Պետք է արգելվի Եվրոպայի խորհրդի թուրք նախագահի վերադարձը Հայաստան

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 19, 2010 10:57

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ (ԵԽԽՎ) Մեվլութ Չավուշօղլուն անցյալ շաբաթ Երևան կատարած իր այցի ժամանակ վիրավորեց հյուրընկալողներին` հրաժարվելով ծաղկեպսակ դնել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին:

Երբ հայկական լրատվամիջոցները նրան հարցեր տվեցին ծաղկեպսակ դնելուց հրաժարվելու մասին, Չավուշօղլուն ստեց` ասելով, թե իր նախորդները ևս այդպես են վարվել: Սակայն հայ լրագրողները ուղղեցին նրան` շեշտելով, որ իրականում ԵԽԽՎ այլ նախագահներ այցելել են Ցեղասպանության հուշահամալիր: Սուտասանության մեջ մերկացվելուց հետո նա փոխեց իր տոնն ու խոստովանեց, որ Հուշահամալիր չայցելելն իր անձնական որոշումն է և խնդրեց հայերին հարգել իր ցանկությունը:

Իսկ ինչո՞ւ պետք է հայերը հարգեն ցեղասպանություն ժխտողին ու ստախոսին: Չավուշօղլուն` Թուրքիայի իշխող “Արդարություն և զարգացում” կուսակցության հիմնադիրներից մեկն ու թուրքական խորհրդարանի անդամը Հայաստան էր ժամանել ոչ որպես թուրք պաշտոնյա, այլ որպես ԵԽԽՎ նախագահ: Ցավալի է, որ այս տարվա սկզբին ԵԽԽՎ-ում հայ պատվիրակներին չհաջողվեց խոչընդոտել նրա ընտրությանն այս ազդեցիկ եվրոպական կառույցի նախագահությունում:

Իրական խնդիրը Չավուշօղլու ազգային ծագումը չէ. ոչ ոք չպետք է զրկվի որևէ պաշտոնից իր ազգային պատկանելության պատճառով: Առարկությունները հիմնված են հայկական հարցերի նկատմամբ նրա վաղեմի ընդդիմությամբ, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտմամբ և Արցախյան հակամարտությունում Ադրբեջանի աջակցությամբ:

Տեղեկանալով, որ Չավուշօղլուն չի այցելելու Ցեղասպանության հուշահամալիր, որը սահմանված արարողակարգ է Երևան այցելող բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների համար, Հայաստանի Կառավարությունը որոշեց նրա այցելության կարգավիճակը “պաշտոնական” մակարդակից իջեցնել “աշխատանքայինի”: Անշուշտ սա ընդամենը մի թույլ հակազդեցություն էր նրա հասցրած ծանր վիրավորանքի համեմատ: Ցավոք, Հայաստանի իշխանությունները քննադատական կամ դատապարտման որևէ խոսք չասացին: Նրանք պետք է ավելի կոշտ միջոցներ ձեռնարկեին Չավուշօղլուի դեմ և չեղյալ հայտարարեին նրա այցը Երևան: Հաստատակամություն չցուցաբերելով երկրում վաղուց հաստատված արարողակարգի պահպանման գործում, Հայաստանի իշխանությունները պարզապես խրախուսում են ապագայում Հայաստան այցելող բարձրաստիճան պաշտոնյաներին` հարգանքի տուրք չմատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Մի ցավալի նախադեպ արդեն ունեցել ենք 2008 թվականի սեպտեմբերին, երբ Թուրքիայի նախագահ Գյուլը հրավիրվել էր Երևան: Այն ժամանակ մի հոդվածում ես կոչ արեցի Հայաստանի իշխանություններին Թուրքիայի նախագահից պահանջել ծաղկեպսակ դնել Ցեղասպանության զոհերի հուշարձանին: Ցավոք, Գյուլին նման պահանջով չդիմեցին, և նա շատ ուրախ էր, որ այդպիսի հարց չբարձրացվեց:

Պետք է դրվատանքի խոսքեր ասել Հայ Հեղափոխական Դաշնակցության հասցեին` Երևան կատարած այցի ժամանակ Չավուշօղլուի հետ հանդիպումից հրաժարվելու համար` Հայոց ցեղասպանության զոհերի նկատմամբ վերջինիս անհարգալից վերաբերմունքի պատճառով: Նրա այցը դատապարտեց նաև Հնչակյան կուսակցության ուսանողական միությունը:

Ցավոք, ընդդիմադիր կուսակցություններից մեկի պաշտոնատար անձինք հանդիպեցին Չավուշօղլուի հետ իրենց սեփական օրակարգով, խնդրելով նրան` թուրքին, դատապարտել Հայաստանի Կառավարությանը մարդու իրավունքների խախտման համար: Միևնույն ժամանակ, իշխանամետ կուսակցությունները հանդիպեցին Չավուշօղլուի հետ` ծանոթացնելով նրան տարածաշրջանային հիմնախնդիրների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումներին, կարծելով, թե նա պատրաստ է փոխել իր տեսակետները Հայոց ցեղասպանության, Արցախի կամ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ:

Անկախ Չավուշօղլուի և նրա կառավարության` Հայոց ցեղասպանության հանդեպ ունեցած ժխտողական դիրքորոշումից, նրան չպետք է ներել Ցեղասպանության հուշահամալիր չայցելելու համար: Նույնիսկ այն երկրների դեսպանները, որոնք պաշտոնապես չեն ճանաչել Հայոց ցեղասպանութունը, մասնակցում են Ապիրլի 24-ի սգո արարողությանը և ծաղկեպսակ դնում Ցեղասպանության հուշարձանին:

Հրաժարվելով հետևել արարողակարգին, Չավուշօղլուն ոչ միայն վիրավորեց հայ ժողովրդին, այլ միաժամանակ խախտեց վաղուց Եվրոպառլամենտի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման իրողությունը:

Ի վերջո, թուրք դիվանագետն իր խոսքով ու գործով ծանր դրության մեջ դրեց ինքն իրեն ու գցեց իր վարկը որպես քաղաքական գործիչ և արժանի ներկայացուցիչ այս հանրահայտ եվրոպական կառույցի և նրա արժեքների:

Ապագայում նման սկանդալներից խուսափելու համար Հայաստանի իշխանությունները պետք է դիմեն օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաներին`մինչև նրանց այցը և հասու դարձնեն Հայաստանում սահմանված արարողակարգի` Ցեղասպանության հուշարձանին ծաղկեպսակ դնելու կարևորությունը: Հրաժարվելու դեպքում նրանց այցերը պետք է անհապաղ չեղյալ հայտարարվեն: Կարո՞ղ եք պատկերացնել մի որևէ օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյայի, որն այցելի Երուսաղեմ ու հրաժարվի ծաղկեպսակ դնել Յադ Վաշեմի` Հոլոքոստի զոհերի հուշարձանին: Նրան հետագայում երբեք թույլ չեն տա ոտք դնել Իսրայել: Հայաստանի Կառավարությունը նույնպիսի դիրքորոշում պետք է որդեգրի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի նկատմամբ:

Հայաստան կատարած իր այցելության վերջում Չավուշօղլուն հայտարարեց, որ այս տարվա հոկտեմբերին կրկին այցելելու է Հայաստան: Հուսով եմ, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա նրա մուտքը երկիր, մինչև որ նա չհարգի օտարերկրյա բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների համար Հայաստանում սահմանված արարողակարգը:

Եթե հայ պաշտոնյաները հաստատակամ չլինեն հենց իրենց երկրի կանոնակարգի կատարման հանդեպ, ապա օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաները դրանց ենթարկվելու ոչ մի պատճառ չեն ունենա:
Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Դիտվել է 1554 անգամ:
Print Friendly

Leave a Reply