Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 18, 2010 21:26

Մայիսի 18-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը և քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված օրինագծերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը,որում նախատեսված փոփոխությունները ըստ հեղինակների բխում են ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումներից, ինչպես նաև ՀՀ վերոնշյալ օրենսգրքերը համապատասխանեցվում են եվրոպական չափորոշիչներին:

Ըստ փոփոխությունների, կհամապատասխանեցվեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի երկու բաժինները, ինչպես նաև` նոր հանգամանքներով բողոք ներկայացնելու իրավունք կվերապահվի նաև քաղաքացիական և քրեական գործերի քննությանը մասնակից չդարձված այն անձանց, ովքեր սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից վճռի կայացման պահին ունեցել են իրենց իրավունքներն իրացնելու հնարավորություն:

Օրինագիծը մանրամասն քննարկվել է հանձնաժողովում և արժանացել դրական եզրակացության:

ՀՀ արդարադատության փոխնախարար Գևորգ Մալխասյանը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարության կարծիքը փոփոխությունների վերաբերյալ դրական է և չկան սկզբունքային առարկություններ:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց նաև ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որում նախատեսվող փոփոխությունները խմբագրական բնույթի են:

Այնուհետև ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Մուշեղ Թովմասյանը պատգամավորների քննարկմանն առաջին ընթերցմամբ ներկայացրեց ՀՀ կառավարության հեղինակած «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով սահմանվում է հեռուստառադիոհեռարձակումը անալոգայինից թվային հեռարձակման անցման կարգը:

Ըստ նախագծի հիմնավորման, անալոգայինից թվային հեռարձակման անցնելը հնարավորություն կտա ապահովել հեռուստառադիոհեռարձակման լայն հասանելիությունը և մատչելիությունը, հաճախականությունների տիրույթների արդյունավետ օգտագործումը, հեռուստառադիոհեռարձակման և տեղեկատվական բարձր տեխնոլոգիական այլ ծառայությունների համակցելիությունը, հեռարձակման պլատֆորմների օգտագործման համաձայնեցվածությունը և տեղեկատվության ոլորտում կիրառվող տեխնիկական միջոցների համատեղելիությունը, ինչը միաժամանակ կնպաստի տեղեկատվական շուկայի զարգացմանը և ազատ մրցակցության ապահովմանը:

Թվային հեռարձակման ցանցի միջոցով հանրապետությունում թեմատիկ ուղղվածությամբ հեռարձակում կիրականացնեն 18 հեռուստաընկերություններ, որոնցից 9-ը կգործեն մարզերում: Հեռուստռադիոընկերությունների լիցենզավորումը կանցկացվի մրցույթի միջոցով, որը կիրականացնի Հեռուստատեսության և ռադիոյի Ազգային հանձնաժողովը: Հեռուստաընկերություններին լիցենզիան կտրամադրվի 10 տարով: Մրցույթը նախատեսվում է անցկացնել 2010 թվականի հուլիսի 20-ին, իսկ 2011-ի հունվարին հայտնի կդառնան հաղթած հեռուստաընկերությունները: 2013 թվականի հուլիսի 20-ից Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կդադարեցվի անալոգային հեռուստահեռարձակումը և այդ պահից սկսած` կիրականացվի միայն թվային հեռուստահեռարձակում: :

Օրինագծի քննարկումը կշարունակվի ԱԺ մայիսի 19-ի նիստում: Խորհրդարանը մայիսի 18-ին առաջին ընթերցմամբ քննարկեց նաև ընդդիմության կողմից հրատապ համարված «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը հեղինակել էր «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը:

Օրինագծի վերաբերյալ ԱԺ պետականիրավական հարցերի մշտական հանձնաժողովը ներկայացրել էր ոչ դրական եզրակացություն: Ինչպեց տեղեկացրեց հանձնաժողովի փոխնախագահ Արտյուշ Շահբազյանը, հանձնաժողովը ոչ դրական եզրակացություն է ներկայացրել օրինագծի քննարկման նպատակահարմարության վերաբերյալ , չքննարկելով օրինագծի բովանդակությունը:

ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանն իր հարակից ելույթում ներկայացրեց ՀՀ կառավարության բացասական եզրակացությունը, նկատելով, որ դա արվել է` ելնելով մի շարք նկատառումներից:

Դիտվել է 1103 անգամ:
Print Friendly

Leave a Reply