ՀՀԿ-ի թեկնածուները Արարատի 3 գյուղերում պարտություն կրեցին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 18, 2010 17:57

Կիրակի օրը Արարատի մարզի 10 գյուղերում անցկացված ընտրությունների նախնական արդյունքներով` 9 գյուղերում թեկնածուներ առաջադրած իշխող Հանրապետական կուսակցությունից գյուղապետ են դարձել 6-ը, առավել թվով ձայներ հավաքած թեկնածուներից 3-ը անկուսակցական են, իսկ 1-ը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջում տեղադրված արդյունքների, 2 գյուղերում` Հայանիստում եւ Սիսում, անկուսակցական թեկնածուները հաղթել են Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին: Սայաթ-Նովա գյուղում «Բարգավաճ Հայաստան»-ի ներկայացուցիչը Հանրապետական կուսակցության ներկայացուցչից 90 ձայնով ավելի արդյունքով է դարձել գյուղապետ:

10 գյուղերից 3-ում էր առաջադրվել մեկական թեկնածու, նրանցից 2-ը` Հանրապետական կուսակցությունից, 1-ը` անկուսակցական:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Տաթեւ Օհանյանը հայտնեց, որ ընտրախախտումների վերաբերյալ դիմում-բողոքներ չեն ստացվել:

Հայանիստում անկուսակցական Բալաբեկ Սարկիսյանը146-ով ավելի քվեներ ստացավ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, 22 տարվա գյուղապետ Գուրգեն Մարտիրոսյանից:

ԿԸՀ-ի կողմից նախնական արդյունքների հրապարակումից հետո Գուրգեն Մարտիրոսյանը ասաց. – «Իրեն շնորհավորելու եմ, եթե իմ կարիքը կզգացվի, իմ փորձը կցանկանա օգտագործել` խորհրդի կարգով, պատրաստ եմ օգնելու: Գյուղը չպիտի պառակտվի»:

Իսկ նախօրեին Հանրապետական կուսակցության թեկնածուն  վստահություն էր հայտնել, թե կհաղթի:

Ընտրությունների օրը Հայանիստում նկատելի էր մեծաթիվ ոստիկանների ներկայությունը` գործող գյուղապետը պարզաբանել էր. – «Քանի որ լարված է գյուղի մթնոլորտը, ոստիկանները կարգուկանոն են պահպանում, որ հանկարծ որեւիցե բան չլինի»:

22 տարի շարունակ գյուղապետի պաշտոնը զբաղեցրած Գուրգեն Մարտիրոսյանին ընդդիմացող հայանիստցիներից մեկը մանրամասնել էր լարվածության բուն պատճառը. – «Լարվածություն կա, որովհետեւ գյուղապետը 22 տարի այստեղ ոչ մի բան չարեց գյուղի համար, ուրիշ գյուղից մարդ է հավաքել, եկել մեր գյուղի վրա` դա ճի՞շտ է»

Դիտվել է 909 անգամ:
Print Friendly

Leave a Reply