Սոս գյուղը ստացավ ջուր, իսկ Սպիտակաշենը` դպրոց
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | May 18, 2010 20:07
Սոս գյուղը ստացավ ջուր, իսկ Սպիտակաշենը` դպրոց
ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի պատվիրակությունը հնգօրյա այցով եղավ Արցախում
Երեւան, 18 մայիսի, 2010.: ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին նախորդող շաբաթվա ընթացքում Հիմնադրամի պատվիրակությունը` կազմված հոգաբարձուների խորհրդի անդամներից, տեղական մարմինների ներկայացուցիչներից, Հիմնադրամի բարերարներից եւ գործադիր վարչության աշխատակազմից, գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ մայիսի 5-ից 9-ը եղավ Լեռնային Ղարաբաղում եւ այցելեց Հիմնադրամի մի շարք ավարտված ու ընթացիկ ծրագրեր:
Մայիսի 6-ին եւ 7ևին Մարտունու շրջանի Սպիտակաշեն եւ Սոս գյուղերում տոնական տրամադրություն էր. պաշտոնապես բացվեց Սպիտակաշենի նորակառույց երկհարկանի դպրոցը, ու շահագործման հանձնվեց Սոս համայնքի խմելու ջրի 7.6կմ երկարությամբ ներքին ցանցն ու օրվա կարգավորման ջրամբարը:
1935թ.-ին կառուցված Սպիտակաշենի հին դպրոցն արդեն պիտանի չէր ուսումնառության համար: Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմինը որոշում էր կայացրել դպրոցաշինությանն ուղղված իր հանգանակություններով Սպիտակաշենում կառուցել մի դպրոց, որը լիարժեք սպասարկի համայնքին, եւ Տորոնտահայ համայնքի եւ Լեռնային Ղարաբաղի կառավարության համաֆինանսավորմամբ կյանքի կոչվեց գեղեցիկ երկհարկանի կառույցը:
Դպրոցում ներկայումս սովորում է 85 աշակերտ, սակայն, հաշվի առնելով համայնքում բնակչության աճի միտումը, դպրոցը նախագծվել եւ կառուցվել է 130 աշակերտի համար: Դպրոցի ամբողջական կահավորումը, նոր համակարգչային դասասենյակը, ընդարձակ ու լուսավոր հանդիսությունների սրահը, տնօրենի համոզմամբ, կխթանեն ուսումնական գործընթացը եւ լիարժեք ու առավել հետաքրքիր կդարձնեն դպրոցականների առօրյան: Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանն էլ համայնքի աշակերտներին ուղղված իր խոսքում հորդորեց լավ սովորել, հավատալով, որ նրանցից յուրաքանչյուրն իր մեջ կրում է վաղվա գիտնականին, արվեստագետին, ինժեներին, եւ ինչու չէ, երկրի նախագահին: Գարնանը, գյուղապետարանի աջակցությամբ, դպրոցի աշակերտները դպրոցի մերձակայքում 50 մրգատու ծառ են տնկել, որոնք տարիներ անց էլ ավելի գրավիչ կդարձնեն դպրոցը:
Մայիսի 7-ին տոնախմբությունը, երգն ու պարը շարունակվեցին Սոս գյուղում: Այստեղ Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի եւ Լեռնային Ղարաբաղի կառավարության համաֆինանսավորմամբ գյուղում կառուցվել է խմելու ջրի 7.6կմ երկարությամբ ներքին ցանց եւ վերանորոգվել` օրվա կարգավորման ջրամբարը: 300 տարվա պատմություն ունեցող գյուղում, ուր տասնամյակներ շարունակ բնակիչները տնտեսության համար անհրաժեշտ ջուրը կրում էին դույլերով, այսօր գործում է շուրջօրյա ջրամատակարարում: Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը եւ Լեռնային Ղարաբաղի Քաղաքաշինության նախարար Անահիտ Վարդանյանն այս առթիվ իրենց ջերմ շնորհավորանքներն ուղղեցին համայնքի բնակիչներին:
Այցելություններ եղան նաեւ Հիմնադրամի ընթացիկ ծրագրեր. Գորիս քաղաքի սրտաբանական հիվանդանոց (հովանավորներ` Ֆրանսիայի եւ Լիբանանի տեղական մարմիններ), Գիշի գյուղի միջնակարգ դպրոց (hովանավորներ` Հեռուստամարաթոն 2008, Վարդանյանների ընտանիք ԲՀԿ եւ ԼՂՀ Կառավարություն), Ճարտար գյուղի միջնակարգ դպրոց (hովանավոր` Ֆրանսիայի տեղական մարմին եւ ԼՂՀ կառավարություն), Ստեփանակերտի թիվ 11 դպրոց (hովանավոր` Հիմնադրամի ԱՄՆ Արեւմտյան շրջանի տեղական մարմին եւ ԼՂՀ կառավարություն):
Պատվիրակության անդամներին գոհացրեց աշխատանքների ընթացքն ու այն որակը, որով ներկայումս ընթանում են Հիմնադրամի կողմից իրականացվող կառուցման եւ հիմնանորոգման աշխատանքները:
Այցելության շրջանակում, Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ տեղի ունեցավ ճաշկերույթ, որի ընթացքում զրույց ծավալվեց պատվիրակությանն անդամներին հետաքրքրող մի շարք հարցերի շուրջ:
Այցելություն եղավ նաեւ Շուշի, որտեղ Հիմնադրամը սկսել է իրականացնել մի շարք ենթակառուցվածքային ծրագրեր` նախապես համաձայնեցված Լեռնային Ղարաբաղի կառավարության հետ, այդ թվում` փողոցների, բնակելի շենքերի տանիքների, դպրոցների, Շուշիի գրադարանի, մշակույթի տան նախագծում եւ հիմնանորոգում:
Շուշիում պատվիրակությանն ընդունեց Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արք. Մարտիրոսյանը: Պատվիրակությունը եղավ նաեւ Շուշիի Սբ.Ղազանչեցոց եկեղեցում եւ մասնակցեց Շուշիի ազատագրմանն ու մայիսյան հաղթանակներին նվիրված պաշտոնական միջոցառումներին եւ տոնակատարություններին:
ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամ






Facebook
Tweet This
Email This Post
