Օպերատիվ շտաբից` ընդլայնվող բիզնես. վարչապետն այցելել է «Բիոկաթ» ընկերություն
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | May 18, 2010 19:33
Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է «Բիոկաթ» ընկերություն` որի ներկայացրած բիզնես ծրագիրը հավանության էր արժանացել կառավարության ղեկավարի գլխավորությամբ ստեղծված օպերատիվ շտաբում։ Կառավարությունն իր հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում տրամադրել էր 120 մլն դրամի վարկ` տարեկան 13 տոկոս տոկոսադրույքով, 36 ամիս մարման ժամկետով, որից 6 ամիսը` արտոնյալ պայմաններով։ Վարկային միջոցների տրամադրումը նպաստել է, ընկերության նոր արտադրամասի, լաբորատորիայի վերազինմանը, որի գործարկման համար ձեռք են բերվել նոր լաբորատոր սարքավորումներ եւ օժանդակ սարքեր։
Տիգրան Սարգսյանին են ներկայացվել տրամադրված միջոցների հաշվին իրականացված աշխատանքների արդյունքերը։ Վարչապետին տեղեկացրել են, որ ընկերությունն այժմ ունի 31 աշխատեղ։ «Բիոկաթն» ընդլայնում է արտադրանքի տեսականին։ Արդեն իսկ ավարտված են պաղպաղակի եւ յոգուրտի արտադրամասերի կազմավորման աշխատանքները։ Արտադրամասերը կգործարկվեն մայիսի 25-ից` ապահովելով նոր աշխատատեղեր։
Շրջայցից հետո անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որտեղ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է կաթնամթերք արտադրողների շահերը ներկայացնող ասոցիացիայի կամ հասարակական կազմակերպության ստեղծումը։ Վերջինի առաքելությունը կլինի կաթնամթերքի որակի վերահսկողությունը, ինչպես նաեւ մրցակցային դաշտի մոնիտորինգի ապահովումը։ Այնուհետեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանել է լրագրողների հարցերին։ Նա մասնավորապես նշել է. «Ի սկզբանե հայտարարեցինք, որ մեր աշխատանքը պետք է լինի բաց եւ թափացիկ։ Այն որոշումները, որ կայացրել է օպերատիվ շտաբը, պետք է լինեն մեր հասարակության վերահսկողության ներքո։ Բոլոր որոշումները տեղադրված են ՀՀ կառավարության կայքում։ Պարբերաբար այցելելու ենք այն ձեռնարկությունները, որոնք աջակցություն են ստացել։ Այսօր եկել ենք այդ ձեռնարկություններից մեկը, տեսնելու, թե տրամադրված վարկային միջոցները ինչպես են ծախսվել։ Մենք հասել ենք մեր նպատակին. մեր ձեռնարկը հաջողվել է, քանի որ նոր աշխատատեղեր են ստեղծվել։ Մրցակցությունն այս ոլորտում նոր թափ է առնում, մանավանդ, որ որակյալ ապրանք է հայտնվում շուկայում։ Կարեւոր է , որ այս դրական ազդակները կարողանանք հաղորդել մեր հասարակությանը։ Իհարկե, փոքր եւ միջին բիզնեսի խնդիրը մշտապես գտնվելու է կառավարության ուշադրության կենտրոնում։ 2009 թ-ին կատարել ենք մեծածավալ աշխատանքներ, բայց դեռ բավարարված չենք արդյունքներով»։ Անդրադառնալով աշխատանքային խորհդակցությանը, Տիգրան Սարգսյանը կարեւորել է այն հանգամանքը, որ կաթնամթերք արտադրողները ցանկանում են ստեղծել ոլորտը վերահսկող մասնագիտացված հասարակական կազմակերպություն։ «Դա համախմբվածություն եւ ինքնահսկողություն կստեղծի, որը շատ ավելի ուժեղ է, քան, երբ այդ խնդիրը փորձում է կարգավորել պետությունը։ Մենք էլ պատրաստ ենք աջակցել նման հասարակական կազմակերպություններին, համագործակցել, նրանց կողմից տրված սերտիֆիկատները ճանաչել եւ տալ նրանց որոշակի կարգավիճակ, ինչը այդպիսի կազմակերպությունների դերակատարարությունը շուկայական կարգավորման գործընթացում կարող է էականորեն բարձրացնել»,- նշել է վարչապետը։






Facebook
Tweet This
Email This Post
