ԱԺ-ն մերժեց ԸՕ-ն բարեփոխելու ընդդիմադիր պատգամավորի օրենսդրական նախաձեռնությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 19, 2010 17:17

Մայիսի 19-ին ՀՀ Ազգային ժողովը մերժեց նախօրեին առաջին ընթերցմամբ քննարկված Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՙԺառանգություն՚ խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի օրենսդրական նախաձեռնությունը: Վերջինի ընդունմանը կողմ էր 19, դեմ` 50, ձեռնպահ` 4 պատգամավոր:

Նախագծի վերաբերյալ կառավարության եւ գլխադասային՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի եզրակացությունը բացասական էր, դեմ քվեարկելու որոշման մասին ՙՀՀԿ՚ խմբակցության անունից հայտնել էր նաև վերջինի ղեկավար Գալուստ Սահակյանը: Նախագիծը պաշտպանել էին միայն երկու ընդդիմադիր` ՙԺառանգություն՚ և ՙՀՅԴ՚ խմբակցությունները, ուստի

ԱԺի նման որոշումը կանխատեսելի էր:

Քաղաքական մեծամասնության ներկայացուցիչը հայտնել էր նաև, որ գլխադասային հանձնաժողովում կոալիցիոն ուժերը դեմ են քվեարկել օրինագծի ձևաչափին, այլ ոչ` բովանդակությանը, քանի որ աշնանը նախատեսվում է նախաձեռնել Ընտրական օրենսգրքի բարեփոխման գործընթաց:

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մևլութ Չավուշօղլին վերջերս Երեւան կատարած երկօրյա այցի ընթացքում ևս` ի թիվս երկրի այլ բնագավառներում բարեփոխումների, կարևորել էր ընտրական համակարգի բարեփոխման անհրաժեշտությունը` 2012 թ.-ի հայաստանյան ընտրություններն եվրոպական չափանիշներին համապատասխան կազմակերպելու տեսանկյունից: Նշվել էր նաև, որ ԵԽԽՎն ակնկալում է, որ Հայաստանը հնարավորինս շուտ ԵԽի մասնագիտական փորձաքննության կներկայացնի ԸՕի բարեփոխված նախագիծը:

Դիտվել է 991 անգամ:
Print Friendly

Leave a Reply