավարտին նամակ է հղել ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանին, նշելով, որ <<Հայաստանի փոքրիկ երգիչները>> բացառիկ և բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող երգչախումբ է և մարմնավորումն է հայ ժողովրդի հարուստ մշակույթի: Ակադեմիայի տնօրենը նաև փաստել է, որ երգչախմբի ելույթը փառատոնի պայծառ էջերից մեկն է:
Մոսկովյան փառատոնի փակման արարողությանը մասնակցել են բոլոր երգչախմբերը, նաև անվանի օպերային մեներգիչներ` Մոսկվայի սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ: Անչափ կենսուրախ, լույսով ու ժպիտով լի` Յ. Չիչկովի հեղինակած <<Մոլորակի երեխաներն ընկերներ են>> եզրափակիչ երգը բոլոր երգչախմբերը կատարել են միասին` հերթով միմյանց փոխարինող խմբավարների ղեկավարությամբ:
<<Հայաստանի փոքրիկ երգիչներ>> երգչախումբը ստեղծվել է 1992 թ.: Բազմաթիվ համերգներով հանդես է եկել Հայաստանում, Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում, Ասիայում, Մեծ Բրիտանիայում:

Դիտվել է 1516 անգամ:
Print Friendly

Leave a Reply