Արմեն Աշոտյան. «Կրթական համակարգը կրթություն է վաճառում»

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | | May 19, 2010 11:00

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հանդիպել է ՀՀ մի շարք բուհերի ուսանողների հետ, ովքեր մագիստրոսական և ասպիրանտական տեղերի բաշխման վերաբերյալ կառավարության որոշման դեմ բողոքի ցույցեր էին կազմակերպում:

Նախարարությունում կայացած հանդիպման ընթացքում ուսանողները մեկ անգամ ևս արտահայտել են իրենց հիմնական մտահոգությունները, այն է` առանց տարկետման իրավունքի տեղերի նվազումը, ըստ ուսանողների, կարող է լուրջ հարված հասցնել գիտության հետագա զարգացմանը:

Անդրադառնալով մագիստրոսական և ասպիրանտական տեղերի բաշխման խնդրին` նախարարը նշել է, որ այն վաղուց էր հասունացել, քանի որ վերջին տարիներին հարցը բազմիցս քննարկվել է և ներկաներին վստահեցրել, որ նման նախաձեռնության շարժառիթները միանգամայն կրթական են:

«Երկար տարիներ գործող համակարգը չի բավարարել գիտամանկավարժական կադրերի պատրաստման և զարգացման մակարդակը. այն պետության կողմից հովանավորման ենթակա խնդիր է և միայն պետպատվերի ձևավորման միջոցով այդ խնդիրը չի լուծվում,-նշել է  նախարարը:- Հավաստիացնում եմ ձեզ, որ կրթության հնարավորություններն այս դաշտում ամբողջությամբ բաց են, և առհասարակ զինապարտության հետ կապված խնդիր չկա: Պետպատվերի շրջանակը մնում է նույնը, և առկա ուսուցմամբ կրճատված տեղերը տեղափոխվելու են հեռակա ասպիրանտուրա. հետևաբար այդ դռները միշտ բաց են իրականում գիտությամբ զբաղվել ցանկացողների համար»:

Անդրադառնալով բակալավրիատի տեղերի հատկացման սկզբունքներին` նախարարը նշել է, որ տարիներ շարունակ պետական և ոչ պետական բուհերը, գործելով կողք կողքի, ունեցել են իրենց խնդիրները, մասնավորապես, ոչ պետական բուհերն օգտվել են ընդունելության հեշտացված կարգից, իսկ պետական բուհերն ունեցել են տարկետման իրավունք ընձեռելու առավելություն: Ըստ այդմ, խեղվել է մրցակցային շուկան: Այդ է պատճառը, որ հաջորդ տարի ՀՀ բոլոր բուհերում ընդունելությունը կանցկացվի միասնական ընթացակարգով` բոլորի համար ապահովելով նույն դաշտում գործելու հնարավորություն:

«Կրթական համակարգը կրթություն է վաճառում, այլ ոչ թե տարկետման իրավունք: Հստակ պետք է գիտակցել պետության տնտեսական գերակայությունները և պետպատվերի տրամադրման օրինաչափությունները` նախապատվությունը տալով մշակութաբանական, հայագիտական, բնագիտական և գյուղատնտեսական բլոկներին: Սա կրթական բարեփոխում է, որի ակնկալիքն է` ունենալ նպատակային պետպատվերի ձևավորման վերջնական սկզբունքներ, որով կխթանվի պետական գերակայությունը, և կրթական համակարգում կլինեն մարդիկ, ովքեր շահագրգռված են կրթությամբ. սա է ընդհանուր մոտեցումը»,-ասել է նախարարը:

Հանդիպման ընթացքում Աշոտյանն  անդրադարձել է  նաև ապագայում նախատեսվող մի շարք նորամուծությունների, մասնավորապես, հաջորդ տարի պարտադիր է լինելու օտար լեզվից Toefl-ի հանձնումը մագիստրատուրայում, նախատեսվում է ասպիրանտուրայի քննությունների նկատմամբ պահանջների խստացում, ինչպես նաև անցումային շեմերի բարձրացում, որոնք կնպաստեն կոռուպցիոն ռիսկերի շեշտակի նվազմանը:

Դիտվել է 2018 անգամ:
Print Friendly

Leave a Reply