Քաղաքապետարանի թեժ գիծն օպերատիվ կարձագանքի ահազանգերին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 19, 2010 11:17

Երևանի քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում   երեկ քննարկվել են   մայրաքաղաքում մեկնարկած քաղաքային ծրագրերի ընթացքի հետ կապված մի շարք հարցեր:

Գագիկ Բեգլարյանն  անդրադարձել է  Երևանի քաղաքապետարանի 1-08 ծառայության թեժ գծով ստացված երևանցիների ահազանգերին: Քաղաքապետը հանձնարարել է  յուրաքանչյուր ահազանգի հետքերով լինել տեղում, ուսումնասիրել հարցը և խնդրին հրատապ լուծում տալ:

Զեկուցվել է, որ  բնակչության հարմարավետ սպասարկումն ապահովելու նպատակով շարունակվում են մայրաքաղաքի փողոցներում նոր կանգառների կահավորման հետ կապված աշխատանքները:

Շինբարեկարգման վարչության պետը տեղեկացրել է, որ մայրաքաղաքի բակային տարածքներում նախատեսված 73 նոր խաղահրապարակներից 44-ն արդեն տեղադրվել են: Նոր Նորք, Նորք-Մարաշ, Շենգավիթ և Նուբարաշեն վարչական շրջաններում խաղահրապարակների տեղադրման աշխատանքներն արդեն ավարտվել են:

Զեկուցվել է, որ ընթացքի մեջ է մանկապարտեզներին անհատական ջեռուցման համակարգերով ապահովելու տարեկան ծրագիրը: Քաղաքապետը մեկ անգամ ևս ընդգծել է, որ մինչև տարեվերջ մայրաքաղաքի կրթական բոլոր հաստատությունները պետք է ապահովված լինեն ջեռուցման համակարգերով:
Տեղեկացվել է, որ Ավան, Նոր Նորք և Էրեբունի վարչական շրջաններում արդեն ավարտվել են  Գետառ և Ողջաբերդ գետերի հուների մաքրման աշխատանքները: Գործընթացն այժմ տեղափոխվել է Շենգավիթ վարչական շրջան:

Այս տարի դպրոցական վերջին զանգը մայրաքաղաքի դպրոցներում կհնչի մայիսի 21-ին: Երևանի քաղաքապետը պատասխանատու բոլոր կառույցներին հանձնարարել է այդ օրը խիստ հսկողություն իրականացնել մայրաքաղաքում շրջանավարտների անվտանգության ապահովման ուղղությամբ: Դպրոցներում մեկնարկած Վերջին զանգի միջոցառումները կամփոփվեն Հանրապետության Հրապարակում Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված տոնական համերգով:

Դիտվել է 1129 անգամ:
Print Friendly

Leave a Reply