Մանկապիղծ ուսուցչի փաստաբանն առաջարկում է իր պաշտպանյալին ազատազրկման չդատապարտել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | May 19, 2010 18:01

«Կանաչ լո՞ւյս մանկապղծությանը», «Ցմահ բանտարկություն», «Երկիրը հանդուրժում է պեդոֆիլիան», «Վերջ մանկապղծությանը» և նման այլ կարգախոսներ պարունակող պաստառներով այսօր  լեցուն էր   Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի բակը: Շուրջ 100 մարդ էր հավաքվել դատարանի դիմաց` իր բողոքն արտահայտելու մանկապղծության մեջ մեղադրվող Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի նախկին ուսուցիչ Լևոն Ավագյանին մեղմ  պատիժ սահմանելու   դեմ:

Ավագյանը  մեղադրվում է  5 աշակերտների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ և նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 142 հոդվածի 1-ին և 2-րդ մասերով:

Նախորդ դատավարությանը դատախազը Ավագյանի համար պահանջեց 1,5 տարվա ազատազրկում` նրա արարքները բնորոշելով որպես պեդոֆիլիա:  Այսօր շարունակվեց Ավագյանի գործով արագացված դատաքննությունը:

«Դիմելու ենք նաև ԱԺ, որպեսզի նման հանցագործության համար ավելի խիստ պատիժ սահմանվի, բացի այդ, որ , լսեն նաև տուժողների կարծիքը:   Ուրիշ երկրներում նման հանցագործներին կաստրացիայի են ենթարկում կամ ցմահ դատապարտում, իսկ մեր երկրում պահանջում են 1,5 տարվա ազատազրկում, այն էլ կարող է լինել պայմանական, որ նա շարունակի «առաքելությունը»  կատարել և  պղծել մանուկներին»,- ասում է դպրոցում կատարվող անօրենությունները բացահայտած և այդ մասին բարձրաձայնած Մարիամ Սուխուդյանը:

Սուխուդյանն ասում է, որ ըստ դպրոցի նախկին սաների, նրան բազմիցս դիմել են ուսուցիչներին, պատմել եղելությունը, սակայն վերջիններս որևէ քայլ չեն ձեռնարկել:  «Դպրոցում բռնություններ երեխաների նկատմամբ կիրառել են նաև անձնակազմի անդամները, բացի այդ` առողջ երեխաներին մտավոր հետամնացների դպրոց են ընդունել կեղծ փաստաթղթերով:  Ինչո՞ւ համապատասխան մարմիններն ուսումնասիրություն չեն կատարում,  ո՞վ է հովանավորում մանկապղծությունը»,- հարց է բարձրացնում Սուխուդյանը:

Բողոքի ակցիային հեռվից հետևում էր Նուբարաշենի դպրոցի աշխատակից, տնօրենի բարեկամ Աշոտ Ղադյանը և  հեռախոսով ինչ-որ մեկին ներկայացնում էր իրավիճակը:   «Շատ զարմացել ենք, երբ իմացել ենք, բայց ոչինչ չենք արել Ավագյանին, ինչ իրավունք ունե՞նք,- ասաց Ղադյանը` հակադարձելով Սուխուդյանին, թե աշակերտների պատմածներն անտեսել են,-  Իսկ դու, որ 4 ամիս առաջ իմացար, ի՞նչ արեցիր»:

Դատավարությունն ընթացավ լեփ-լեցուն դահլիճում: Ներկա էր մոտ 70 մարդ, մի մասն էլ դատավարությանը հետևում էր միջանցքից:

Դատավարության ժամանակ տուժողների իրավապաշտպան Ավագ Լալայանը նշեց, որ Ավագյանին առաջադրված մեղադրանքը սխալ է ձևակերպված` մեղադրանք առաջադրված չէ աշակերտներին ծեծելու և խոշտանգելու համար:

Ապա վերջինս մեջբերումներ արեց տուժողների և գործով վկաների ցուցմունքներից, որտեղ ներկայացվում են Ավագյանի հանցավոր արարքները:

Այսպես` Ավագյանը 2006-ին իր աշխատասենյակ է կանչել տուժող Հ.Ս-ին և ստիպել վերջինիս լվանալ սուրճի բաժակը, ապա գրկել է նրան ու կատարել անառակաբարո գործողություններ, որոնք կրկնել է  նաև մի քանի օր հետ:  Հ.Ս-ն ավագյանից վախենալով տեղի ունեցածի մասին պատմել է միայն իր ընկերուհիներին:

1988-ի շրջանավարտ Մ.Ժ-ն հարցաքննության ժամանակ նշել է, որ  դպրոցում ուսանելու տարիներին Ավագյանն իրեն պարբերաբար խաղասենյակ է կանչել, որտեղ և նրան գրկել ու համբուրել է:  Մ.Ժ-ն այս մասին պատմել է ուսուցիչներից մեկին, սակայն վերջինս չի հավատացել աշակերտուհուն, իսկ Ավագյանն այդուհետ  սկսել է բոլորի առաջ դաժան ծեծել Մ. Ժ-ին: Նրա խոսքով` Ավագյանը նաև ստիպել է աշակերտներին, որ միմյանց հետ կռվեն մինչև կռվողներից մեկը արյունլվիկ դառնա, իսկ ինքը նստել և դիտել է կռիվը:

Գործով վկա, անչափահաս  Մ.Գ-ն հայտնել է, որ Ավագյանի արարքների մասին տեղեկացրել են դաստիարակներին, սակայն վերջիններս չեն հավատացել: Իսկ դպրոցի աշխատակից Աշոտ Ղադյանը սպառնացել է Մ.Գ-ին. «աղմուկ  չհանես, թե չէ գլուխդ կջարդեմ»: Մ.Գ.-ն վախենալով սպառնալիքներից և չդիմանալով Ավագյանի պատիժներին փախել է դպրոցից:

Լալայանը նշեց, որ Ավագյանն առնվազն 1985-ից մինչև 2008-ը` 23 տարի շարունակ անառակաբարո գործողություններ է կատարել իր աշակերտների նկատմամբ, նրանց ծեծել և խոշտանգել, մինչդեռ նախաքննական մարմինը բավարար ջանք չի գործադրել ողջ եղելությունը պարզելու համար:

Դատարանը  հանցանքը մեղմացնող հանգամանք է դիտարկում Նուբարաշենի թիվ 11 դպրոցի և համատիրության նախագահի կողմից տրված դրական բնութագրերը Ավագյանին: Դպրոցից տրված բնութագրում Ավագյանը ներկայացված է որպես իր գործը սիրող լավ մանկավարժ: «Նման բնութագրերը չեն կարող հիմք դառնալ պատիժը մեղմացնելու համար»,- ասում է Ավագյանը:

Ըստ տուժողների մյուս իրավապաշտպան Տիգրան Հայրապետյանի` տուժողներին ձայնի իրավունքից զրկելով խախտվում է արդարադատության բուն սկզբունքը:  «Դատավարությունն իրականացվում է սոցիալական արդարությունը վերականգնելու նպատակով: Պատիժը հատուցումն է անօրինական արարքի և պետք է լինի նույնքան ծանր, որքան հանցանքն է:  Պատժով պետությունն իր վերաբերմունքն է արտահայտում տվյալ հանցանքի նկատմամբ: Մինչդեռ դատաքննության ժամանակ տուժողների իրավունքների ոտնահարումը դատավարությունը ձևական է դարձնում»,- ասում է Հայրապետյանը:

Հայրապետյանը որպես հանցանքը ծանրացնող հանգամանք է մատնանշում այն, որ Ավագյանը հանցանք է գործել անչափահաս և անօգնական վիճակում գտնվող անձանց նկատմամբ, բացի այդ` տուժողները իրենից անմիջական կախման  մեջ են գտնվել:

Լևոն Ավագյանը և նրա փաստաբան Վիկտորիա Կիրակոսյանը ցուցարարներին անտեսելով դատարան են մտնում

Տուժողների փաստաբանները դատարանին կոչ արեցին Ավագյանի համար սահմանել առավելագույն պատիժ: Այս առաջարկը դահլիճն ընդունեց բուռն ծափահարություններով:

Սակայն Ավագյանի փաստաբան Վիկտորիա Կիրակոսյանը դատարանին կոչ արեց իր պաշտպանյալի համար կիրառել ազատազրկման հետ կապ չունեցաղ պատիժ: «Եթե կա մեկը, որ մեղք չի գործել, թող առաջինը քար նետի»,- ասաց Կիրակոսյանը աստվածաշնչյան արտահայտությունը` հավելելով, որ ոչ ոք քար չի նետի, քանի որ անմեղ մարդ չկա:

Լեփ-լեցուն դահլիճում Կիրակոսյանի նման արտահայտությունն իրարանցում առաջացրեց: Դատավարությանը ներկա, Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի շրջանավարտ Մ.Ժ-ն բացականչեց, թե «Ամեն անգամ ցեղասպանություն բառը լսելիս մանկությունս եմ հիշում:  Դպրոցում, այդ թվում և Ավագյանը, աշակերտներին ծեծել են, խոշտանգել և բռնաբարել»:

Դատախազ Կարեն Բատիկյանը նշեց, որ ծեծի և խոշտանգման դեպքերի համար  քրեական գործ չի կարող  հարուցվել,  քանի դեռ չկա տուժողի բողոքը: Բացի այդ` Մ.Ժ-ի դեմ իրականացված հանցանքի վաղեմության ժամկետն անցած է, այդ իսկ պատճառով էլ հետապնդում չի իրականացվել:

«Բացառված չէ, որ այսօր էլ կան Ավագյանի նման մանկապիղծ ուսուցիչներ, որոնք ծպտված սպասում են, թե ինչպիսին կլինի Ավագյանի դատավճիռը: Կարծում եմ, որ 1,5 տարվա ազատազրկումը որպես պատիժ արդարացի է»,- ասաց դատախազը:

Դատարանն  իր վճիռը կհայտնի մայիսի 24-ին տեղի ունենալիք դատական նիստի ժամանակ:

Այս մասին տես նաև այստեղ

Դիտվել է 1656 անգամ:
Print Friendly

Leave a Reply