ՀՀ կառավարությունը պատրաստ է օժանդակել երկու երկրների միջեւ գիտական կապերի սերտացմանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 18, 2010 20:28
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Բելառուսի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Միխաիլ Մյասնիկովիչի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը։
Ողջունելով հյուրերին` գործադիրի ղեկավարը նշել է, որ կառավարությունը պատրաստ է օժանդակել երկու երկրների միջեւ գիտական համագործակցության խորացմանը։
Միխաիլ Մյասնիկովիչը գոհունակությամբ է խոսել Հայաստանի եւ Բելառուսի Ակադեմիաների միջեւ համագործակցության ընթացքի մասին։ Նա ներկայացրել է Բելառուսի Ակադեմիայի գործունեությունը եւ գիտության զարգացման ուղղությամբ իրականացվող քաղաքականությունը։
Քննարկվել են փոխշահավետ համագործակցության խորացման հեռանկարները։ Առանձնակի ուշադրության են արժանացել դեղերի արտադրության, տեղեկատվական տեխնոլոգիաների, տիեզերական տեխնոլոգիաների եւ բիոտեխնոլոգիաների, միկրոէլեկտրոնիկայի եւ օպտիկայի ոլորտները։ Փոխադարձաբար ընդգծվել է գիտության զարգացման մեջ նորարարության եւ գիտական նվաճումների կիրառման անհրաժեշտությունը։ Այդ համատեքստում Տիգրան Սարգսյանը կարեւորել է բելառուսական փորձի կիրառումը Հայաստանում։






Facebook
Tweet This
Email This Post
