Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Լյուիսին եւ ՀՀ-ում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսին:

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | May 19, 2010 20:29

Ողջունելով   հայաստանյան առաքելության ղեկավարին` Նախագահ Սերժ Սարգսյանն ասել է. ՙՈւրախ եմ Ձեզ կրկին տեսնել Հայաստանում: Տեղյակ եմ, որ կառավարության եւ կենտրոնական բանկի հետ արդյունավետ ու բովանդակալից քննարկումներ եք ունեցել: Գիտեմ, որ քննարկումներն արդեն ավարտվել են եւ Ձեր առաքելության հետ մեր կառավարությունը համաձայնության է եկել կոնկրետ պայմանավորվածությունների վրա հենվող ծրագրի շուրջ: Կարծում եմ` 2010թ-ը բավականին աշխույժ տարի է լինելու Հայաստանում տնտեսական վերականգնման առումով, գոնե թե առաջին չորս ամիսների տվյալները դա են վկայում: Միեւնույն ժամանակ այս տարի մենք պետք է կարողանանք առավել ակտիվ աշխատել բարեփոխումների շարունակման ուղղությամբ՚:

Մարկ Լյուիսը Հանրապետության ղեկավարին տեղեկացրել է ԱՄՀ կողմից ՀՀ կառավարության հետ ձեռք բերված պայամանավորվածությունների մասին, մասնավորապես` աշխատակազմի մակարդակով ԱՄՀ ՙԵրկարաձգվող ֆինանսավորման՚ եւ ՙԵրկարաձգվող վարկավորման՚ եռամյա ծրագրի մասին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ տնտեսության զարգացմանն ուղղված քայլերը եւ տնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունները: Մարկ Լյուիսի խոսքով. ՙԹեեւ տնտեսական պայմանները դեռեւս լավը չեն, սակայն Հայաստանի տնտեսությունն աստիճանաբար վերականգնվում է: Հայաստանի ֆինանսական հատվածն ամուր է, պետական ֆինանսները լավ են կառավարվում, իսկ արտաքին փոխանցումների ծավալը վերականգնվում է՚:

Կողմերը քննության են առել նաեւ գնաճի կառավարման, գործարար միջավայրի բարելավման եւ աղքատության հաղթահարման հետ կապված հարցեր: ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը Հանրապետության Նախագահին ներկայացրել է Ծրագրի շրջանակում նախատեսվող ֆինանսական աջակցության չափաքանակները, ԱՄՀ Խորհրդի կողմից ծրագրի հաստատումից հետո դրանց օգտագործման հնարավորությունները:

Դիտվել է 1862 անգամ:
Print Friendly

Leave a Reply